Լրահոս
Օրվա լրահոսը

«Դա պետք է արվի շատ զգույշ, որ նոր կրակելու օջախներ չառաջանան». Անդրանիկ Քոչարյանը՝ Փաշինյանի՝ թաքուն համաձայնություն տալու մասին

Նոյեմբեր 19,2021 11:47

Այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ՔՊ պատգամավոր Էդուարդ Աղաջանյանն անդրադարձավ սահմանազատման եւ սահմանագծման աշխատանքների վերաբերյալ ՌԴ-ից ստացած առաջարկներին: Նա ասաց, որ հայկական կողմը գրավոր տվել է իր համաձայնությունը այդ առաջարկներին ու այն պահին, երբ որոշակի տեխնիկական հարցերի վերաբերյալ ձեռք կբերվի համաձայնություն, ՀՀ-ն պատրաստ է սկսել հանձնաժողովի ձեւավորման գործընթացը եւ անցնել աշխատանքներին:

Հիշեցնենք, որ երեկ կառավարության նիստում վարչապետ Փաշինյանը հայտարարել էր, որ երեք առաջարկներն էլ Հայաստանի համար ընդունելի են:

Հարցին՝ ինչպես 2013-ին Սերժ Սարգսյանից անակնկալ կերպով իմացանք, որ հայ ժողովուրդն ուզում է ԵԱՏՄ մաս կազմել, այնպես էլ երեկ նույն կերպով Նիկոլ Փաշինյանից անակնկալ կերպով իմացանք, որ Հայաստանը իր համաձայնությունը տվել է Մոսկվայից իջեցված առաջարկներին, ինչո՞ւ հանրությանը մանրամասներ չեն փոխանցվում, ու երբ Փաշինյանն ասում է՝ Հայաստանն իր համաձայնությունը տալիս է, ո՞ւմ հետ է քննարկել, ովքե՞ր են այդ համաձայնությունը տվել՝ Աղաջանյանը պատասխանեց. «Համեմատությունը բացարձակ տեղին չէ: Երկրորդը՝ վարչապետը բազմիցս արտահայտել է, որ ՀՀ-ն հետաքրքրված ու շահագրգռված է այս գործընթացը սկսելու մեջ, խոսքը գնում է սահմանազատման եւ սահմանագծման մասին: Վարչապետն ինչպես հայտարարել է, Հայաստանը ընդունել է այդ առաջարկը եւ գրավոր ծանուցել համաձայնության մասին»:

Աղաջանյանն ասաց, որ թաքուն գործընթացների հետ կապված այդ տրամաբանությունը չի հասկանում:

ՔՊ պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը հավելեց. «Դուք գիտե՞ք պրակտիկայում որեւէ դեպք, երբ բանակցությունները, մանավանդ այս բնույթի, տեղի են ունենում հանրային: Մենք պետք է հասկանանք ինչ իրավիճակի հետ գործ ունենք՝ ինչ կարեւորության, ինչ նրբությունների: Գործ ունենք մարդկային կյանքերի հետ: Լարված իրավիճակ էր ու ցանկացած քննարկման ցանկացած դրվագ կարեւոր է, որ չխոչընդոտվեն»: Ըստ Արթուր Հովհաննիսյանի, երկրի ներսում կան բազմաթիվ խմբեր, խմբակներ, որոնք ամեն ինչ անում են՝ գործընթացը խաթարելու եւ ներքաղաքական դիվիդենտներ շահելու համար:

ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն էլ ասաց. «Գաղտնիությունը խիստ անհրաժեշտ է, որովհետեւ դա առնչվում է սահմանում տեղակայված ուժերի դասավորությանը: Դա պետք է արվի շատ զգույշ, որպեսզի նոր կրակելու օջախներ չառաջանան»:

Հարցին՝ Ռուսաստանը ռազմական օգնության մասին Հայաստանի դիմումին արձագանքեց սահմանազատման եւ սահմանագծման հերթական առաջարկո՞վ, Հայաստանը շարունակո՞ւմ է ակնկալել ՌԴ-ից ռազմական օգնություն՝ Էդուարդ Աղաջանյանը պատասխանեց. «Հայաստանը ՌԴ-ին դիմել է՝ աջակցություն ստանալու համար, որպեսզի առաջին հերթին վերականգնվի ՀՀ տարածքային ամբողջականությունը: Հենց այս համատեքստում է պետք դիտարկել ՌԴ-ի այն առաջարկը, որը քննարկում էինք: Այս գործընթացի արդյունքում ակնկալում ենք, որ խնդիրը կլուծվի եւ ՀՀ տարածքային ամբողջականությունը կվերականգնվի»:

Հարցին՝ Հայաստանին բավարարո՞ւմ է դիմումի այդպիսի արձագանքը՝ նա պատասխանեց. «Այդ գնահատականը հնարավոր կլինի տալ գործընթացի ավարտին պես, երբ կունենանք հստակ արդյունքներ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930