Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանի ռազմական սադրանքներն ուղղված են Հայաստանի տարածքային ամբողջականության խախտմանը և եռակողմ պայմանավորվածությունների վիժեցմանը. վարչապետ

Նոյեմբեր 19,2021 14:04

 Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Երևանում՝ Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստի աշխատանքներին։

Նիստին մասնակցում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) Կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը և ԵԱՏՄ անդամ երկրների կառավարությունների ղեկավարները` Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինը, Բելառուսի Հանրապետության վարչապետ Ռոման Գոլովչենկոն, Ղազախստանի Հանրապետության վարչապետ Ասկար Մամինը, Ղրղըզստանի Հանրապետության վարչապետ Ալիկբեկ Ժապարովը։

Հայաստանի վարչապետը հանդես է եկել ելույթով, որում նշել է.

«Կառավարությունների հարգելի ղեկավարներ, 

Պատվիրակությունների հարգելի անդամներ, 

Ողջունում եմ բոլորիդ Հայաստանում։ Մենք անկեղծորեն ուրախ ենք՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը հյուրընկալելու հնարավորության համար։

 Հարգելի գործընկերներ,

 Ցավոք, այսօրվա հանդիպումն անցնում է մեր երկրի համար լարված իրավիճակում։ Չեմ կարող չնկատել, որ ինչպես մեկ տարի առաջ, երբ մենք հյուրընկալում էինք միջկառավարական խորհրդի հերթական նիստը, այնպես էլ այսօր Հայաստանը բախվում է իր անվտանգությանն սպառնացող լուրջ մարտահրավերների։

Մեր տարածաշրջանը ներքաշվեց լարվածության նոր փուլի մեջ, որը, ցավոք, հանգեցրեց մարդկային հերթական կորուստների։ Դրա պատասխանատվությունը կրում է Ադրբեջանը, որի ռազմական սադրանքներն ուղղված են մեր երկրի տարածքային ամբողջականության խախտմանը և 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարություններով ձեռք բերված պայմանավորվածությունների վիժեցմանը։

 Հարգելի գործընկերներ,

 Գրեթե երկու տարի է, ինչ աշխարհը, այդ թվում և եվրասիական ինտեգրացիան, զարգանում են Covid-19 համավարակի հետևանքով առաջացած նոր գլոբալ սոցիալ-տնտեսական մարտահրավերների ֆոնին։ Ծանր համաճարակաբանական իրավիճակի և առողջապահական համակարգերի վրա մեծ ծանրաբեռնվածության հետևանքները վեր հանեցին խնդիրների արագ լուծման անհրաժեշտությունը, այդ թվում՝ դեղագործական ոլորտում:

 Այս համատեքստում կարծում ենք, որ երկարաժամկետ հեռանկարում Միության անդամ պետությունները ռազմավարական նշանակություն ունեցող դեղամիջոցներով ապահովման մակարդակի բարձրացմանը միտված գործողությունների ծրագրի հետևողական իրականացումը թույլ կտա ձևավորել դրանց արտադրության ողջ ցիկլը և բարձրացնել մեր պետությունների ինքնաբավության մակարդակը։

 Տեղաշարժի սահմանափակումները և հանրային առողջության պաշտպանության նպատակով ձեռնարկված մյուս միջոցառումներն ընդհանուր առմամբ բացասաբար են ազդել տնտեսության շատ ճյուղերի ակտիվության վրա։ Այդ իրավիճակն արտացոլված է «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների միջև՝ 2020 թվականին փոխադարձ առևտրի վիճակի մասին» զեկույցում։ Կարծում ենք, որ զեկույցում ամփոփված արդյունքներն ու գնահատականներն օգտակար և պահանջված են նաև այսօր, երբ մենք փորձում ենք խթաններ գտնել առկա պայմաններում առևտրատնտեսական հարաբերությունների հետագա առաջխաղացման համար։

 Այս առումով կցանկանայի նշել, որ 2021 թվականին Հայաստանն արդեն արձանագրել է ԵԱՏՄ երկրների հետ առևտրի և համագործակցության ծավալի աճի կայուն տեմպեր։ Թվերն ինքնին խոսուն են. Հայաստանի և ԵԱՏՄ երկրների միջև արտաքին առևտրաշրջանառությունը 2021 թվականի հունվար-սեպտեմբերին, 2020 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 12,8 տոկոսով։ Հայաստանից ԵԱՏՄ երկրներ արտահանման մատակարարումների ծավալն այս տարվա ինն ամիսներին աճել են 27,8 տոկոսով։ Ուրախ եմ արձանագրել, որ աճը գրանցվում է ԵԱՏՄ բոլոր գործընկերների գծով. դեպի Ռուսաստանի Դաշնություն արտահանումն աճել է 27,4 տոկոսով, դեպի Բելառուս՝ 19,2 տոկոսով, դեպի Ղազախստան՝ 89,5 տոկոսով, դեպի Ղրղըզստան՝ 48,0 տոկոսով։

