Լրահոս
Օրվա լրահոսը

«Պետք է պատրաստ լինենք տոտալ ազգային պատերազմի». Արա Գասպարյան

Նոյեմբեր 19,2021 21:25

«Կարեւոր է հասկանալ, թե այս իշխանություններին հեռացնելուց հետո մենք ի՞նչ պետք է անենք: Սրանք խոստանում են խաղաղություն: Խաղաղության դիսկուրսը հայկական տարբեր հարթակներում շարունակվում է ծավալվել՝ այս կամ այն երանգով: Մենք պետք է իրատես լինենք եւ հասկանանք, որ մենք երբեւէ խաղաղություն չենք ունենալու՝ այս պայմաններում: Մեր հիմնական խնդիրը պետք է լինի իրավիճակի ճշգրիտ գնահատելը»,- այսօր կայացած հանրային լսումների ժամանակ ասաց «Ազգային օրակարգ» կուսակցության խորհրդի քարտուղար Արա Գասպարյանը: Նրա գնահատմամբ, մեզ սպասվում են շատ դժվար ժամանակներ եւ մենք պետք է պատրաստ լինենք «տոտալ ազգային պատերազմի», նախապատրաստել բնակչությանը՝ մարտական գործողությունների:

«Մեր կուսակցության կարծիքով, առաջին հերթին պետք է ձեւավորենք ազգայնական իշխանություն՝ ազգային պետություն կերտելու նպատակով: Սա շատ արագ պետք է արվի, հիմա դա պետք է սկսել»,- ասաց բանախոսը:

Հիշեցնենք, Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը եւ «Ի պաշտպանություն Արցախի հանրապետության» կազմկոմիտեն այսօր հանրային լսումներ էին կազմակերպել՝  «Արցախի եւ Սյունիքի հանձնումը Հայաստանի կործանումն է» թեմայով: Միջոցառման կազմակերպիչները գտնում են, որ Արցախի հիմնահարցի կարգավորման իրավական տարբերակն այլընտրանք չունի եւ Հայոց պետականության պահպանման եւ հզորացման գրավականը ազգային միասնությունն է: Հանրային լսումներն անցան այս երկու օրակարգային հարցերի շուրջ՝ Ազգային միասնության խորհուրդ ձեւավորելու տեսլականով:

Արա Գասպարյանի գնահատմամբ, խաղաղության օրակարգը մեզ դրսից է թելադրվում, ինչի արդյունքում մենք կորցնելու ենք Արցախը, Սյունիքը, գնալու ենք աստիճանական թուլացման եւ հայկական պետականության վերացման ճանապարհով, թեեւ ցուցանակը՝ ինչ-ինչ նպատակներից ելնելով, հնարավոր է պահպանվի: Այս իրավիճակում, նա կարեւորում է բանակի ռեֆորմը՝ սովետական մոդելից անցում ժամանակակից մոդելի. «44-օրյա պատերազմում կրել ենք կազմակերպված պարտություն, սա պարտվելու պատերազմ չէր: Իհարկե, մեր բանակում կային են խնդիրներ, ո՞ր բանակում չկան»:

Նրա գնահատմամբ, բանակի ռեֆորմները պետք է վերաբերվեն զինվորների մարտական պատրաստության խնդիրներից մինչեւ բանակի կառավարման մոդելների օպտիմալացման, հրամկազմի ճիշտ եւ արագ արձագանքման տարբեր իրավիճակներին, կրակային հնարավորությունների, տեխնոլոգիական հագեցվածության բարձրացման խնդիրներին: «Նրանք՝ ովքեր ուզում են պայքարել, նրանց օգնողներ լինելու են»,- ասում է Արա Գասպարյանը՝ կարեւորելով ՌԴ-ի հետ նոր ռազմատեխնիկական հարաբերությունների ձեւավորումը, Իրանի եւ Չինաստանի հետ հարաբերությունների սերտացումը: «30-ամյա անվտանգային համակարգը, որը մենք ձեւավորել էինք, չաշխատեց: Մենք այլեւս որեւէ արտաքին կենտրոնից պետք է կախված չլինենք: Մեր հույսը դնենք մեզ վրա»,- գտնում է Արա Գասպարյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

«Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի» համակարգող Մարիամ Ավագյանն էլ իր ելույթում, որ մեր ռազմաքաղաքական վերնախավը դեռ 1994 թվականից է եղել օտարի թելադրանքի տակ՝ համաձայնելով օրակարգերի, որոնք, ի վերջո, հանգեցրին այս իրավիճակին:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930