Ներկայումս «Արարատ Արմենիա» ակումբը շարունակում է վստահորեն գլխավորել Հայաստանի ֆուտբոլի առաջնության մրցաշարային աղյուսակը, 7 միավորով գերազանցելով 2-րդ տեղը զբաղեցնող «Փյունիկին»:
Ինչի՞ շնորհիվ է դա հաջողվում եւ ո՞րն է այդ առաջընթացի գրավականը: Այդ հարցերը «Առագաստ» սրճարանում անցկացվող քննարկման ժամանակ դարձան Ֆուտբոլային գիտակների ակումբի (ՖԳԱ) ուշադրության կենտրոնում: Հանդիպման ընթացքում գիտակները անդրադարձան նաեւ Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ընտրական փուլում տեղի ունեցած ելույթներին:
«Չորս տարի առաջ «Արարատ Արմենիա» ակումբի մուտքը Հայաստանի ֆուտբոլի առաջնություն խթան հանդիսացավ, որպեսզի հանրապետության ֆուտբոլի ընդհանուր մակարդակը ավելի բարձրանա, այլ ակումբներ սկսեն բարելավվեն իրենց խաղի որակը, ավելանա ֆինանսների հոսքը այդ ասպարեզում», – հայտարարեց «Արարատ Արմենիա» ֆուտբոլային ակումբի գլխավոր տնօրեն, անվանի ֆուտբոլիստ Պողոս Գալստյանը:
Արարատ հիմնադրվել է Երևանում, 2017 թվականին, որպես «Ավանի Ակադեմիա ֆուտբոլային ակումբ»։ 2018 թվականին նախագծի կառավարումը ստանձնել է «Տաշիր» ընկերությունը և այն վերանվանվել է «Արարատ-Արմենիա Ֆուտբոլային Ակումբ»։ 2017-18թթ.-ին առաջին անգամ մասնակցելով հայաստանյան Առաջին խմբի առաջնությանը, թիմը զբաղեցրել է 3-րդ տեղը, ապահովելով իր մասնակցությունը բարձրագույն խմբի առաջնությունում։
Իսկ 2018-19թթ.-ին, առաջին անգամ մասնակցելով Հայաստանի ֆուտբոլի Բարձրագույն խմբի առաջնությանը, այն դարձավ Հայաստանի չեմպիոն, այդ նույն կոչումը նա նաեւ նվաճել է 2019-20 մրցաշրջանում: Թիմը դարձել է նաեւ Հակոբ Տոնոյանի անվան Սուպերգավաթի հաղթող եւ 2 անգամ դուրս է եկել Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆ փուլ՝ 2019/2020 և 2020/2021 մրցաշարերին։
Պողոս Գալստյանի խոսքով, այսպիսի հաջողություններին ակումբը հասավ ոչ միայն մարզչական շտաբի, ֆուտբոլիստների համատեղ ջանքերի, այլ նաեւ մշտական սելեկցիոն աշխատանքի շնորհիվ, որը անցկացնում է սպորտային տնօրեն Հակոբ Չալիկյանը:
Գլխավոր տնօրենը նշեց, որ բացի բարձրագույն խմբում հանդես եկող թիմից ակումբը ունի նաեւ առաջին լիգայում հանդես եկող «Արարատ-Արմենիա-2», աղջիկների, ֆուտզալի պրոֆեսիոնալ (2 անգամ դարձել են ֆուտզալի առաջնության փոխչեմպիոն) եւ 8 մանկապատանեկան թիմեր` տարբեր տարիքային խմբերում , որոնք վարձավճարով հանդես են գալիս «Ավանի Ակադեմիա» բազայի դաշտերում: Սակայն Գալստյանը կիսվեց, որ 1-1,5 տարվա ընթացքում ակումբը կունենա իր սեփական բազան՝ ակումբի ղեկավարությունը զբաղվում է այդ խնդրով, քանի որ ուզում է, որպեսզի թիմը ունենա երկար պատմություն: Ըստ նրա, ակումբն ունի կարճ, բայց հարուստ պատմություն, երիտասարդական հավաքականում ունի ներգրաված 6-8, պատանեկան հավաքականում՝ 6 հայ ֆուտբոլիստներ, մեծերի հավաքականում հրավիրված են հայ ֆուտբոլիստներից Տերտերյանը, Ավանեսյանը, Շաղոյանը եւ Հայաստանի քաղաքացիություն ընդունած Վբեյմար Անգուլոն: Ընդհանրապես թիմի ղեկավարությունը հատուկ ուշադրություն է դարձնում հայ ֆուտբոլիստների զարգացման վրա:
