«Կին ազատամարտիկների միության» նախագահ, գնդապետ Աիդա Սերոբյանը այսօր խոսեց Հայաստանի արեւելյան շփման գծում թշնամու սադրած մարտական գործողությունների, դրա հետ կապված իրողությունների մասին:
«Այս իրավիճակը ինձ ոչ միայն զայրացնում, այլեւ զարմացնում է: Անկեղծ եմ ասում, ես չեմ հասկանում, թե ինչ է կատարվում սահմանին կանգնած մեր զինծառայողների հետ: Նույնիսկ 90-ականներին, երբ մենք պարտիզանական ջոկատներով էինք կռվում, Հայաստանն էլ, Արցախն էլ բանակ չունեին, մենք էլ զինվորականներ չէինք, հասարակ մարդիկ էինք, որ հայրենասեր լինելով ընդգրկվում էինք ջոկատներ ու գնում պաշտպանելու հայրենիքը, այսպիսի բան չկար: Մեր ժամանակ զենք չկար, զինամթերք չկար, սնունդ չկար, փամփուշտ չկար: Բայց այսպիսի հուսալքվածություն ես նույնիսկ պարտիզանական ջոկատների ժամանակ չեմ տեսել:
Զարմանում եմ, ինքնաձիգը ձեռքին կանգնած զինվորները տեսնում են, որ թուրքը գալիս է ու չեն կրակում», -զայրացած է գնդապետ Աիդա Սերոբյանը, որն այդպես էլ չունի հարցի պատասխանը, թե վերջին տարիներին ինչու են ջանում կոտրել բանակի մարտունակությունը, ովքեր են նրանց չկրակելու հրաման տված սպաները եւ ով է ավելի վերեւից այդ սպաներին հրամայել, որ հրամայեն չկրակել:
«Ընդդիմադիրների մեջ մենք ունենք շատ լավ զինվորականներ: Օրինակ, Սեյրան Օհանյանը, ում հետ միասին դեռ պարտիզանական ջոկատներում ենք կռվել: Նա Շուշիի ազատագրմանն է մասնակցել, եղել է Արցախի պաշտպանության բանակի հրամանատարը, Հայաստանի պաշտպանության նախարարը: Հիմա պիտի համախմբվենք, մի բռունցք դառնանք: Պատմության խորքերից գիտենք, որ երբ ազգը համախմբված է եղել, մենք միշտ հաղթել ենք: Խելագարվում եմ: Արցախյան առաջին պատերազմի չորս տարում մենք 7000 զոհ ենք ունեցել: 44 օրվա պատերազմում 5000 զոհ տվեցինք: Հասկանալի է, որ հիմա այլ որակի պատերազմ է, բայց պետք էր մի նոր մշակված լիներ: Անիմաստ զոհեր շատ եղան: Շատ անկազմակերպ է: Ու այս ամենի համար ոչ մեկը պատասխանատվություն չի կրել: Հայաստանը տորթի նման մաս-մաս, կտոր-կտոր է լինում»,-ասաց Աիդա Սերոբյանը:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