Լրահոս
Օրվա լրահոսը

Լարիսա Ալավերդյան. «Այն, ինչ հիմա կատարվում է, հետեւողական, իրար հետ կապված շարունակական քայլերի իրականացում է, որը կոչվում է ցեղասպանական ծրագրերի իրականացում»

Նոյեմբեր 19,2021 17:07

Ի՞նչ է կատարվում Հայաստանի ներսում եւ սահմաններին: Լարված իրավիճակ, նոր զոհեր, նոր գերիներ, նոր անհետ կորածներ եւ տարածքների նոր կորուստ: Սրանք իրադարձություններ են, որ տրամաբանության մեջ ընդհանրապես չեն տեղավորվում:

«Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ ղեկավար Լարիսա Ալավերդյանի համոզմամբ այս ամենը ոչ միայն անտրամաբանական, այլեւ հրեշավոր է միայն նորմալ, առողջ բանականության տեր մարդկանց համար: «Հիմա ես իմ պարտքն եմ կատարում արդեն ամիսներ շարունակ՝ ասելու համար, որ ամեն ինչը այն գաղափարախոսության ներքո, որի կրողն են այս իշխանությունը, այս թիմը, տրամաբանական է: Ամեն անգամ ասում եմ, որ պետք չի զարմանալ՝ ասելով հերթական դրվագ, հերթական սադրանք: Դա շատ հետեւողական, իրար հետ կապված շարունակական քայլերի իրականացում է, որը կոչվում է ցեղասպանական ծրագրերի իրականացում:

Շատերը կհարցնեն, թե որտե՞ղ է ցեղասպանությունը: Բացատրեմ. ցեղասպանության արգելքի մասին կոնվենցիայի 2-րդ հոդվածում գրված է, թե ինչն է համարվում ցեղասպանություն: Սպանությունը բոլորը գիտեն: Բայց այդ հոդվածի 3-րդ ենթակետը ասում է. այնպիսի պայմանների ստեղծում, որը հնարավոր չի դարձնում մարդկային ինչ-որ մի խմբի այդտեղ ապրելը: Հիմա որեւէ մեկը ինձ կապացուցի՞, որ դա չի իրականացվում ամենատարբեր ձեւերով՝ կրակել են, սպանել են, գերի են վերցրել, սպառնում են եւ այլն: Այս ամենը հատվածական կարող է թվալ միայն այն մարդկանց համար, որոնք ազնիվ մտածելակերպ ունեն, ում համար հրեշավոր է պատկերացնել, որ քո երկրի իշխանությունը կարող է ամբողջովին իրականացնել թուրք-ադրբեջանական ռազմավարական նպատակը սպասարկող ծրագրերը, այն է՝ հայերի ցեղասպանությունը, որը չի ավարտվել 1915-1923 թվականներին, ավարտել այս դարում:

Ես չարախոսությամբ չէ, որ զբաղվում եմ: Եթե ես համոզված չլինեի, որ դուրս ենք գալու այս վիճակից եւ չիմանայի՝ ինչպես, այսքանը չէի ասի: Այո, մենք դուրս ենք գալու: Ուղղակի մտածեք, թե ինչ գին ենք տալու այս վիճակից դուրս գալու համար, եթե հապաղում ենք: Մինչեւ այսօր դեռ կոչեր կան, որ եկեք բոլորս իշխանության հետ միասին կարողանանք դիմադրել: Ո՞ւմ: Ես հստակ, առանց փաստաթղթեր ունենալու, դատելով միայն արդյունքներով՝ հստակ ասում եմ. այս իշխանությունը դեռ որեւէ մի այլ քայլ չի արել, քան սպասարկել թուրք-ադրբեջանական ցեղասպանական ծրագրերը»,-հայտարարեց նախկին ՄԻՊ-ը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930