Մեր ֆուտբոլը կտրուկ առաջընթաց է ապրեց, երբ «Արարատ Արմենիա»-ն սկսեց մասնակցել հայկական առաջնությունում, ասեց «Ֆուտբոլ+» շաբաթաթերթի հիմնադիր, հայտնի ֆուտբոլային մեկնաբան Սուրեն Բաղդասարյանը: Նա ընդգծեց, որ իր համար անակնկալ չէր, որ ակումբը միանգամից դարձավ չեմպիոն, արագորեն ամրապնդվելով Հայաստանի առաջնության ավանգարդում, քանի որ թիմը Ռուսաստանում արդեն ունեցավ հաջողություն, գրավելով առաջին տեղը երրորդ լիգայում եւ նվաճելով իրավունք մասնակցել ռուսական երկրորդ լիգայի խաղերին: Այնուամենայնիվ Բաղդասարյանը վստահ է, որ «Արարատ Արմենիա» ակումբը չպետք է բավարարվի միայն եվրոգավաթներում փլեյ օֆ դուրս գալով, այլ անհրաժեշտ է դուրս գա խմբային փուլ եւ այնտեղ ունենա հաջողություններ: «Մեր ֆուտբոլի պատիվը բարձր պահելու գրավականը՝ դա հաջող ելույթներն են եվրոպական մրցաշարերում», – նշեց նա: Բաղդասարյանը հույս հայտնեց, որ ակումբի սեփականատեր Սամվել Կարապետյանը կհամալրի թիմը բարձրակարգ ֆուտբոլիստներով, որպեսզի այն պատվով հանդես գա եվրոգավաթներում: «Մեր ֆուտբոլը պետք է մրցունակ լինի եվրոպական ասպարեզում, միայն այդկերպ կարող ենք ունենալ ուժեղ հավաքական», – հավելեց ֆուտբոլի գիտակը:
«Շատ լուրջ ակումբ է հայտնվել հայկական ֆուտբոլի երկնակամարում»,- խոսելով «Արարատ Արմենիա» ակումբի մասին, ասեց սպորտային հայտնի մեկնաբան Սլավա Սարգսյանը: Նա վստահ է, որ եթե ակումբի սեփականատեր Կարապետյանը մտել է ֆուտբոլ, նշանակում է, որ նա չի բավարարվի միջակությամբ եւ կստեղծի թիմ, որը կպայքարի ավելի բարձր տեղերի համար: Իսկ դրա համար թիմը ունի բոլոր նախադրյալները, կան լավ աշխատողներ Պողոս Գալստյանի գլխավորությամբ, որոնք ի վիճակի են բարձ մակարդակով կատարել ակումբի առաջ դրված խնդիրները եւ ընտրել ինչպես մարզիչ, այնպես էլ ֆուտբոլիստներ, որպեսզի հասնել հաջողությունների: Այնուամենայնիվ, Սարգսյանը հույս հայտնեց, որ ՀՖՖ կկրճատի լեգիոներների մասնակցությունը թիմերում եւ հնարավորություն կտա հայ ֆուտբոլիստների քանակը ավելացնել, որպեսզի նրանք խաղային փորձ ունենան, իսկ «Արարատ Արմենիա» ակումբն էլ կհրավիրի ակումբ ավելի քիչ, բայց որակյալ լեգիոներներ, ինչը ավելի կմեծացնի այդ թիմի երկրպագուների բանակը:
«Ֆուտբոլ+» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Աշոտ Մարտիրոսյանի կարծիքով, «Արարատ Արմենիա» թիմի հայկական առաջնություն գալը մեր ֆուտբոլում բարձրացրեց «ստավկեքը», եւ որակյալ լեգիոներներ հրավիրելը ստիպեց այլ թիմերին էլ որակյալ լեգիոներներ բերել: Նրա խոսքերով, ներկայումս այդ ակումբի կազմում խաղում են լեգիոներներ, որոնք ներգրավված են իրենց ազգային ՝ Մոլդովայի, Քենիայի, Բուրկինա Ֆասոյի հավաքականներում: Անցած տարվա համեմատական անհաջող 5-րդ տեղը նա բացատրեց մարզչական հաճախակի փոփոխություններով: Մարտիրոսյանը նաեւ մտահոգություն հայտնեց, որ ակումբում լեգիոներների թիվն է շատ, սակայն վստահ է, որ հայ ֆուտբոլիստները կսկսեն ավելի մեծ ներգրավվածություն ունենալ թիմում:
