«Կարելի է կռահել, որ հայ-ադրբեջանական պետական սահմանի ամբողջական փաթեթով սահմանագծում-սահմանազատումը չի համապատասխանում հակառակորդ զույգի շահերին: Նրանք ուզում են միմյանց կապող ավտոմոբիլային ճանապարհ Սյունիքի սրտում եւ հենց հիմա»,-Առավոտի զրուցակիցն է ԱԺ նախկին փոխնախագահ, Ղազախստանում Հայաստանի նախկին դեսպան Արա Սահակյանը:
– Ադրբեջանի հետ ռազմական առճակատման վերջը չի երեւում: Ադրբեջանն արդեն մի քանի տասնյակ քառ./կմ տարածք է զավթել Հայաստանից: Այդուհանդերձ Նիկոլ Փաշինյանը կրկին հաստատեց, որ պատրաստ է ստորագրել սահմանագծման-սահմանազատման փաստաթուղթ: Ի՞նչ կատարվեց, որ շարունակ խաղաղությունից խոսող քաղաքական ուժը հերթական պատերազմը բերեց` մեր պետականությանն ու տարածքային ամբողջականությանն սպառնացող վտանգներով:
– Պատահեց այն, որ հետեւողականորեն թուլացրած ու պարտված մեր երկրի հետ հաղթողները խոսում եւ գործում են ուժի դիրքից: Կարելի է կռահել, որ հայ-ադրբեջանական պետական սահմանի ամբողջական փաթեթով սահմանագծում-սահմանազատումը չի համապատասխանում հակառակորդ զույգի շահերին: Նրանք ուզում են միմյանց կապող ավտոմոբիլային ճանապարհ Սյունիքի սրտում եւ հենց հիմա: Որքան կկարողանան մերոնք դիմադրել, կախված է բազմաթիվ գործոններից` հայկական բանակ, դաշնակիցներ, միջազգային ճնշումներ…
– Այո, միջազգային հանրությունից զուսպ եւ կրավորական արձագանքներ եղան, համենայնդեպս չկար Ադրբեջանին դատապարտող հայտարարություն ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժելու կապակցությամբ:
– Ավելի խորքային շարժեր են տեղի ունենում մեր տարածաշրջանում եւ շուրջ բոլորը: Մեծերի շահերն են բախվում կամ մեծերը որոշել են ուժերը չափել այնտեղ, որտեղ խաչվում են ածխաջրածնային էներգետիկ պաշարների, դրանց փոխադրման խողովակաշարերի, թյուրքալեզու պետությունների միավորման, Ռուսաստանի եւ Իրանի ինքնուրույնության ձգտումների եւ շատ այլ վեկտորներ: Մեր գոյությունը կրկին դառնում է մեծ քաղաքականության օրակարգի մի աննշան կետ` հայկական հարց: Երբեմն մտմտում եմ, գուցե դեռեւս ուժեղ, բայց խորտակման սարսափի մեջ ապրող Եվրոպան Հայկական բարձրավանդակը դիտում է որպես «ջերմացող» Երկրի վրա բնակության ապահով վայր, ինչպես համաշխարհային ջրհեղեղից հետո եղավ: Գուցե տափաստանի ժողովուրդները 1000 տարի անց էլի աչք են տնկել մեր ջրառատ ու բարձրադիր հողերի վրա: Դրանք ահեղ սպառնալիք են, պառակտված ու անղեկ անհնար է դրանց դեմն առնել:
Կարդացեք նաև
– Երկու օր առաջ իշխող ուժի «ծանր հրետանին» իրավիճակից ելքը տեսնում էր ՀԱՊԿ-ից դուրս գալու մեջ…
– Այսինքն` «ահաբեկում ե՞ն» հին դաշնակցին, թե՞ լուրջ դեմքով նոր դաշնակից են փնտրում: Թույլ խաղ են ձեռնարկել, քանի որ չեն կարող բոլոր հետեւանքները հաշվարկել: Խելքս բան չի կտրում …
– Նաեւ ընդդիմությանն են քննադատում, որ կիսաբոյկոտում է խորհրդարանի աշխատանքը, կրկին պահանջում վարչապետի հրաժարական:
