Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը եւ «Ի պաշտպանություն Արցախի հանրապետության» կազմկոմիտեն այսօր հանրային լսումներ էր կազմակերպել՝ «Արցախի եւ Սյունիքի հանձնումը Հայաստանի կործանումն է» թեմայով:
Միջոցառման կազմակերպիչները գտնում են, որ Արցախի հիմնահարցի կարգավորման իրավական տարբերակն այլընտրանք չունի եւ Հայոց պետականության պահպանման եւ հզորացման գրավականը ազգային միասնությունն է: Հանրային լսումներն անցան այս երկու օրակարգային հարցերի շուրջ:
Ամիսներ առաջ ՀԴԿ-ն դիմել էր խորհրդարանին՝ ներկայացնելով նախագիծ, որով առաջարկվում է ճանաչել Լեռնային Ղարաբաղի հանրապետության ձեւավորման օրինականությունն ու լեգիտիմությունը: Այսօր Արամ Սարգսյանը տեղեկացրեց, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի օգնականից նամակ են ստացել. վերջինս տեղեկացրել է, որ առաջարկն ուղարկվել է իշխող ՔՊ խմբակցությանը՝ հարցի նպատակահարմարությունը քննելու համար:
Կարդացեք նաև
Արամ Սարգսյանի դիտարկմամբ՝ օր-օրի կորցնում ենք մեր ինքնությունը, պետությունը, հայրենիքը, իշխանությունը շարունակում է պառակտել ազգին եւ ճամփեզրին կանգնած «բարեկենդանի» հեքիաթն է իրագործում՝ աջ ու ձախ «յուղուբրինձ»՝ մեր տարածքները բաժանելով ու անհասկանալի է, թե ինչի՞ դիմաց: «Մենք ունենք մի իշխանություն, որ չի կարողանում կառավարել երկիրը»,- ասաց նա՝ հավելելով, որ պետք է փաստել եւ մտածել, թե ինչպե՞ս ենք, իբրեւ ազգ, շարունակելու գոյատեւել: ՀԴԿ-ի պատկերացումը՝ Ազգային միասնության խորհրդի ձեւավորումն է, քանզի ստեղծված իրավիճակում անթույլատրելի է սպասելը կամ նոր փրկիչներ ձեւավորելը: Նա ուշադրություն է հրավիրում վեց թուրքական պետությունների միավորմանը, որը աշխարհագրական միավորման համար մեկ ճանապարհ ունի՝ Հայաստանը: Արամ Սարգսյանը ոչ պակաս ուշագրավ է համարում օրերս հրապարակված թուրքական աշխարհի քարտեզը, որը նաեւ մեր պետության շահերին է առնչվում: Նա հայտարարում է, որ այլոց ապավինելն անմտություն է, եթե մենք մեզ չենք պաշտպանում:
Մանրամասները՝ տեսանյութում
Բանախոսի դիտարկմամբ, Նիկոլ Փաշինյանի եւ նրա գլխավորած իշխանության հրաժարականի պահանջը աներկբա է, բայց եթե անգամ իմանանք, որ այսօր իշխանությունները հրաժարական են տալիս, պետք է մեր հաջորդ քայլերը պատկերացնենք եւ անիրատես կլինենք, եթե դարձյալ փողոցով որեւէ մեկին բերենք իշխանության: Իր համոզմամբ, Հայաստանում պետք է իշխանության գան ազգային արժեքներ եւ դավանանք կրող ուժեր՝ Հայաստանից, Սփյուռքից, Արցախից:
Մանրամասները՝ տեսանյութում
Արամ Սարգսյանը նաեւ տեղեկացրեց, որ երկու ամիս առաջ նաեւ դիմել են խորհրդարանական ընդդիմադիր խմբակցություններին՝ ստեղծված իրավիճակի վերաբերյալ լսումներ կազմակերպելու եւ միասնական հայտարարությամբ հանդես գալու, որը հիմք կդառնա երկրում իրավիճակ փոխելու համար:
ՀԴԿ փոխնախագահ Նարինե Դիլբարյանն էլ ընթերցեց առաջարկվող բանաձեւի տեքստը, որը վերաբերվում է Ազգային միասնության խորհրդի ձեւավորմանը: Խորհրդի կազմում լինելու են ՀՀ-ի, Արցախի եւ Սփյուռքի համահայկական կառույցների, քաղաքական եւ հասարակական կառույցների, հոգեւոր դասի ներկայացուցիչներ, անվանի գործիչներ, առաջնային նպատակն է լինելու համահայկական համաժողով հրավիրելը, որի ժամանակ կքննարկվեն առաջնահերթ համազգային խնդիրները եւ կմշակվի դրանց լուծման միասնական գործողությունների ծրագիր:
«Ազգային միասնությամբ մենք կհաստատենք՝ կա Հայաստան, որպես համայն հայության հայրենիք, կա ինքնիշխան Արցախ, կա հայի ինքնությունը պահպանող Սփյուռք»,- ասված է բանաձեւում:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