Լրահոս
Օրվա լրահոսը

«Երեք տարի է՝ հանձում են, դեռ հանձնելու բան կա». Արթուր Ղազինյան

Նոյեմբեր 19,2021 16:36

«Սովորաբար ուժեղ պետություններն ու լուրջ առաջնորդներն արտաքին թշնամու կերպար են ձեւավորում եւ այդ արտաքին թշնամու դեմ ներսում ձեւավորում են ներքին կոնսոլիդացիա՝ համազգային, համաժողովրդական, քանի որ գիտեն՝ կա արտաքին թշնամի եւ պետք է այդ առումով միասնական լինել: Իսկ այս իշխանությունը, հակառակ ընդունված կանոնի՝ թշնամիներ ձեւավորեց ներսում»,- «Հայելի» ակումբում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը:

«Հասարակական ամբողջ էներգետիկան ուղղվեց ներքին թշնամու դեմ, եւ պատահական չէր, որ այդ թշնամու կերպարները ձեւավորվեցին Արցախյան ազատամարտի հաղթանակներ կերտած մարդկանց պարագայում: Առաջինն այս իշխանության եւ օտարերկրյա գործակալական ցանցի թիրախում հայտնվեց գեներալ Մանվել Գրիգորյանը: Գաղտնիք բացած չեմ լինի, եթե ասեմ, որ գեներալից սարսափում էին ադրբեջանցիները: Միայն նրա անունը, հայտնվելն ինչ-որ տեղ հոգեբանական շատ լուրջ սթրես էին առաջացնում ադրբեջանցիների մոտ, լեգենդներ պատմում նրա մասին… Նա, իհարկե, ուներ քաղաքացիական կյանքում թույլ տված սխալներ, բայց դրանք ուղղակի զրոյացվում են այն ամենի առջեւ, ինչ նա ունեցել է հայկական պետականության կերտման գործում…

Ցավոք, մենք ատեցինք մեր հերոսներին… Ատելությունը տարածվեց Ռոբերտ Քոչարյանի, պաշտպանության նախկին նախարարների ու բոլոր այն զինվորականների նկատմամբ, որոնք կերտել էին հայկական պետականությունը եւ հայկական արժանապատվությունը: Ուղղակի հիշենք, թե ինչպիսի պետություն էինք 2018թ. ապրիլից առաջ եւ հիմա»,-հավելեց Արթուր Ղազինյանը:

ԱԺ պատգամավորը շեշտեց. «Երեք տարի է հանձնում են, դեռ հանձնելու բան կա, պատկերացրեք՝ ինչքան ուժեղ, մեծ ու վախենալու ենք եղել, որ հազիվ գտել են արջին (նկատի ունի Հայաստանը-Գ.Հ.) ընկած վիճակում, եւ ամեն մեկը դանակը վերցրել ու հասել է արջի վրա…Իսկ մինչ այդ որեւէ մեկը չէր կարող իր մտքի ծայրով անցկացնել, որ Հայաստանի հետ կարող է այլ կերպ խոսել: Եթե 2020 թ. սեպտեմբերի 25-ին ունենայինք հավասարակշռված ազգային իշխանություն՝ պետական շահի վրա գործող, նույնիսկ 44-օրյա պատերազմը կկանգներ վեցերորդ օրը, ինչպես տեղի ունեցավ Ապրիլյանի ժամանակ»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930