Լրահոս
Օրվա լրահոսը

Դժվար է պատկերացնել, թե ինչպես է իշխանության ստեղծած հանձնաժողովը բացահայտելու նույն իշխանական թիմի արատները. «Հայացք Երեւանից»

Նոյեմբեր 19,2021 10:30

Արցախյան 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի թեման առաջինը բացել էր ընդդիմությունը 2020թ. նոյեմբերի 9-ից հետո, երբ հայկական կողմի համար խիստ անբարենպաստ՝ մոսկովյան եռակողմ հայտարարությամբ պայմանավորված, հանրահավաքային պայքարի էր դուրս եկել Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող «Հայրենիքի փրկության շարժումը»՝ նրան մեղադրելով դավաճանության մեջ: Այնուհետեւ քննիչ հանձնաժողովի գաղափարն ընդդիմության կողմից շրջանառության մեջ դրվեց հունիսի 20-ին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններից մի քանի օր անց: Սակայն այս անգամ իշխանությունը՝ լավ հասկանալով նախաձեռնությունն ընդդիմության կամքին թողնելու վտանգը, կարելի է ասել, «թռցրեց» գաղափարն ընդդիմության ձեռքից ու հանձն առավ դրանով զբաղվել անձամբ ինքը:

Պետք է նկատել, որ հանրության մեծամասնությունն այդ գաղափարով, կարծես թե խանդավառված չէ: Դժվար է պատկերացնել, թե ինչպես է իշխանության ստեղծած հանձնաժողովը բացահայտելու նույն իշխանական թիմի արատները, որի առաջնորդին հանրության մի ստվար հատված մեղադրում է դավաճանության եւ խայտառակ կապիտուլյացիայի մեջ: Ո՞ւմ համար պարզ չէ, որ ՔՊ-ականներից եւ իշխանամերձ քաղաքական կառույցների ներկայացուցիչներից կազմված հանձնաժողովը, որի համակարգողը (հետագայում՝ գուցե նաեւ նախագահը) Անդրանիկ Քոչարյանն է, հեշտությամբ «կապացուցի» Գերագույն գլխավոր հրամանատարի անմեղությունը եւ պարտությունը կգցի «նախկինների» գրպանը, որոնք 20-30 տարի թալանում էին բանակը, ծախում Արցախը եւ այլն, իսկ Դավիթ Տոնոյանն ու Օնիկ Գասպարյանը վատ ղեկավարեցին մեր զինված ուժերը՝ ահա եւ պարտության պատճառները:

Պատահական չէ, որ ԱԺ-ից դուրս ուժերից նախընտրությունը տրվում է Սամվել Բաբայանին, ով ՀՀ երկրորդ եւ երրորդ նախագահների հետ հին հաշիվներ ունի մաքրելու, Դավիթ Սանասարյանին, ում գործը դեռ դատաքննության փուլում է եւ ով Փաշինյանին իր հավատարմությունն ապացուցելու խնդիր ունի, իրավաբան Նորայր Նորիկյանին, ով կարող է հակակշռել ընդդիմության թեւում գործող բավական ուժեղ իրավաբան-մասնագետներին:

Ակնհայտ է, որ իշխանությունն ուզում է նման «փորձագետների» ներգրավվմամբ ավելի մեծացնել իր ներկայությունը ստեղծվելիք հանձնաժողովում, որպեսզի հնարավորինս դյուրացվի պարտության իրական հանգամանքները կոծկելու ցանկությունը:

Ճշմարտության վերհանման անկեղծ մտադրություններ ունեցող իշխանությունը՝ նա, ով վախենալու ոչինչ չունի, առանց այլեւայլության քննիչ հանձնաժողովի գործառույթը կվերապահեր խորհրդարանական ընդդիմությանը, ինչն ավելի տրամաբանական է, այլ ոչ թե «կփախցներ» վերջինիս նախաձեռնությունը, ապաեւ ձեռուոտ ընկած ամեն բան կաներ հանձնաժողովում յուրայինների թվաքանակն ավելացնելու համար:

Օրեր առաջ «Հ-1»-ին տված հարցազրույցում Փաշինյանն անդրադարձել է հանձնաժողովի թեմային՝ նշելով. «Ես ակնկալում եմ, որ ոչ միայն պետք է բուն պատերազմի դրվագները քննվեն, պետք է քննվի իմ ասած բանակաշինության հարցը… Պետք է ուսումնասիրվի ողջ բանակցային գործընթացը՝ սկսած հրադադարի, հաղթանակի արձանագրումից հետո, որովհետեւ եթե մենք դա չուսումնասիրենք, չենք կարող հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել ի վերջո, ինձ համար շատ կարեւոր է, որ արձանագրվի, թե 2018 թվականին, մենք բանակցային գործընթացն ինչ վիճակում ենք ժառանգել»,- ասել է վարչապետի աթոռը զբաղեցնող անձը՝ բացեիբաց մատնացույց անելով, թե որն է իր համար «շատ կարեւորը»: Փաստորեն՝ նա մտադիր է 44-օրյա պատերազմի հանգամանքների քննության դաշտը հնարավորինս հեռացնել իրենից՝ հասցնելով մինչեւ 1994-2018 թվականները՝ քառորդդարյա մի ժամանակաշրջան, որի ընթացքում մեր հերոսական բանակը երկու փայլուն հաղթանակ էր տարել նույն ոսոխի դեմ:

Գեւորգ Բրուտենց

Հոդվածն ամբողջությամբ՝ Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) «Հայացք Երեւանից» պարբերականում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930