Պետական եկամուտների կոմիտեն անհրաժեշտ է համարում պարզաբանել, որ մամուլում հրապարակված այն տեղեկատվությունը՝ ըստ որի «Օնիրա քլաբ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը «հասել է ՊԵԿ-ի կողմից մոտ 6 միլիարդ դրամի ակտերի անվավեր ճանաչմանը», ամբողջությամբ չի արտացոլում դատական գործերի ներկայիս ընթացքը։ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի և ընկերության միջև առկա են մի քանի դատական վեճեր, որոնցից մեկն է վերաբերվում ստուգման ակտի, իսկ մնացածը վերաբերվում են չկատարված հարկային պարտավորությունները գանձելու մասին որոշումներին։
Այսպես, չկատարված հարկային պարտավորությունների գանձման որոշումները կայացվել են օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված պարտավորությունների գանձման նպատակով։ Ընդգծենք, որ երեք դատական գործերով ՀՀ վարչական դատարանը բավարարել է «Օնիրա քլաբ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության՝ 2020թ. օգոստոսի 3-ի, դեկտեմբերի 9-ի և 2021թ. հունիսի 17-ի հայցադիմումները՝ հիմքում, ըստ էության, նշվել են վարչական վարույթի ընթացքում թույլ տրված ընթացակարգային նորմերի խախտումները, սակայն ՊԵԿ-ը վարչական դատավարությամբ սահմանված կարգով և ժամկետներում բողոքարկել է դատական ակտերը, որոնցից երկուսն արդեն 2021թ. մայիսի 26-ին և հուլիսի 21-ին ընդունվել են վարույթ:
Բացի այդ, ընկերության նկատմամբ 16.09.2020 թվականին կայացված ստուգման ակտի 16-րդ կետով ընկերությանն առաջադրվել է պարտավորություն առանց լիցենզիայի խաղատնային գործունեություն իրականացնելու համար, որն էլ ընկերության կողմից 2020թ. նոյեմբերի 6-ին վիճարկվել է։ Հարկ է փաստել, որ տուգանքն առաջադրվել է, քանի որ «Օնիրա քլաբը» խաղատնային գործունեությունը ծավալել է 2 տարբեր շինություններում, որոնցից մեկի համար չի ունեցել լիցենզիա։ ՀՀ վարչական դատարանը 2021թ. հուլիսի 19-ին կայացրած վճռով իրավախախտման այս փաստը չի հերքել և ընկերության հայցի բավարարման հիմքում նշվել են այլ հիմնավորումներ։ Համաձայն չլինելով ստուգման ակտն անվավեր ճանաչելու դատարանի հիմնավորումների հետ՝ ՊԵԿ-ը վերաքննիչ բողոք է ներկայացրել, որը 2021թ. սեպտեմբերի 27-ին ընդունվել է վարույթ։
Հետևաբար հրապարակումներում տեղ գտած պնդումը, թե ««Շանգրի լա» խաղատունը շահագործող «Օնիրա քլաբ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը դատարանում հաղթել է ՊԵԿ-ին՝ այդպիսով հասնելով ՊԵԿ-ի կողմից ընդհանուր մոտ 6 միլիարդ դրամի ակտերի անվավեր ճանաչմանը»՝ հապճեպ, իրականությունը խեղաթյուրող եզրահանգում է և չի բխում ՀՀ վարչական դատավարության կարգավորումներից:
Կարդացեք նաև
ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին