Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս գործը ապագա չունի». Փաստաբանը՝ Փաշինյանի դեմ ցույցի մասնակիցների ու «ողջույն» հղելու գործի մասին

Նոյեմբեր 19,2021 13:52

Դատարանը քննում է խուլիգանության գործը, որով, ի թիվս այլոց՝ անցնում են Արսեն Վարդանյանը, Էմանուել Սինանյանը, Նարեկ Վերդյանը, Արշակ Սարգսյանը, Բագրատ Սարգսյանը, Նարեկ Մանթաշյանը: Դատարանը պետք է պարզի՝ արդյոք գլխավոր դատախազության շենքի մոտ նրանք հայհոյե՞լ են վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

Լրագրողի հարցին՝ ունի՞ դատարանը հիմքեր՝ քաղաքացիներին պատժելու համար, փաստաբան Սերգեյ Հարությունյանն այսպես արձագանքեց. «Միանշանակ հիմքեր չունի, դատարանը պետք է փորձի պարզել, թեեւ կարծում եմ՝ պարզելու որեւէ բան չկա, որովհետեւ ակնհայտ է, որ սա քաղաքական պատվեր է, քաղաքական բռնաճնշման հերթական դրսեւորումը: Նշված անձանցից գրեթե բոլորն իմ պաշտպանյալներն են, ու գրեթե բոլորը քաղաքական գործիչներ են, քաղաքականապես ակտիվ անձինք, եւ սա հերթական քայլն է նրանց լռեցնելու համար»:

Փաստաբանի խոսքով, բոլորի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել, որը նույնպես ճնշման գործիք է, եւ յուրաքանչյուր պահի կարող է խափանման միջոցը փոխվել. «Բոլորը զրկված են երկրից դուրս գալու հնարավորությունից, իսկ ոմանց մոտ առողջական հարցերի կարիք կա, ոմանց մոտ՝ հանգստի հետ կապված հարցեր… Հետաքրքրական է այն հանգամանքը, որ այդ օրվա «ողջույնի» խոսքից հետո քանի ամիս քննվում էր այս գործը, թվարկված անձանց նկատմամբ մեղադրանք էր ներկայացվել, այնուհետեւ տեղեկանում եմ, որ մի շարք այլ անձանց նկատմամբ էլ, որոնք նույնպես ակտիվ տղաներ են, քրեական գործ է հարուցվել հենց այդ օրվա հետ կապված, ինչը ծիծաղելի է: Կարծում եմ այս գործը ապագա չունի, որեւէ հիմք չկա, ընդամենը ոստիկանների ցուցմունք է, որեւէ տեսագրության մեջ այդ անձինք չեն հայհոյում»:

Նա տպավորիչ օրինակ բերեց. «ԽՍՀՄ տարիներին ակտիվ հասարակական գործիչներին ճնշելու համար գործ էին հարուցում, փորձում էին տանել հոգեբուժարան՝ արժեզրկելով նրանց անձը: Հիմա էլ տվյալ դեպքում խուլիգանության հոդվածով է գործ հարուցվել, որով փորձում են ցույց տալ՝ իբր թե այս անձինք հասարակ խուլիգաններ են, այն դեպքում, երբ սրտացավ մարդիկ են, որոնք պայքարում են հանուն հայրենիքի»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ Գեղամ Մանուկյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930