Հակոբ Չալիկյանի խոսքով, ակումբը աշխատում է բարձորակ ֆուտբոլիստներ բերել, ինչը կարող է լավ օրինակ ծառայել երիտասարդ հայ ֆուտբոլիստների համար: Սակայն ոչ բոլոր արտասահմանյան ֆուտբոլիստներն են համաձայնվում գալ Հայաստան, քանի որ շատերը սովոր են խաղալ մարդաշատ մարզադահլիճներում, ինչը հեռու է հայ իրականության հետ: Այդ իսկ պատճառով, ըստ ակումբի մարզական տնօրենի, աշխատանք է գնում ավելի շատ գովազդել Հայաստանը: Նա վստահեցրեց, որ հաջորդ տարի «Արարատ Արմենիա»-ն ամեն ինչ կանի, որպեսզի մտնի եվրոգագաթներում խմբային փուլ եւ հավուր պատշաճի հանդես գա այնտեղ:
Ֆուտբոլային մեկնաբան Մենուա Մեհրաբյանի կարծիքով, «Արարատ Արմենիա»-ն ճիշտ տրանսֆերային աշխատանք է տանում եւ ի տարբերություն այլ ակումբների ավելորդ տրանսֆերներ չի կատարում: Նրա խոսքով, այդ թիմում չի նկատվում երեւույթներ, երբ կարճ ժամանակում գան եւ նորից հեռանան լեգիոներները: Նրա խոսքով, «Արարատ Արմենիան» իր կարգով միանշանակ տարբերվում է այլ ակումբներից: Մեհրաբյանը գտնում է, որ ակումբն դժվար թե բաց թողնի չեմպիոն դառնալու հնարավորությունը եւ ի տարբերություն այլ հայկական ակումբների ի զորու է ավելի հաջող հանդես գալ եվրոգավաթների մրցաշարում:
Անդրադառնալով Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ընտրական փուլի արդյունքներին ՖԳԱ-ի հիմնադիր Տիգրան Հովհաննիսյան նշեց, որ երկրպագուների կողմից ներկայումս բարձրացել է դժգոհության ալիք հավաքականի ելույթներից, շատերը բողոքում են, որ մեր ընտրանին անհաջող հանդես եկավ վերջին խաղերում եւ չկարողացավ դուրս գալ աշխարհի առաջնություն, սակայն եթե նայենք հավաքած միավորներին եւ համեմատենք նախկին սովետական հանրապետությունների ցույց տված արդյունքներին հետ, ապա ստացվում է, որ Հայաստանը ընտրական փուլում իր հավաքած միավորներով Ռուսաստանից հետո (որն ունի 22 միավոր) Ուկրաինայի հետ միասին կիսում է 2-3 տեղերը, հավաքելով 12 միավոր, ինչն այդքան էլ վատ արդյունք չի: Իսկ եթե համեմատենք անցած տարիների ելույթներին, ապա դա շատ լավ արդյունք է: Իսկ մինչեւ վերջին փուլը Հայաստանը նույնիսկ տեսականորեն հնարավորություն ուներ գրավել 2-րդ տեղը եւ մասնակցեր անցումային խաղերին: Սակայն հիասթափեցնում այն, որ թիմը ունենալով հնարավորություն դուրս գալ երկրորդ տեղ եւ նվաճել անցումային խաղերի իրավունքը, բաց թողեց այդ շանսը:
Սարգսյանի կարծիքով հավաքականի մեկնարկը ընտրական փուլում հաջող ստացվեց, քանի որ ունեինք նոր մարզիչ, նոր խաղացողներ եւ ինչ-որ տեղ էլ սպորտային բախտը որոշ խաղերում ժպտաց մեզ: Սակայն, երբ Հայաստանը առաջին 3 խաղերում տոնեց հաղթանակներ եւ գլխավորեց աղյուսակը, խմբի բոլոր թիմերը սկսեցին լուրջ պատրաստվել եւ լավ ուսումնասիրել հայկական թիմի խաղը: Արդյունքը եղավ այն, որ մեր հավաքականը չկարողացավ լուրջ դիմադրություն ցույց տալ: Իսկ Լիխտենշտեյնի հետ խաղում նույնիսկ թերագնահատեց այդ թիմին, ինչը բերեց ցավալի ոչ ոքիին եւ միավորների կորստին: Այդ իսկ պատճառով սպորտային մեկնաբանը հավաքականի առաջին մասի ելույթները գնահատեց, որպես հաջող, իսկ երկրորդ մասի՝ որպես անհաջող:
