Լրահոս
Օրվա լրահոսը

«Պահանջում ենք զինել Սյունիքի ու մյուս վտանգված գոտիների բնակչությանը». ԱԺԲ շտապ հավաքը ՊՆ-ի մոտ

Նոյեմբեր 19,2021 13:22

ՀՀ Պաշտպանության նախարարության մոտ այս պահին տեղի է ունենում Ազգային-ժողովրդավարական Բևեռի նախաձեռնությամբ կազմակերպված շտապ հավաքը: Մասնակիցների պահանջն է զինել ՀՀ սահմանամերձ համայնքների բնակիչներին:

Ազգային-ժողովրդավարական Բևեռի մասնակից Գագիկ Եղիազարյանը հայտարարեց. «ՀՀ իշխանության ղեկին գտնվող գաղութային ադմինիստրացիան իրական քայլեր չի ձեռնարկում թշնամու էսկալացիան կանխելու համար: Մեր ունեցած տեղեկությունների համաձայն՝ նույնիսկ հրաման կա չկրակել»:

Ձևակերպելով իրենց պահանջը՝ ևս մեկ անգամ հայտարարեց. «Մեր պահանջն է, որ նախ համապատասխան միջոցներ ձեռնարկեն, զինեն սահմանամերձ բնակչությանը և բանակը բերեն մարտական պատրաստվածության ու զուգահեռ դիմեն մեր իրական դաշնակիցներին: Չակերտավոր մեր ռազմավարական դաշնակիցը իրականում մեր գլխավոր թշնամին է, որը ոչ միայն իր պարտավորությունը չի կատարում, այլև խոչընդոտում է, աջակցում է թշնամուն և նրա օրակարգը»:

Հարցին՝ ինչպե՞ս կմեկնաբանեք այն անձանց, որոնք քննադատում են փողոցային պայքարի դուրս եկած ընդդիմությանը և նրանց հորդորում դրա փոխարեն մեկնել սահման, Գագիկ Եղիազարյանը պատասխանեց. «Ովքեր նման կոչեր են անում, ուզում են, որ շատ զոհեր լինեն, որ իշխանությունն արդարացնի իրեն: Նրանք հող են նախապատրաստում ևս մեկ անգամ, որպեսզի մենք կրենք մարդկային, տարածքային կորուստներ, որ գաղութային ադմինիստրացիան իրենց հետագա գործողությունների համար արդարացումներ ունենա»:

ԱԺԲ անդամ Վարուժան Ավետիսյանը կարդաց Բևեռի հայտարարությունը, որում մասնավորապես նշվում է. «Պահանջում ենք կազմակերպել, զինել և պատրաստել Սյունիքի ու մյուս վտանգված գոտիների բնակչությանը: ՀՀ ՊՆ նախարարի պաշտոնը զբաղեցնող անձին և ԳՇ պետին ու բարձր հրամանատարական կազմի մյուս ներկայացուցիչներին պահանջում ենք չմասնակցել այս դավաճանությանը, կազմակերպել, զինել ու պատրաստել Սյունիքի և ադրբեջանական զինուժի վերահսկողության տակ գտնվող տարածքներին կից մյուս վտանգավոր տարածքների բնակչությանը՝ խափանելով ցեղասպանությունը»:

ԱԺԲ խորհրդի անդամ Վահե Գասպարյանը տեղեկացրեց՝ նոյեմբերի 22-ին՝ ժամը 13:00-ին հավաքվելու են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան մոտ, նամակ փոխանցելու և շնորհակալություն հայտնելու ԱՄՆ-ին, քանի որ 1920 թվականի նոյեմբերի 22-ին նախագահ Վիլսոնը ստորագրել է փաստաթուղթ ՀՀ սահմանների մասին:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարները՝ ԱԺԲ ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930