Նոյեմբերի 19-ը Երեխաների հանդեպ բռնության կանխարգելման միջազգային օրն է
Ողջ աշխարհում նոյեմբերի 19-ը և 20-ը նշվում են որպես երեխաներին բռնություններից պաշտպանելու և նրանց իրավունքների իրացումն ապահովելու օրեր։ Երեխաներին բռնություններից զերծ պահելը պետության և հասարակական ինստիտուտների կարևորագույն խնդիրներից է։
Թեպետ Հայաստանում այս թեմայով վերջին լայնածավալ հետազոտությունն արվել է 2016թ․-ին, համաձայն որի մեր երկրում 1-14 տարեկան տասը երեխայից յոթը ենթարկվում են ֆիզիկական կամ հոգեբանական բռնության, այսօր էլ խնդիրն իր արդիականությունը չի կորցրել։
Մտահոգիչ է նաև երեխաների շրջանում «բուլինգ»-ի (հալածանք) ցուցանիշները դեռահասների շրջանում։ Հայաստանի 6 մարզերի մի շարք համայնքներում Վորլդ Վիժնի կողմից 2019 թ․-ին իրականացված հարցումների արդյունքում պարզվել է, որ 12-18 տարեկան երեխաների 8.7%-ը վերջին մեկ տարվա ընթացքում բուլինգի է ենթարկվել, ընդ որում՝ դա ավելի հաճախ եղել է հենց դպրոցում։ Խոցելի ընտանիքներում ապրող երեխաների շրջանում բուլինգն ավելի տարածված է՝ նրանց 12,5%-ն է դառնում բուլինգի զոհ։
Կարդացեք նաև
Երեխաներին բռնություններից պաշտպանելու նպատակով Հայաստանում իրականացվող ծրագրերի և հնարավոր համակարգային լուծումներ մշակելու վերաբերյալ զրուցել ենք Վորլդ Վիժն Հայաստանի՝ երեխաների առողջության և զարգացման հարցերով փորձագետ Կարինե Աբելյանի հետ։
Վորլդ Վիժնը տարիներ շարունակ զբաղվում է Հայաստանում երեխաների իրավունքների պաշտպանությամբ և բռնությունների դեմ պայքարով՝ կիրառելով միջազգային պրակտիկայում մշակված ժամանակակից մեթոդաբանություն և մեխանիզմներ։
«Երեխաներին բռնություններից պաշտպանելու համար նախ պետք է նրանց սովորեցնել ճանաչել և համապատասխան ձևով արձագանքել բռնությանը՝ կլինի դա մեծահասակի կողմից կիրառվող ֆիզիկական կամ հոգեբանական բռնություն, թե հասակակիցների կողմից իրականացվող բուլինգ։ Հայաստանի 6 մարզերում և Երևանում գործող Վորլդ Վիժնի «Նավակ» երեխայի և ընտանիքի զարգացման կենտրոններում մեր սոցիալական աշխատողները, հոգեբաններն ու մանկավարժները հետևողական ուսուցողական աշխատանք են տանում երեխաների հետ այն մասին, թե ինչ է բռնությունը և ինչպես պետք է պայքարել դրա դեմ»,- ասում է Կարինե Աբելյանը։
Տիկին Աբելյանը նշում է, որ երեխայի հանդեպ կիրառվող բռնությունը զգալի ազդեցություն է թողնում նրա հետագա կյանքի վրա․ «Բռնության հետևանքների վերաբերյալ բազմաթիվ հետազոտություններ կան․ որքան փոքր է երեխան՝ այնքան ծանր են բռնության հետևանքները։ Վաղ տարիքի երեխայի մոտ կարող է խաթարվել հուզական աշխարհի, խոսքի զարգացումը, քնի, սնուցման խանգարումներ կարող են լինել և այլն։ Բռնության ենթարկված երեխաները հասուն տարիքում ավելի հաճախ են ալկոհոլի և թմրանյութի նկատմամբ հակվածություն ունենում, նրանց մոտ հաճախ է դեպրեսիա ախտորոշվում։ Բռնության ենթարկված երեխաները հաճախ իրենք են բռնարարներ դառնում, իսկ երբեմն էլ շարունակաբար զոհի կարգավիճակում են հայտնվում»,- ասում է նա։
Կարինե Աբելյանի խոսքով՝ երեխաների բռնության կանխարգելման գործընթացում անպայման պետք է ներգրավված լինի ծնողը․ «Վորլդ Վիժնի «Նավակ» կենտրոններում մենք այդ խնդիրը լուծում ենք դրական ծնողավարության դասընթացների միջոցով, որոնց ընթացքում մեր մասնագետները ծնողներին օգնում են ճանաչել երեխայի տարիքային առանձնահատկությունները, ճիշտ արձագանքել երեխայի վարքին և կարողանալ կառավարել այն՝ առանց բռնություն կիրառելու։ Ծնողների հետ քննարկվում է նաև սեփական վարքը և հույզերը կառավարելու կարևորությունը, ուսուցանվում են կոնկրետ հնարքներ։ Մեր կենտրոնների հոգեբանները անհատական աշխատանք են իրականացնում ագրեսիվ վարք դրսևորող երեխաների և նրանց ծնողների հետ», – նշում է Աբելյանը։
Խոսելով բռնության տեսակների մասին՝ փորձագետն առանձնահատուկ շեշտում է բռնության՝ բուլինգ կոչվող տեսակը։ Բուլինգը մեկ անձի կամ անձանց խմբի կողմից այլ անձի հանդեպ իրականացվող պարբերական հետապնդումն է՝ ֆիզիկական և/կամ հոգեբանական բռնաճնշումների կիրառմամբ։
Բուլինգի դեմ պայքարելու նպատակով այս տարվա հոկտեմբերից Վորլդ Վիժն Հայաստանը ՀՀ ԿԳՄՍ նախարարության հետ համատեղ սկսել է «Անվտանգ և բարենպաստ միջավայր դպրոցներում» պիլոտային ծրագիրը 7 մարզային դպրոցներում։
«Ծրագրի առանձնահատկությունն այն է, որ դրանում ներգրավված են լինելու ոչ միայն դպրոցը, երեխաներն ու նրանց ծնողները, այլև համայնքի այլ կառույցներ՝ ոստիկանությունը, համայնքապետարանը, մշակույթի կենտրոնները և այլն։ Ծրագիրն ուղղված է համայնքային միջավայրում բուլինգ երևույթի նվազեցմանը»,- ընդգծում է Կ․ Աբելյանը։
Հավելենք, որ «Անվտանգ և բարենպաստ միջավայր դպրոցներում» պիլոտային ծրագիրն իրականացվելու է ողջ ուսումնական տարվա ընթացքում, իսկ ամփոփիչ արդյունքները ներկայացվելու են ԿԳՄՍ նախարարությանը։
Վորլդ Վիժն Հայաստան