Սուրեն Բաղդասարյանի խոսքերով, հավաքականի մեկնարկային երեք հաղթանակները պատճառ դարձան, որպեսզի մեր ֆուտբոլասերները երազախաբ լինեն: Ըստ նրա, եթե մանրակրկիտ ուսումնասիրել խաղերի ընդհանուր արդյունքը, ապա միայն Իսլանդիայի հետ տնային խաղում հայ ֆուտբոլիստները լավ խաղացին, իսկ մնացածում այդ խաղամակարդակը չկար: «Անկեղծորեն, ես հենց սկզբում էլ չէի հավատում, որ մեր հավաքականը կարող է գրավել խմբում 2-րդ տեղը», – ավելացրեց նա: Մասնագետը նշեց, որ վերջին երկու խաղերում Հյուսիսային Մակեդոնիայի եւ Գերմանիայի հետ բաց թողած գոլերի մեծամասնությունը հայ ֆուտբոլիստների կոպիտ սխալների հետեւանք են: Նա գտնում է, որ խոր վերլուծության դեպքում համոզվում ես, որ մեր ընտրանին այն խաղամակարդակը չունի, որը կբավարարի եվրոպական չափանիշներին: Ըստ նրա, հայ ֆուտբոլիստները, վիճակագրության համաձայն, փոխանցումների ճշգրտությամբ էլ զիջում էին մրցակիցներին: «Այս ֆուտբոլիստները փոքրուց չեն անցել լավ ֆուտբոլային դպրոցը, որը ժամանակին անցել էին լեգենդար «Արարատի» ֆուտբոլիստները: Նույնիսկ չի լինում համեմատել այս թիմը այն կազմի հետ, որը կար մարզիչ Վարդան Մինասյանի ժամանակ: Այս 12 միավորը, որը հավաքել է մեր ընտրանին, իր հնարավորությունների առաստաղն է», – արտահայտեց իր կարծիքը Բաղդասարյանը:
Մարտիրոսյանը գտնում է, որ այս խաղով Հայաստանի հավաքականը անելու բան չուներ աշխարհի առաջնությունում: Ըստ նրա, «մենք խաղացինք տրվելով բախտի քմահաճույքին եւ ի վերջո արդյունքը եղավ անմխիթար, իսկ մրցակիցները լավ ուսումնասիրեցին հայկական թիմի աչքի ընկած ֆուտբոլիստների խաղն եւ նրանց վերջին հանդիպումներում չեզոքացրեցին, օրինակ՝ Տիգրան Բարսեղյանին, ով դարձել էլ առաջին հանդիպումների իսկական առաջատարը, բայց հետագայում նա համարյա չեր երեւում դաշտում»:
Պողոս Գալստյանի կարծիքով, Հայաստանի հավաքականը առավելագույնը ցույց տվեց այս ընտրական խաղերում, հավաքելով 12 միավոր եւ կատարելով աշխատանք, սակայն խնդիրը պետք է լուծել գլոբալ առումով: «Մենք չենք կարող բոլոր հանդիպումները անցկացնենք կյանքի գնով: Ֆուտբոլում այդպես չի լինում, որ խաղացողը խաղա առավելագույն հնարավորությունների սահմաններում: Երբ ֆիզիկական հնարավորությունները չեն ներում, պետք է խաղալ վարպետության շնորհիվ, ինչը հայ ֆուտբոլիստների մոտ բացակայում է», – գտնում է նա: Գալստյանի համոզմամբ, անհրաժեշտ է մանկապատանեկան ֆուտբոլից սկսել աշխատանքը ֆուտբոլիստների հետ, որպեսզի ունենանք հավաքականում Մխիթարյանի նման 7-8 ֆուտբոլիստներ եւ միայն այդ դեպքում Հայաստանը կարող է հասնել հաջողության:
Տիգրան Հովհաննիսյան