Զրուցել ենք քաղաքական մեկնաբան Հայկ Խալաթյանի հետ, ով ճանաչված լինելով որպես «ռուսամետ», «Սոլովյով լայվ»-ի եթերում նախօրեին բավական կոշտ ելույթ ունեցավ՝ ռուսաստանյան հասարակությանը ներկայացնելով այն օբյեկտիվ դժգոհության հիմքերը, որը կուտակվել է հայ հասարակության մեջ` ռուսական իշխանությունների նկատմամբ։
– Մեզ տարիներ շարունակ կերակրել են այն համոզմունքով, թե ՌԴ-ն Հայաստանի անվտանգային միջավայրն ապահովելու համար այլընտրանք չունի եւ այլն։ Մենք եղել ենք իրենց հետ, չենք գնացել դեպի Արեւմուտք, եւ հիմա ՌԴ-ն մեզ փաստի առաջ է կանգնեցնում։ Պատերազմի ժամանակ ասում էր՝ Արցախը չեք ճանաչել, հետո՝ ՀՀ-ի վրա ագրեսիան մասշտաբային չէ, հիմա էլ ասում են` «սահմանային միջադեպեր են», կամ` մեզ պաշտոնապես չեք դիմել։
– Իհարկե, Դուք էլ նշեցիք, որ սուր ելույթ եմ ունեցել, բայց դա ուղղված էր ռուսական հասարակությանը՝ ցույց տալու, որ՝ այո, հայ հասարակության հետ խնդիրներ կան։ Կա Հայաստանը կորցնելու վտանգ։ Բայց, միեւնույն ժամանակ, արդեն դիմելով հայ ժողովրդին, մեր հասարակությանը, ուզում եմ ասել՝ պետք է հասկանալ, որ գոյություն ունի «ռեալ պոլիտիկ»։ Որ միջազգային հարաբերությունները բարեգործական աուկցիոն չեն։ Ամեն երկիր առաջնորդվում է իր շահերով։ Այս պահին, ցավոք, Հայաստանն ու հայ ժողովուրդը ողջ աշխարհին ցույց են տալիս, հատկապես հունիսի 20-ին վերընտրելով Նիկոլ Փաշինյանին, որ նրանք պատրաստ չեն պաշտպանել իրենց շահերը եւ, առավել եւս՝ վախենում են ցանկացած բախումից ու պատրաստ են միակողմանի զիջումների հաշվին բացել «խաղաղության դարաշրջան»։ Այս պարագայում ակնկալել, որ որեւէ մի երկիր, անգամ մեր դաշնակից երկիրը, պետք է ավելի հայամետ դիրքորոշում ունենա, քան Հայաստանի ժողովուրդը, սխալ է։
– Բայց Հայաստանի ժողովուրդը Զանգեզուրի միջանցք չի ուզում, իսկ ռուսական կողմը, ըստ արեւմտամետների, ուզում է։ Նաեւ «3+3» ֆորմատը, որը ՌԴ-ն, ըստ Զախարովայի, ուզում է ձեւավորել։
Կարդացեք նաև
– Նիկոլ Փաշինյանն ընտրություններից առաջ հստակ հայտարարություն էր արել, ասում էր՝ մենք Սեւ լճի 30 տոկոսի համար չենք պատերազմելու, մենք պատրաստ ենք ճանապարհներ, կոմունիկացիաներ բացել։ Նա դեկտեմբերին բանավոր համաձայնության հիման վրա գերակատարում էր նոյեմբերի այդ խայտառակ փաստաթուղթը՝ հանձնելով դիրքեր, որոնց հանձնումը նախատեսված չէր նույնիսկ այդ փաստաթղթով։ Եվ դրանից հետո մեր հայ ժողովուրդն ի՞նչ էր ակնկալում՝ ընտրելով Նիկոլ Փաշինյանին․ որ միջանցք չի՞ լինելու։ Մեր բախտը բերել է, որ այս պահին ռուսական կողմը շահագրգռված չէ Սյունիքով ադրբեջանական էքստերիտորիալ միջանցքով, նրանք կողմ են միայն ապաշրջափակմանը եւ, առավել եւս՝ որ Արցախի հարցը փակվի, հասկանալով, որ եթե այն փակվի, կկորցնեն Բաքվի վրա ազդեցության վերջին լծակը։ Բայց, նորից եմ ասում՝ պետք չէ ակնկալել, որ մեր դաշնակիցն ավելի հայամետ է լինելու․ ՌԴ-ն Թուրքիայի ու Ադրբեջանի հետ ունի շահեր։ Շահեր ունեն բոլորը՝ ԱՄՆ-ն, Ֆրանսիան, այն երկրները, որոնց երեւի նկատի ունեին մեր իշխանական պատգամավորները, երբ ասում էին՝ կգտնենք նոր դաշնակիցներ։ Ուզում եմ հիշեցնել, որ այս տարվա մայիսյան ներխուժումից առաջ, երբ այդ 907-րդ բանաձեւի գործողությունը սառեցվում էր Բայդենի ադմինիստրացիայի կողմից, ԱՄՆ պետքարտուղարն ասաց՝ մենք վստահ ենք, որ այս օգնությունը, որ ցուցաբերելու ենք Ադրբեջանին, չի օգտագործվելու Հայաստանի դեմ։ Վերջին ամիսներին արդեն քանի՞ անգամ ենք տեսնում Հայաստանի նկատմամբ Բաքվի ագրեսիան։ Որեւէ կոշտ արձագանք ԱՄՆ-ի կողմից տեսա՞նք։
Անուշ ԴԱՇՏԵՆՑ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:
Լուսանկարը՝ Հայկ Խալաթյանի ֆեյսբուքյան էջից