Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես չեմ գոռացել այդ արտահայտությունը, բայց դա ամենեւին չի նշանակում, որ համաձայն չեմ դրա հետ». Բագրատ Եսայան

Նոյեմբեր 19,2021 13:40

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Բագրատ Եսայանի եւ այլ քաղաքական գործիչների ու քաղաքականապես ակտիվ անձանց դեմ գործ է հարուցվել ՝ գլխավոր դատախազության դեմ ցույցին մասնակցելու եւ Նիկոլ Փաշինյանի հասցեին վիրավորական վանկարկումներ անելու համար, ու այժմ դատարանը քննում է այն:

Լրագրողների հետ զրույցում Բագրատ Եսայանը նշեց, որ լավ չի հասկանում, թե ինչու է ինքը ներգրավված այս գործում, որովհետեւ նրա ձեւակերպմամբ, մեղքի որեւէ անհատականացում այս քրեական գործում չկա. «Ընդամենը մեկ ոստիկան քրեական գործի հարուցումից, կոնկրետ մեղադրյալների ներգրավումից ամիսներ հետո հանկարծ հիշել է, որ ինձ տեսել է այնտեղ՝ «բ-ի տղա Նիկոլ» արտահայտությունը վանկարկելիս:

70 էջանոց մեղադրական եզրակացության մեջ անհարմար է ասել, թե ինչն է հիմնական մեղադրանքը՝ իբր խուլիգանական դրդումներով գոռացել եմ «բ-ի տղա Նիկոլ»: Պետք է ասեմ, որ ինքս չեմ գոռացել, որովհետեւ սովորություն չունեմ հասարակության մեջ այդպիսի արտահայտություններ անելու, ինչն ամենեւին չի նշանակում, որ ես համաձայն չեմ այդ բնութագրման հետ»:

ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամը հավելեց. «Արդյոք այդ արտահայտությունը համապատասխանո՞ւմ է այն բնորոշմանը, ինչը որ դատախազությունը փորձում է ներկայացնել իր մեղադրական եզրակացությամբ, որ իբր այդ արտահայտությունը սեռական բնույթի հայհոյանք է: Ես միջնորդելու եմ, որ որպես փորձագետ ներգրավեն բանասերների, որպեսզի նրանք բացատրեն, թե ինչ է սեռական բույթի հայհոյանքը, որը ամեն ինչ կարող է լինել, բացի «բ-ի տղա Նիկոլ» արտահայտությունից:

Այդ արտահայտությունը որոշ անձանց դեպքում կարող է լինել իրականության ամրագրում, ոմանց դեպքում՝ նրանց հոգեվիճակի նկարագրություն, որոշ անձանց դեպքում՝ կարգավիճակի, որոշ անձանց դեպքում էլ փողոցային սլենգով կարելի բնութագրել նրանց գործողությունները, իսկ հայրենի հողեր հանձնելն ամբողջությամբ ընկնում է այդ բնորոշման հիմքում, բայց դա երբեք չի կարող համարվել սեռական բնույթի հայհոյանք:

Այս գործը պետք է հենց սկզբում կարճվի՝ տրագիկոմիկ վիճակում հայտնված դատախազը, որ ի պաշտոնե կոչված է լինելու պաշտպանել այս ապուշությունը դատարանում, պետք է հրաժարվի…Ակնհայտ է, որ նախադեպ են ուզում ստեղծել՝ այս իշխանությանը տրվող բնութագրումները կանխելու համար, բայց ես վստահեցնում եմ, որ չի հաջողվելու, որովհետեւ մինչեւ Եվրոպական դատարան հասնելու է գործը՝ ամենածանր սցենարով, կարծիքի արտահայտման, փաստերի համադրումով եզրակացություններ անելու իրավունքը քաղաքացուց խլել չի հաջողվելու»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930