Լրահոս
Օրվա լրահոսը

Աշխատանքի տոնավաճառ Գյումրիում․ աղբատարի վարորդներ ու սանմաքրման բանվորներ չեն ճարվում

Նոյեմբեր 19,2021 16:26

Այսօր Գյումրու Երիտասարդական պալատում Եվրամիության ֆինանսավորմամբ՝ «Մարդը կարիքի մեջ» հասարակական կազմակերպության ու «Ադամյան և ընկերներ» աշխատանքի տեղավորման կադրային կենտրոնի նախաձեռնությամբ բացվեց աշխատանքի տոնավաճառ։

Տարածքը փոքր էր․ տոնավաճառին թեև ներկա էին 25 գործատուներ, սակայն «Ադամյան և ընկերներ» աշխատանքի տեղավորման կադրային կենտրոնի ղեկավար Ամալյա Ադամյանի տեղեկացմամբ, իրականում 127 գործատուներ են ներկայացված։ Նրանք առաջարկում են 650-ից ավել թափուր աշխատատեղեր, ինչպես նաև 119 սպասվող աշխատատեղեր։

 

Տաղավարներում ներկայացված էին Գյումրու սելեկցիոն կայարանի, Ամասիայի բրդի ու պանրի գործարանների, Գյումրու տեքստիլ արդյունաբերությամբ զբաղվող ձեռնարկությունների արտադրանքը, արհեստագործական տարբեր քոլեջների ուսանողների ձեռքի աշխատանքները։

Սխալված կլինենք, եթե ասենք, որ տոնավաճառին աշխատանք փնտրող բազմաթիվ մարդիկ էին մասնակցում։ Նախորդ տարիներին, երբ տոնավաճառը մեծ մասամբ կազմակերպվում էր Գյումրու թատրոնի շենքի ներսում կամ բակում, որտեղ տարածքը բավականաչափ մեծ է, Գյումրու գրեթե կեսն այնտեղ էր։

Իհարկե, այս դեպքում էլ Երիտասարդական պալատի դահլիճը լեցուն էր, սակայն այս անգամ ավելի շատ երիտասարդներով, ուսանողներով։

Պարզվեց, որ ծրագիրը կրում է «Անցում կրթությունից աշխատաշուկա» խորագիրը։

Ամալյա Ադամյանն իր ելույթում պարզաբանեց, որ այս տոնավաճառն աննախադեպ է նրանով, որ մի տիրույթում հավաքել են ինչպես գործատուների, այնպես էլ պետական ուսումնական հաստատությունների ուսանողներ։ Նպատակն այն է, որ նրանք հանդիպեն, կարիքները գնահատեն և սկսեն համագործակցել։

«Մարդը կարիքի մեջ» հայաստանյան կազմակերպության ղեկավար Վարդուհի Դադունցն էլ նշեց, որ «Անցում կրթությունից աշխատաշուկա» անվանումն արդեն իսկ հուշում է,որ նպատակը կրթությունից սահուն կերպով աշխատաշուկա մտնելն է։

Նա ասաց, որ այս ծրագրի շրջանակում կատարել են Շիրակի մարզի տեքստիլ և ագրո ոլորտներում աշխատաշուկայի պահանջների վերլուծություն, որի հիման վրա էլ 8 մասնագիտությունների համար մշակել են ուսումնական ծրագրեր։ Մոտ 13 հոգի կարողացել են մասնագիտանալ «Մարդը կարիքի մեջ» կազմակերպության համար գործընկեր հանդիսացող ուսումնական հաստատություններում։

Վարդուհի Դադունցի հայտնած տվյալներով, դասընթացներից անմիջապես հետո 10-ը գտել են աշխատանք այն գործատուների մոտ, որոնց մոտ պրակտիկա են անցել։ Ըստ նրա, այսօր տոնավաճառի ընթացքում 8 հոգի ևս կկնքեն աշխատանքային պայմանագրեր։

Մենք շրջելով տաղավարներով ու զրուցելով գործատուների հետ՝ պարզեցինք, որ մարզում կա գյուղատնտեսների, անասնաբույժների, պանրագործների կարիք, իսկ Գյումրու քաղաքապետարանի կոմունալ բաժնում՝ մեծ թվով աղբատար մեքենաների վարորդների ու սանմաքրման աշխատանքներ իրականացնող բանվորների։

Գյումրու «Սելեկցիոն կայան» ՓԲԸ-ի փոխտնօրենը մեր զրույցում ասաց, որ միշտ էլ մասնակցում են տոնավաճառների։

«Երիտասարդ կադրերի ենք փնտրում, ովքեր կարող են գալ և անցնել մեր մոտ աշխատանքի։ Մեր աշխատանքը կապված է հողի, գիտության հետ, գյուղատնտեսությունը ռազմավարական մեծ նշանակություն ունի հանրապետության համար, և մենք չենք ուզում այս ոլորտը թուլանա, պիտի երիտասարդացնենք։

Մշակում ենք վեց տեսակի ցորեն, հատիկաընդեղեն, հատապտուղներ, խոտաբույսեր, բանջարեղեն, ջերմոց ունենք, որտեղ լոլիկ ենք մշակում, գյուղատնտեսությանն ինչ անհրաժեշտ է՝ ունենք։ Եթե ունենանք լավ կադրեր, ավելի կընդլայնենք, իրացման խնդիր բացարձակ չունենք, իրացնում ենք հանրապետությունով մեկ, մեր սերմերը՝ էլիտային ու սուպերէլիտային մեծ պահանջարկ ունեն հանրապետության գյուղատնտեսության մեջ», -ասաց մեր զրուցակիցը։

Նա նաև ասաց, որ բուծում են կովկասյան գորշ ցեղի անասուններ, ունեն լավ անասնաբույժների կարիք։

Ամասիայի պանրի գործարանի արտադրության պետ Մանուկյան Սերգեյն էլ ասաց, որ պանրագործների են փնտրում, լավ պանրագործների պակաս կա։ Ցանկություն ունեն գործարանի արտադրությունն ընդլայնելու, նաև կաթնամթերք արտադրելու, հետևաբար և մասնագետներ են պետք։ 12 տեսակի պանիր են արտադրում, նրանք ևս իրացման խնդիր չունեն։

Լուրջ խնդիր է Գյումրիում աղբատար մեքենաների վարորդներ ու սանմաքրման բանվորներ գտնելը։ Գյումրու կոմունալ բաժնում տևական ժամանակ է՝ հայտարարություն են տալիս, արձագանքող չկա, պատասխանատուները չեն հերքում, որ պատճառը ցածր աշխատավարձն է, դրույքաչափը 98 հազար դրամ է՝ ներառյալ հարկերը։

Ըստ պաշտոնական տեղեկատվության, Շիրակի մարզում շարունակում է բարձր մնալ գործազուրկ կանանց թիվը, որը կազմում է գործազուրկների թվի մոտ 70 տոկոսը։

2021 թվականի օգոստոս ամսվա դրությամբ էլ Շիրակի մարզում գրանցված աշխատանք փնտրողների թիվը կազմում է 17489, որը նախորդ նույն ժամանակահատվածի հետ համեմատ աճել է 3,6 տոկոսով (16877 մարդ)։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930