Լրահոս
Օրվա լրահոսը

«6 զոհը հաստատված է». Էդուարդ Աղաջանյանի բացատրությունը, թե ինչու էր ասել՝ 15 զոհ ունենք

Նոյեմբեր 19,2021 12:35

ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ թշնամին մեր 41 քառակուսի կիլոմետր տարածքն օկուպացրել է, բայց միջազգային հանրությունը մեզ ասում է, որ արցախյան առաջին պատերազմից հետո դուք էլ ունեք խորհրդային Ադրբեջանի տարածքներ, այս հանգամանքներում է կարեւոր սահմանազատումն ու սահմանագծումը: Նա նաեւ ասաց, որ «մենք ընդունում եւ ընկալում ենք միջազգային հանրության ասածը»:

Այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ լրագրողները խնդրեցին մեկնաբանել Փաշինյանի այս խոսքերը՝ արդյոք կարելի՞ է հասկանալ տարածքների փոխանակում «անկլավների» հետ՝ ՔՊ պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը պատասխանեց, որ դա պարզ կլինի, երբ անցնենք սահմանազատման եւ սահմանագծման գործընթացի միջով, այն մեծ ծավալի աշխատանք է ենթադրում. «Հանձնաժողովը, որը պետք է ստեղծվի, բավականին երկար աշխատանքի արդյունքում պետք է այդ հարցի պատասխանը տա: Այս պահի դրությամբ ես պատկերացում չունեմ, թե գործընթացի արդյունքում ո՞ր քարտեզներով են առաջնորդվելու, ի՞նչ տրամաբանություն է գործելու»:

Հարցին՝ նոյեմբերի 16-ի հարձակումից հետո քանի՞ զոհ ունենք, քանի՞ վիրավոր, քանի՞ անհետ կորած, քանի՞ գերեվարված՝ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց, որ այս պահին հաստատված է 6 զոհի տեղեկատվությունը. «Մնացած մասը ճշգրտումներից հետո լիազոր մարմինը հանրությանը կներկայացնի: 6 զոհը հաստատված է: Գերիների հետ կապված որեւէ շահարկումներ պետք է հիմա թույլ չտալ, այն, ինչ այսօր տեսնում ենք սոցցանցերում եւ այս կամ այն լրատվական կառույցների կողմից իրականացվող քայլերի մեջ»:

Էդուարդ Աղաջանյանը հայտարարել էր, որ ունենք 15 զոհ, ուստի լրագրողները հարցրեցին՝ պարզեցի՞ք՝ ի վերջո 6 զոհ ունե՞նք, թե՞ 15` նա պատասխանեց, որ երբ ինքը այդ թիվը հրապարակել է, ասել է, որ այդ պահին չճշտված տվյալներով է:

Հավելեց, թե ԶԼՄ-ները ձեւափոխել են վարչապետի խոսքը գերիների մասին՝ ըստ իրենց ճաշակի. «ՀՀ-ն ինչպես նախկինում, այնպես էլ այսուհետ ամեն ինչ անում էր ու անելու է, որպեսզի մեր գերեվարված հայրենակիցները օր առաջ վերադառնան հայրենիք: Միաժամանակ պետք է գիտակցենք, որ սա իրավական պետություն է ու որոշակի իրավական գործընթացներ պետք է տեղի ունենան հարկ եղած ժամանակ, որ հանրությունը, պատկան մարմինները պատկերացում կազմեն, թե ինչ պայմաններում ու ինչ գործընթացի արդյունքում են մեր հայրենակիցները հայտնվել այդ կարգավիճակում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930