– Գիտեք, կուսակցական միջավայրից կտրվել եմ, արդեն 6 ամիս քաղաքական համակարգում ծանրակշիռ որեւէ ուժ չեմ ներկայացնում: Պակասել է խոսքիս ներգործությունը: Ճիշտ է, նույն մարդիկ, տեսնում եմ, հարգալից են վերաբերվում ինձ, բայց միայն այդքան: Իսկ լռելը դավաճանության է հավասար:
Իշխանության հարցում բախտներս չբերեց: Բայց ո՞ր հարցում է բերել` տարածքների՞, բնական պաշարների՞, գետերի՞, ծովերի՞, ասպատակողների՞, հարեւանների՞, դաշնակիցների՞, դրսեկ կրոնական կամ քաղաքական գաղափարների՞, մեր իսկ հոգեկերտվածքի՞… Ե՞րբ սկսվեց ավերակաց վրա թագավորելու սեւ շրջանը, չգիտեմ:
– Անխուսափելի ու պարտադրված հարց` որն է ելքը:
– Ելք կա, եւ այն չի պահանջում նյութական, ֆինանսական ներդրումներ: Այն պահանջում է Սեր: Սիրել Հայրենիքը, ժողովրդին, նշանակում է բազում «հրաժարիմք»-ներ` հրաժարում ագահությունից, պաշտոնամոլությունից, հավակնոտությունից, անձնապաստան բարեկեցությունից, թշնամի դարձած երեկվա յուրայինին խոցված տեսնելու մարմաջից:
Առաջին եւ վերջին պատերազմները ցույց տվեց, որ Հայրենիքը սիրողները շատ են մեր մեջ: Նրանցից հազարներն անմրմունջ զոհեցին իրենց բաժին հասած Ժամանակը` իրենց կյանքը: Նրանց զավակներն ու եղբայրները անսահման շատ են ու հիմա էլ կռվի պատրաստ` ծառայության բերումով, ՄՕԲ-ի կազմում, որպես կամավորական: Նրանք լուռ նախատում են իշխող թե ընդդիմադիր վերնախավին` եղեք միակամ:
Միակամությունը կփակի հասարակական պառակտվածության դռները, միասնական բռունցք կդառնանք: Թող քաղաքական վերնախավը հավաքվի «կլոր սեղանի» շուրջ, ուր յուրաքանչյուր մասնակից կգա իր հատվածական շահի առավելագույնը զիջելու եւ նվազագույնը պահպանելու մտքով:
Ձեւավորել լայն համախոհության կառավարություն: Մեզ հարկավոր է բարձր վստահության կառավարություն: Դեմոկրատիայի 50%+1 ձայնից կառչած չես կազմի Մեծ ուխտ: «Կլոր սեղանը» կկայանա միայն իշխանության բարի կամքով: Թո’ղ նա հրավիրի վերջին խորհրդարանական ընտրություններում 1%-ից ավելի ձայն ստացած ուժերին: Քանի որ վճիռները զուտ քաղաքական են լինելու, դրանք կարելի է ձեռք բերել մի քանի ժամում, առավելագույնը` 1-2 օրում:
Հայաստանի նոր վարչակազմն այսպիսով իր քաղաքացիներին, հայությանը, աշխարհին կներկայանա նոր դեմքով եւ ավելի ուժեղ: Ինչպես կուզեք, անվանեք` ավելի ժողովրդավար ու իրավական կամ հայրենասեր ու հայրենակենտրոն, կուզեք անվանեք` նվազ կոռումպացված կամ արհեստավարժ: «Կլոր սեղանը» պետք է փակվի մի վերջին որոշմամբ` որոշակի ժամանակով սահմանվում է հանուն իշխանության պայքարի զինադադար: Սրանից տարբերվող ուղեգիծը մեզ կնետի արտաքին ուժերին ապավինելու վտանգներով լեցուն կողմնորոշումային կռվի մեջ, որն արդեն սաղմեր է արձակել:
Զրույցը՝ ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
«Առավոտ» օրաթերթ
19.11.2021