Լրահոս
Օրվա լրահոսը

«Քաղաքական փոքրաթիվ թիմը հեղափոխությունն իր սրտով դարձրեց, հեղափոխությունը մոնոպոլիզացվեց»․ քաղաքագետ Արմեն Գրիգորյան

Նոյեմբեր 19,2021 17:49

«Թավշյա հեղափոխության ընթացքը մեծապես պայմանավորված էր քաղաքացիական հասարակության կազմակերպությունների եւ ակտիվիստների՝ նախկին տարիների գործունեությամբ։ Այդ մարդկանցից շատերը ներդրում ունեցան, մի մասը հայտնվեցին նոր խորհրդարանի եւ կառավարության կազմում»,-«Հայաստանում Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի» կազմակերպած առցանց քննարկման ժամանակ այսօր ասաց քաղաքագետ Արմեն Գրիգորյանը՝ ներկայացնելով հիմնադրամի դրամաշնորհային ծրագրի միջոցով իրականացված իր հետազոտության արդյունքները՝ «Հայաստանում քաղաքացիական հասարակության դերը ժողովրդավարական կոնսոլիդացման համատեքստում» խորագրով։

Քաղաքագետ Արմեն Գրիգորյանը

Քաղաքագետի այս հետազոտությունը շոշափում է վերջին երեք տարում հնչող կարծիքներն այն մասին, որ 2018թ․-ի իշխանափոխությունից հետո քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների՝ կառավարման մարմիններում հայտնվելը կարող էր վնասել ժողովրդավարական գործընթացներին։

Հեղինակը նախ շեշտեց, որ դեռեւս 2018թ․-ի ընտրություններից առաջ կարծիք կար, որ քաղաքացիական հասարակության դեմոբիլիզացիա կլինի, որ քաղաքացիական սեկտորից շատերը միացել էին կամ միանալու էին կառավարությանը․ «Ընտրություններից հետո այլ հետազոտողներ եւս ասացին, որ այլ երկրների փորձը հաշվի առնելով՝ պետական ծառայության անցնելը կարող է հանգեցնել նրան, որ քաղհասարակությունը պակաս հնարավորություններ կունենա կառավարության գործունեությունը վերահսկելու համար։ Սա Մեծ Բրիտանիայում աշխատող Արմինե Իշխանյանն էր դեռեւս զգուշացնում։ Արդեն դրանից ոչ շատ ժամանակ անց շատերն են նշել, որ բարեփոխումների ոչ այնքան արագ ընթացքն առաջացնում է քաղհասարակության դժգոհությունը, թեեւ սպասում էին, որ ընթացքը թափ կհավաքի, կառավարության հաշվետվողականությունն ավելի տեսանելի, արդյունավետ կլինի։ Սակայն, մասնավորապես անդրադառնալով նախապատերազմյան գործընթացներին՝ նշեմ, որ քաղհասարակության բավարարվածություն այդպես էլ տեղի չունեցավ։ Օրինակ՝ մեծ դժգոհություն էր առաջացրել ՍԴ նոր դատավորների նշանակումը, նոր սահմանադրության ընդունումը հետաձգելը, դատական բարեփոխումների ընթացքը կամ դրա բացակայությունը։

2019թ․ դեկտեմբերին վարչապետն ասել էր, որ բյուրոկրատական ապարատը խանգարում է բարեփոխումներին․ հռետորաբանությունից ելնելով՝ կարելի էր հասկանալ, որ մեծ տեղափոխություններ կլինեն այդ ապարատում, սակայն կրկին գրեթե ոչինչ չեղավ։ Ընթացքում անջրպետ էր առաջանում քաղհասարակության միջեւ, որն անմիջապես հեղափոխությունից հետո կողմ էր կառավարությանը։ Որոշ պաշտոնյաներ անգամ դժգոհում էին, որ իրենց հանդեպ քննադատություն կա, որ իրենցից սպասումներ կան։ Քաղաքական փոքրաթիվ թիմը հեղափոխությունն իրենց սրտով դարձրեց, հեղափոխությունը մոնոպոլիզացվեց՝ «մենք ենք արել»․․․դա քաղհասարակությունից շատերին հիասթափեցրեց։

