Վերջին շրջանում իշխանության ներկայացուցիչներն ու անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաճախ են օգտագործում Չայզամի ոչ հայերեն անվանումը եւ ասում, որ այն իբր ըստ խորհրդային քարտեզների՝ Հայաստանի տարածքից դուրս է եղել: ԽՍՀՄ տարիների ժողտնտեսության ինստիտուտի քարտեզագրության բաժնի վարիչ, «Նահապետ» հրատարակչության տնօրեն, լուսանկարիչ ՍԵն Հովհաննիսյանը հղում անելով խորհրդային, այդ թվում՝ ռազմական, գաղտնի գրիֆով քարտեզներին՝ հակառակն է պնդում:
«Եթե վերցնենք Չայզամիի պատմությունը, ապա պետք է նշենք, որ Ելիզավետապոլի նահանգի Զանգեզուրի գավառում գյուղ է եղել՝ Գորիսի ոստիկանական շրջանում: Այդտեղ եղել է փայտամշակման գործարանին կից ավան, որը Գորիսի շրջանի կազմում էր: Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման քարտեզում, որը Դեմիրճյանի պատվերով է տպագրվել Մինսկում, Չայզամին ամբողջովին եղել է Հայաստանի տարածքում… Չայզամի կոչվող անտառամշակման ավանում ընդամենը մի քանի տուն է եղել, որտեղ բանվորներ են ապրել, դա գյուղ չի եղել: Տարածքը աշխարհագրական անվան հետ են կապում, բայց դա բնակավայր չի եղել, այլ ինչպես արդեն նշեցի՝ Գորիսի շրջանում փայտամշակման գործարանին կից փոքրիկ ավան էր: Չայզամի ասողները թող վերցնեն Հայաստանի վարչատարածքային բաժանման ցանկացած քարտեզ ու նայեն»,-ասում է ԽՍՀՄ տարիների ժողտնտեսության ինստիտուտի քարտեզագրության բաժնի վարիչը:
Նա տարակուսած է. «Ես չգիտեմ, թե հիմա այդ ինչ քարտեզների են հղում անում, երբ Խորհրդային տարիների ցանկացած քարտեզում՝ թե ռազմական, թե այլ՝ դա Հայաստանի տարածքում է եղել: Ընդ որում, ոչ մի քարտեզում Չայզամի չկա նշված»:
Սեն Հովհաննիսյանը նաեւ հավելում է, որ ՀՀ նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի պաշտոնավարման տարիներին՝ 1995թ Չայզամին մտել է Գորիսի շրջանի Շուռնուխ գյուղի մեջ:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