«ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը իր խմբակցության առանձին պատգամավորների նախապես կազմակերպած հարցերին փորձեց ներկայացնել իրենց պատկերացմամբ լուծումները: Հայտարարությունները, որոնք այդ օրն արեց Նիկոլ Փաշինյանը, համապատասխանում են Քրեական օրենսգրքի 299 հոդվածի հատկանշներին՝ առերեւույթ պետական դավաճանության բազմաթիվ փաստեր նշելով՝ սկսած նրանից, որ ոչ ավել, ոչ պակաս Հայաստանին օկուպանտ անվանեց, ավարտելով, որ այս մարդը փաստացի հայտարարում է, որ ինքը ՀՀ տարածքային ամբողջականությունը ոնց ուզում՝ պտտացնում է, պատրաստ չէ Հայաստանի շահերը պաշտպանել»,- այսօր խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը:
Նա նշեց, թե ինչ վտանգավոր հայտարարություն է արել Փաշինյանը՝ Խորհրդային Ադրբեջանին անվանելով իրավատեր. «Անգամ Ադրբեջանը ինքը իր անկախության հռչակագրով չի համարել այդպիսի բան, այս մարդը սպասարկեց փաստացի ադրբեջանա-թուրքական ցանկությունը: Վերջապես ՀՀ քաղաքացի հանդիսացող գերիների նկատմամբ, որոնք գերեվարվել են ադրբեջանական կողմից ագրեսիվ գործողությունների արդյունքում, թողեց անպաշտպան, ավելին՝ նույնիսկ սպառնաց: Սրանք պետական դավաճանության մասին վկայող կոնկրետ փաստեր են»:
Ըստ Արծվիկ Մինասյանի, Նիկոլ Փաշինյանը իրավունք չունի ՀՀ տարածքների հետ կապված որեւէ բան պայմանավորվել՝ կլինի գրավոր, թե բանավոր. «Չի կարող լինել այնպես, թե՝ արի պայմանավորվենք իրար հետ, Խորհրդային Ադրբեջանի սահմաններով ենք առաջնորդվում: Դու ո՞վ ես, որ այդպիսի սկզբունք դնես: Միջազգային իրավունքն է ամրագրում սկզբունքները ու ՀՀ-ն պարտավոր է առաջնորդվել հայ ժողովրդի շահերով, այլ ոչ թե թուրք-ադրբեջանական ցանկություններով»:
Կարդացեք նաև
Խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը համոզված է՝ Նիկոլ Փաշինյանն անում է այն, ինչ իրեն պարտադրում են ու որեւէ հայանպաստ քայլ ի վիճակի չէ անել:
Հարցին՝ ձեր ֆեյսբուքյան էջում հրապարակումով էիք կիսվել, որ հայկական կողմը գերիներ է վերցրել, հետո հետ է տարել, այդ տեղեկատվությունը հերքվեց, ինչո՞ւ եք ապատեղեկատվություն տարածում ու չե՞ք կարծում, որ իրոք պետք է գերիների հարցով քննություն տարվի, որ պարզվի՝ ինչ հանգամանքներում են գերեվարվել, գուցե հրամանատարության մեղքով է՝ Խամոյանը պատասխանեց. «Դուք ամենամեծ ապատեղեկատվություն տարածող լրատվամիջոցն եք եւ ես ձեր հարցերին չեմ պատասխանում»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