Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ալերգիա ունեցողներն ունե՞ն պատվաստվելու հակացուցումներ. Պարզաբանում է բժիշկ-ալերգոլոգը

Նոյեմբեր 19,2021 16:57

Թիրախային բնակչության առնվազն 70 տոկոսը պետք է պատվաստված լինի, որ վարակելիության տեմպը ինչ-որ չափով դանդաղի: Այսօր այս մասին ասաց ալերգոլոգ-իմունոլոգ Սեւան Իրիցանը՝ «Արմենպրես»-ի սրահում տեղի ունեցած ասուլիսում:

Ներկա դրությամբ Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 1 միլիոն մարդ, որից միայն 300 հազարն է, որ ստացել է նաեւ երկրորդ դեղաչափը: Ի դեպ, 1 միլիոն պատվաստվածների թվում են նաեւ օտարերկրյա քաղաքացիները:

Սեւան Իրիցյան

Ըստ Սեւան Իրիցյանի, այս ցուցանիշները բավականին ցածր են, որպեսզի վարակի շղթան կոտրվի:

«Շատ անգամ գործընթացը դանդաղում է բնակչության մեջ եղած այն կարծիքի պատճառով, որ, եթե մարդն ունի որեւէ ալերգիկ հիվանդություն, ապա չի կարող պատվաստվել»,-ասաց ԵՊԲՀ ալերգոլոգիայի եւ իմունոլոգիայի ամբիոնի վարիչ, Հերացի համալսարանական հիվանդանոցի ալերգոլոգիայի եւ իմունոլոգիայի կլինիկայի ղեկավար Արմինե Հակոբյանը՝ անդրադառնալով ալերգիկ հիվանդությունների հակացուցումներին:

Արմինե Հակոբյան

Արմինե Հակոբյանի խոսքով, բավականին մեծ է այն մարդկանց տոկոսը, որոնք դիմում են ալերգոլոգներին՝ նշելով, որ իրենք ունեն պատվաստման հակացուցում եւ այդ մասին բժիշկը տեղեկանք տա. «Մենք ունենք ԱՀԿ-ի կողմից առաջարկվող հակացուցումների եւ ցուցումների վերաբերյալ գործելակարգ եւ, որպես բացարձակ հակացուցում առաջանում է միայն առաջին դեղաչափից հետո զարգացած ալերգիկ ռեակցիան, որը հաջորդ դեղաչափի համար կարող է լինել հակացուցում»:

Բայց, ըստ Արմինե Հակոբյանի, այստեղ էլ կան լուծումներ. մասնագետներն առաջարկում են այդ դեպքում փոխել պատվաստանյութի տեսակը, եթե նախորդից առաջացել է ալերգիկ ռեակցիա:

Նրա խոսքով, իրենց բուժառուներից բազմաթիվ մարդիկ ունեն տարբեր ալերգիաներ, սակայն պատվաստվել են եւ որեւէ խնդիր չի առաջացել:

Կան բուժառուներ էլ, որոնք վախենում են պատվաստվել, որովհետեւ բավականին շատ խեղաթյուրող եւ ոչ ճշգրիտ տեղեկատվություն են ստանում:

Դիտարկմանը՝ հենց առաջնային բուժօգնության օղակում են քաղաքացիներին հորդորում պատվաստվելուց առաջ հակաալերգիկ դեղամիջոցներ խմել կամ, եթե ալերգիա ունեն՝ չպատվաստվել, Սեւան Իրիցանը պատասխանեց՝ հավանաբար պատասխանատվությունից խուսափելու համար են այդպես վարվում:

Հարցին՝ կարո՞ղ են քաղաքացիները կամ քրոնիկ հիվանդները պատվաստվելուց առաջ հետազոտվել՝ նոր միայն պատվաստվել, Արմինե Հակոբյանը պատասխանեց, որ ամբողջ աշխարհում նման պրակտիկա չկա. «Նախապես ալերգոհետազոտումների կարիք ընդհանարապես չկա, որովհետեւ, եթե բուժառուն նախկինում չի ունեցել որեւէ ռեակցիա, ուրեմն՝ նա կարիք չունի հետազոտման, իսկ եթե նույնիսկ ունեցել է ալերգիկ ռեակցիա՝ դա կապ չունի ներկա պատվաստանյութի հետ, որովհետեւ ներկա պատվաստանյութի բաղադրիչները գրեթե նոր են: Իհարկե, կան բաղադրիչներ, որոնք հանդիպում են նաեւ այլ պատվաստանյութերի, այլ դեղամիջոցների մեջ, բայց ամբողջ աշխարհում նախօրոք հետազոտման պրակտիկա չկա»:

Ըստ նրա, արյունը նոսրացնող կամ ջերմիջեցնող դեղամիջոցները բոլորովին ավելորդ են եւ անիմաստ են եւ կարող են խանգարել պատվաստանյութի ազդեցությանը:

Բժիշկ Հակոբյանն ասաց, որ պատվաստում չի կարելի անել ցանկացած հիվանդության սուր փուլում: Նա նաեւ ասաց, որ չկան նախընտրելի պատվաստանյութեր եւ բոլորից էլ կարող է զարգանալ ալերգիկ ռեակցիա:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930