Լրահոս
Օրվա լրահոսը

Դատարանը մերժեց «Նիկոլ Փաշինյանն ընդդեմ Զարուհի Փոստանջյանի» գործով Նաիրի Հոխիկյանին որպես վկա դատարան հրավիրել

Նոյեմբեր 19,2021 18:19

«Նիկոլ Փաշինյանն ընդդեմ Զարուհի Փոստանջյանի» հայցով դատական նիստում այսօր ապացույցներ թույլատրելու եւ ապացույցներ պահանջելու վերաբերյալ պատասխանող կողմի միջնորդությունները քննվեցին։

Հիշեցնենք, որ այս հայցով վարչապետ Նիկոլ Փաշինյանը Զարուհի Փոստանջյանից պահանջում է հերքել տեսագրության ձեւաչափով իր հարցազրույցում ասվածը, որը համարում է զրպարտություն։ «․․․ես կատարել եմ արտահայտություններ Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ, որով նրան մեղադրել եմ հողեր հանձնելու գործարք անելու վերաբերյալ գումարներ ստանալու, գործակալ լինելու մեջ, և որ նրան նախորդ իշխանություններն են բերել, մտցրել խորհրդարան։ Հայտնում եմ, որ դա չի համապատասխանում իրականությանը և ես զրպարտել եմ պարոն Փաշինյանին»,-որպես պահանջ ասված է Փաշինյանի հայցադիմումի մեջ։

Ինչպես այսօր Aravot.am-ի հետ զրույցում ասաց պատասխանող կողմի՝ «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ, փաստաբան Զարուհի Փոստանջյանի շահերի ներկայացուցիչ Հայկ Ալումյանը (լուսանկարում)՝ իրենց միջնորդությունները, բացի մեկից, դատարանը բավարարել է․ «Իսկ մերժված միջնորդությունը վերաբերում է Նաիրի Հոխիկյանին որպես վկա դատարան հրավիրելուն։ Եթե կհիշեք, Նաիրի Հոխիկյանը որոշակի հայտարարություններ էր արել, իր եւ Ալեքսանդր Լապշինի խոսակցության ձայնագրությունն էր հրապարակել։ Այն, ինչ ասել է Նաիրի Հոխիկյանը, այս դատավարության ընթացքում բավականին մեծ նշանակություն կարող է ունենալ։ Բայց դատարանը մերժեց նրան որպես վկա հրավիրելու միջնորդությունը՝ գտնելով, որ նրա ցուցմունքներն այս գործով չեն կարող որեւէ ապացուցողական նշանակություն ունենալ։ Դատավարության ընթացքը դա ցույց կտա։ Ես պատրաստվում եմ դատաքննության ավարտական փուլում եւս մեկ անգամ պնդել այս միջնորդությունը»։

Հայկ Ալումյանը նաեւ շեշտեց՝ այս դատական նիստը չի տեսագրվում ԶԼՄ-ների կողմից, որովհետեւ հայցվոր կողմն է առարկել։

https://www.youtube.com/watch?v=B6sOwPMPZUw&ab_channel=AravotDaily

Հիշեցնենք՝ նախորդ նիստում Զարուհի Փոստանջյանը մեզ հետ զրույցում ասել էր․ «Ինչ ես ասել եմ, դա հիմնավորվում է ոչ միայն նրանով, որ ես մեջբերել եմ հենց Նիկոլ Փաշինյանի խոսքերը իր գրքից, այլ նաեւ տարբեր աղբյուրներ կան, որ դա նույնպես պնդում են»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930