«Թշնամու ախորժակը բացվել է, կանգ չի առնում: Մտադիր է զոռբայությամբ շարունակել Պուտին-Լավրով պլանի իրագործումը, այն է` սողացող ագրեսիայի, որոշ դեպքերում՝ պատերազմական բացահայտ գործողությունների միջոցով արդեն Արցախն օտարելուց հետո՝ օտարել նաև Սյունիքը և ՀՀ-ին պարտադրել Զանգեզուրի միջանցք»,- ՀՀ Պաշտպանության նախարարության մոտ տեղի ունեցած Ազգային-ժողովրդավարական Բևեռի (ԱԺԲ) նախաձեռնությամբ կազմակերպված շտապ հավաքի ընթացքում հայտարարեց ԱԺԲ խորհրդի անդամ Վահե Գասպարյանը:
Նրա հավաստիացմամբ՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր հայտարարություններում օգտագործում է միջանցք եզրույթը:
Ըստ Վահե Գասպարյանի՝ ԽՍՀՄ սահմանների մասին խոսելը դավաճանության, հանցավորության նշան է. «Այդ բառերի համար շուտով պատասխան են տալու բոլորը: ՀՀ սահմանները որոշված են և անցնում են Ակնայի շրջանում Գարդմանքով՝ տարածվելով մինչև Տրապիզոն, Բիթլիս և Էրզրում: Հիմա գործ ունենք այն տարածքի հետ, որը վերահսկվում է դեռևս ՀՀ զինված ուժերի և բնակչության կողմից և այդ շրջաններում վիճակը լարված է, և բնակչությունն իրավունք ունի ինքնապաշտպանության դիմել»:
Նա ՀՀ ՊՆ պաշտոնյաներին հորդորեց կազմակերպել բնակչության ինքնակազմակերպումը: Դիմելով ՀՀ ՊՆ նորանշանակ նախարար Սուրեն Պապիկյանին՝ Վահե Գասպարյանն ասաց. «ՀՀ ՊՆ նախարարը, որն ըստ Ալեն Սիմոնյանի՝ ՀՀ-ի պատմության լավագույն նախարարներից պիտի լինի, դեռևս ունի հնարավորություն իր քայլերով դա ապացուցել»:
Կարդացեք նաև
Խոսելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունների մասին, թե առ այսօր եղել է սահմանագծման երեք առաջարկ, Վահե Գասպարյանն ասաց. «Մենք թքած ունենք այս առաջարկների վրա, քանի որ դրանց տարբերությունն ընդամենը 20, 30 թե 70-ականների քարտեզների տարբերությունն է՝ Ստալինի, թե Բրեժնևի գծած տարբերությունը: Փաշինյանը պիտի ականջին օղ անի, որ ՀՀ սահմանները որոշվել են, հաստատվել Ազգերի լիգայի կողմից՝ վիլսոնյան իրավարար վճռով: Նիկոլ Փաշինյանն ու իր թայֆան պիտի ականջներին օղ անեն, որ ՀՀ դաշնակիցները չեն ճանաչել ու չեն ճանաչում այսպես կոչված խորհրդային սահմանները: Խելքներդ գլուխներդ հավաքեք: Մեկ անգամ ևս ասում ենք՝ դուք շատ եք, իսկ Զվարթնոց օդանավակայանի թռիչքուղին մեկն է ընդամենը»:
Վահե Գասպարյանը նաև տեղեկացրեց՝ Բևեռը նոյեմբերի 27-ին՝ ժամը 15.00-ին Ազատության հրապարակում հավաք կիրականացնի:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուսանկարը՝ ԱԺԲ ֆեյսբուքյան էջից