Քաղհասարակության այն անդամների հանդեպ, որոնք արդեն կառավարությունում էին, հիասթափություն եղավ։ Հենց ՍԴ դատավորների նշանակումից օրեր առաջ հետաքրքիր նկատառումներ էին տեղ գտել ԵՄ նախկին դեսպան Պյոտր Սվիտալսկիի գրքում։ Նա, անդրադառնալով բարեփոխումների ընթացքին եւ քաղհասարակության բավարարված չլինելուն՝ հիշատակում է դատական համակարգը, իրավապահ մարմինների բարեփոխման ընթացքը, սիմվոլիկ փոփոխությունները։ Նա ասում է, որ քաղհասարակության եւ փորձագետներից շատերի համար իշխող ուժի բարեփոխումների հանդեպ մոտեցումը նմանվում է օրենքի սահմաններում չափավոր առաջադիմության։ Վերջին արտահայտությունը որպես սարկազմ է օգտագործվում։

Հենց կառավարությունը ձեւավորվեց, չկար տրամաբանություն, որ գործընթացները պետք է փոխվեին արմատապես։ Ժողովրդավարության շարունակականացման առումով մեջբերեմ գերմանացի փորձագետների կարծիքը, որը նախկին ԽՍՀՄ երկրների անցումային շրջանի համատեքստում էր, բայց կարող է հիմա կիրառվել Արեւելյան գործընկերության երկրների վերաբերյալ՝ քաղաքական կախվածություն ունեցողները կամ չունեցողները պետք է կարողանան մոբիլիզացվել հանուն բարեփոխումներին օժանդակելու․ առանց դրա ինստիտուցիոնալ մակարդակում բարեփոխումներն անհնար են անգամ բարեփոխական հռետորաբանությամբ իշխանության եկած ուժի դեպքում»։

Արմեն Գրիգորյանը նշեց, որ 2020թ․-ի հետպատերազմյան շրջանում քաղհասարակությունը ստիպված եղավ նպաստել, որ կառավարության անտեղի քայլերն ուղղվեն․ «Համավարակի սկսվելուց հետո էլ քաղհասարակությունն էր ապատեղեկատվության դեմ պայքարի զգալի մասն իրականացնում։ Հանրության իրազեկման զգալի մասը եւս քաղհասարակությունը վերցրեց իր վրա, հանդես եկավ պոտենցիալ վտանգավոր քայլերի դեմ հայտարարություններով, օրինակ՝ խոսքի ազատության դեմ սահմանափակումների վերաբերյալ, երբ գրառումներ անողների հետեւից գնում էր ոստիկանությունը։ Անգամ Հանրային հեռուստաընկերությունը ստիպված էր ինչ-որ կոնտենտ հեռացնել կայքից։ Կարճ ժամանակում քաղհասարակությունը կարողացավ փոխել իրավիճակը»։

Քաղաքագետի բնորոշմամբ՝ պատերազմից հետո քաղհասարակությունը փորձեց առաջարկներ անել բնակչության առանձին խմբերին օգնություն տրամադրելու, արտաքին քաղաքականություն ձեւավորելու տեսանկյուններից․ «Մի քանի տասնյակ քաղհասարակության կազմակերպություններ եւ փորձագետներ նախորդ տարի կառավարությանն առաջարկում էին հումանիտար խնդիրների լուծման ուղղությամբ համատեղ աշխատել՝ օգտագործելով այլ կառույցների փորձագիտական ունակություններն այդ թվում արտաքին քաղաքականության դաշտում։ Ընդգծվում էր անհրաժեշտությունը, որ դատական համակարգի բարեփոխումները պետք է արագացել, միջոցներ ձեռնարկել բռնության կոչերի վերաբերյալ, քայլեր անել։ Այս տարվա հունվարին էլ հակաճգնաժամային գործողությունների լայնածավալ առաջարկներ եղան՝ ներառելով, այդ թվում պատերազմի մասնակիցների, տուժած քաղաքացիների հոգեբանական վերականգնման ծառայությունները։ Դարձյալ շեշտվեց հաշվետվողականության անհրաժեշտությունը, հանրության հետ հաղորդակցության բարելավման անհրաժեշտությունը։ Մինչեւ այժմ էլ առաջարկները շարունակվում են։ Սահմանային միջադեպերի առիթով առաջարկվել է դիմել ՄԱԿ-ին եւ ԵԱՀԿ-ին։ Կառավարությունից ռեակցիան փոքր է։ Վերջին առաջարկը օրերս էր՝ դիմել ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ․․․

