Կոտայքի մարզի Քասախ համայնքի բնակիչներն առավոտից բողոքի ցույց են անում ընդդեմ համայնքապետի նոր նշանակված ժամանակավոր պաշտոնակատար Արտակ Թովմասյանի։
Բնակիչներն ասում են՝ մարզպետը խտրական որոշում է կայացրել՝ ԺՊ նշանակելով Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամին:
Հիշեցնենք, որ Քասախ համայնքի ղեկավար Արա Մկրտչյանը կալանավորված է, նա Ազգային ժողովի ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի հայրն է։
Քասախի բնակիչներն այն կարծիքին են, որ նոր ԺՊ-ի նշանակումը օրենքի խախտումով է․ «Մարզպետը խախտել է ե՛ւ ընտրական օրենքը, ե՛ւ ՏԻՄ օրենքը, ոնց են վաղը տակից դուրս գալու»։
Կարդացեք նաև
Ցույցի տարածքում մեծ թվով ոստիկաններ են, նրանք փողոցում կանգնած ավտոմեքենայի վարորդին կոպիտ ձեւով՝ քշի, արա, քշի, ասելով, հորդորում էին ճանապարհը բացել: Ճանապարհը բացվեց, բայց համայնքապետարանի դուռն էր փակ, առավոտից այն կողպված էր, համայնքի ղեկավարի ԺՊ-ն ներս չէր կարողանում մտնել։ Ոստիկանները համայնքապետարանի դռան ճաղավանդակները կտրեցին, դուռը բացեցին, Արտակ Թովմասյանն էլ ներս մտավ։ Այդ ընթացքում ցույցի մասնակիցները վանկարկում էին՝ ամոթ, ամոթ, աթոռի մեռածներ։
Ցույցին մասնակցում են նաեւ գյուղապետարանի աշխատակիցները, եւ երբ Արտակ Թովմասյանը ներս մտավ, նրանցից մեկն ասաց․ «Ես հայտարարում եմ՝ եթե իմ ֆինանսական սենյակին կպնեն՝ ես հայտարարում եմ, որ իմ սենյակից բան է կորել, փորձվի մեկը մեր սենյակներին կպնեն։ Ոստիկանների ներկայությամբ հայտարարում եմ՝ ոչ մեկն իրավունք չունի մեր յուրաքանչյուրի սենյակը բացի, իմ անձնական իրերն էլ են այնտեղ: Հանցագործության մասին հաղորդում եմ տալիս՝ ապօրինաբար, ոչ աշխատանքային ժամին մտել են համայնքային սեփականության շենք, աշխատակազմի անունից ասում եմ՝ գրավել են պետական շենքը, իշխանազավթում են անում»։
Քասախ համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Արտակ Թովմասյանը News.am-ի լրագրողին ասել է՝ համայնքը համախմբված է, իսկ ցույցն ընդամենը շոու է։
Համայնքապետարանի աշխատակիցներին էլ ասում են՝ ինչո՞ւ են նոր պաշտոնակատար նշանակում, դեկտեմբերի հինգին ՏԻմ ընտրություններ են, թող սպասեին, ընտրություններում որոշվեր, թե ով է լինելու համայնքապետ․ «Համայնքի ղեկավարը արձակուրդում էր, մինչ արձակուրդից վերադառնալը պաշտոնակատար է նշանակվել Նարեկ Մկրտչյանը։ Երկու շաբաթում Նարեկն է եղել պաշտոնակատար եւ մեր աշխատանքն իդեալական արել ենք։ Ինչն է խանգարում, որ այդպես էլ շարունակվեր մինչեւ ընտրությունները»։
Ցույցն ավարտվեց ուշ երեկոյան, սակայն համայնքապետարանի աշխատակիցներից մեկը աշխատակազմի անունից հայտարարեց՝ գործադուլ են անելու մինչեւ դեկտեմբերի հինգը՝ ՏԻՄ ընտրությունների օրը։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