 Դա վկայում է ոչ միայն ԵԱՏՄ շրջանակում առևտրային համագործակցության զարգացման, այլև նոր հնարավորությունների առկայության մասին, որոնք գործարկվել են համաշխարհային տնտեսության գլոբալ կառուցվածքային փոփոխությունների պայմաններում։

 Այսպես, էլեկտրոնային առևտրի հնարավորությունների ընդլայնումը փոքր և միջին բիզնեսին աջակցելու որակական նոր մեխանիզմ է, որը կարող է և պետք է նպաստի Միության պետությունների միջև փոխադարձ առևտրաշրջանառության ավելացմանը։

 Միևնույն ժամանակ, անդրսահմանային էլեկտրոնային առևտրի ծավալի աճը մեր առջև նոր խնդիրներ է դնում և արդյունավետ լուծումներ է պահանջում ապրանքների անվտանգության, սպառողների իրավունքների պաշտպանության, ինչպես նաև հարկային և մաքսային եկամուտների ամբողջականության ապահովման համար։

 Թվային փոխակերպման համատեքստում պետք է դիտարկել նաև ԵԱՏՄ-ում բեռնափոխադրումներին հետևելու համար նավիգացիոն կնիքների կիրառման մասին Համաձայնագրի նախագծի համաձայնեցման բարդ և երկարատև գործընթացն ավարտին հասցնելը։ Այս կապակցությամբ կցանկանայի նշել ԵԱՏՄ անդամ պետությունների ոլորտային գերատեսչությունների աշխատանքը ազգային մակարդակով թեստավորման և համաձայնեցման գործընթացում։

 Համաձայնագրի դրույթների կիրառումը հնարավորություն կտա անցում կատարել բեռնափոխադրումների թվային կառավարմանը, կրճատել տրանսպորտային-լոգիստիկ գործընթացի մասնակիցների ժամանակի և ֆինանսական ծախսերը և օպտիմալացնել մաքսային ընթացակարգերը՝ չնվազեցնելով դրանց արդյունավետությունը:

 Կցանկանայի ընդգծել նաև ԵԱՏՄ շրջանակում վարկային պատմություններում ներառված տվյալների փոխանակման կարգի մասին Համաձայնագրի կարևորությունը։ Համաձայնագրի ստորագրումը պայմաններ կստեղծի ԵԱՏՄ ընդհանուր ֆինանսական շուկայում անդրսահմանային վարկավորման զարգացման համար, ինչպես նաև թույլ կտա Միության քաղաքացիներին վարկեր ստանալ «հնգյակի» բոլոր պետությունների տարածքում։

 Հարգելի գործընկերներ,

 Որպես ամփոփում՝ կրկին ցանկանում եմ ողջունել ձեզ բոլորիդ Հայաստանում։ Ողջունում եմ նաև Ուզբեկստանի վարչապետին, ով միացել է առցանց ռեժիմով։ Եվ հաշվի առնելով, որ սա ընթացիկ տարում Միջկառավարական խորհրդի վերջին նիստն է, ցանկանում եմ նաև շնորհակալություն հայտնել բոլորին՝ 2021 թվականին ակտիվ համագործակցության և ինտենսիվ աշխատանքի համար»։

 

Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում քննարկվել են օրակարգային մի շարք հարցեր։ Մասնավորապես, արծարծվել են 2020թ. փոխադարձ առևտրի հետ կապված իրավիճակին, ագրոարդյունաբերական համալիրի զարգացմանը, 2021-2024թթ. ԵԱՏՄ երկրների մետաղագործական ձեռնարկությունների հումքով ապահովման միջոցառումների ծրագրին, կլիմայական օրակարգի մասով Միության պետությունների դիրքորոշումների մոտարկման աշխատանքներին վերաբերող հարցեր։ Քննարկման առարկա են դարձել ԵԱՏՄ-ում փոխադրումներին հետևելու համար նավիգացիոն կնիքների կիրառման մասին Համաձայնագիրը, ԵԱՏՄ կենսաբանական անվտանգության ռազմավարության նախագիծը, էլեկտրոնային առևտրի զարգացման և օրակարգում ընդգրկված այլ հարցեր։ Նիստի արդյունքներով ստորագրվել են փաստաթղթեր։

Որոշվել է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի հաջորդ նիստն անցկացնել 2022թ. հունվարին, Ալմաթիում։

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930