Ընտրական օրենսգրքի փոփոխություններն այս ամռանը կատարվեցին հապճեպորեն, բայց պարզ համամասնական համակարգին անցնելը դրական է գնահատվում, քանի որ նախկին ընտրական համակարգը կարող էր ավելի խճճել ընտրողներին, քաղաքական ուժերի համար բարդություններ ստեղծել եւ ուժեղացնել կախվածությունները տեղային խմբավորումներից»։

Դառնալով կարծիքին, որ քաղհասարակության ներգրավումը կառավարման համակարգում կարող է հանգեցնել հասարակական դեմոբիլիզացիային, Արմեն Գրիգորյանը հայտնեց, որ քաղհասարակության ներկայացուցիչների կարծիքները տարբեր են․ «Հայտնի գործիչներից մեկը կարծում է, որ դա մեծ նշանակություն չունի, որովհետեւ կատարվածը բնական էվոլյուցիա էր, մարդկանց մի մասն ուղղակի այլ աշխատանքի էր անցել, եւ նոր կադրեր էին եկել քաղհասարակություն, հասունացրել միտքը։ Ըստ նրա՝ դա բնական է, թեեւ հաշվետվողականության առումով գուցե խնդիրներ առաջացան։ Քաղհասարակության մեկ այլ ներկայացուցիչ, որը կարճ ժամանակ եղել է իշխանության մեջ եւ վերադարձել քաղհասարակության սեկտոր, գտնում է, որ դա քաղհասարակության համար հետքայլ է եղել, որովհետեւ կար ժամանակ, երբ քննադատական մոտեցումը թուլացել էր, իսկ իշխանությունն այնքան էլ տրամադրված չէր հետադարձ կապը պահպանելուն եւ քննադատության արժանանալուն, ավելորդ անհարմարություն զգալուն»։

Հեղինակը նաեւ ասաց, որ այս տարի քաղհասարակության մոտ վերապահումներ եղան որոշ ընդդիմադիր քաղաքական կառույցների հանդեպ․ «Դա մասնակիորեն կարող էր որոշ մտավախություններ առաջացնել։ Հետընտրական շրջանում իշխանության որոշ գործողություններ նույնպես առաջացնում են մտավախություններ՝ խոսքի ազատության սահմանափակումների, վիրավորանքի քրեականացման, տուգանքների առումով։ Լրագրողական կազմակերպությունները քննադատում են սա։ Նման օրենքների հեղինակներն իրենց նախկին գործընկերների կողմից քննադատության են արժանացել, որովհետեւ գրեթե ամբողջ մասնագիտական գործունեությունը մինչեւ 2018թ․-ը քաղհասարակությունում են անցկացրել։ Կարծում եմ՝ որոշ երեւույթների դեմ, ինչպիսիք են խոսքի ազատության սահմանափակում պարունակող գործողությունները, քաղհասարակությունը պետք է սահմանափակ հանդուրժողականություն դրսեւորի եւ իր դերը կատարի որպես իրավունքների պաշտպանության նպատակաուղղվածություն։ Այլ երեւույթներ էլ կան, որոնք իշխանության գործողությունների հանդեպ քաղհասարակության դժգոհությունն են առաջացնում։ Դատական բարեփոխումների եւ այլ ոլորտների առնչությամբ թեեւ հիմա էլ կան սպասումներ, բայց քաղհասարակությունը ստիպված է հանդես գալ քննադատությամբ, պայքարել բացասական երեւույթների դեմ, որոնք կարող են բավականին վտանգավոր դառնալ եւ ծավալվել։ Միաժամանակ, չիրագործված փորձագիտական ներուժը քաղհասարակությունը փորձում է ուղղել քաղաքականության բացերին, միջազգային կառույցներին՝ սահմանային միջադեպերի առիթով։ Այսպես հնարավոր է փորձել բալանսավորել գործադիրի աշխատանքի այն բացթողումները, որոնք կապված են արտաքին քաղաքականությունից կամ այլ պատճառներից, որոնցից ելնելով՝ կառավարությունը ձեռնպահ է մնում որոշ քայլերից։ Քաղհասարակության որոշ կառույցներ փորձում են ներքեւից ճնշում բանեցնել, որ այս կամ այն գործողությունը կատարվի, թեեւ պաշտոնյաների կողմից անհրաժեշտություն չի դրսեւորվում, կամ սահմանափակումների ազդեցության տակ գտնվելն է ակնհայտ դառնում»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Գլխավոր լուսանկարը՝ Նարեկ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻ/Hetq.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930