Հայաստանում, ըստ էության, ներքին քաղաքականություն գոյություն չունի: Չեն քննարկվում տնտեսական զարգացման, ռազմաարդյունաբերության, ժողովրդագրության, հրատապ խնդիրները, ինչը գնալով վտանգավոր ընթացք է ստանում: Կարծես թե մոռացության է մատնված սոցիալական օրակարգը՝ հատկապես փախստականների, զոհվածների ընտանիքների, պատերազմում ծանր վիրավորում ստացածների անմխիթար վիճակը, ռազմագերիների եւ Բաքվում պահվող այլ անձանց վերադարձի՝ արդեն մեկ տարի չլուծվող հարցը, որոնց հանդեպ պարտավորություններ ունեն պետությունն ու հասարակությունը: Արտաքին պարտքը լեռան գագաթից գլորվող ձյունահյուսքի նման մեծանում է, բարոյահոգեբանական մթնոլորտի գաղջությունը՝ խտանում, արտագաղթը՝ սաստկանում, եւ այս ցանկը կարելի է երկար թվարկել: Ի՞նչ են, ուրեմն, այդ դեպքում քննարկում կուսակցությունները խորհրդարանում ու նրանից դուրս, ի՞նչ հիմնավորումներ են ներկայացնում եւ, առհասարակ, ունե՞ն արդյոք հանրային քաղաքականությամբ զբաղվելու բավականաչափ գիտելիքներ եւ բարոյական ու մասնագիտական ներուժ: Կասկածահարույց է:
Կառավարող քաղաքական ուժը՝ ՔՊ-ն, եւ նրան հարող շրջանակները քննարկման երկու թեմա ունեն. ներսում՝ մեղավորների, դրսում՝ հովանավորների փնտրտուք, եւ սեփական իշխանության հիմքերի ամրացում: Արտաքին փրկիչները՝ երկրների տեսքով, բաժանված են լավ տերերի ու վատ տերերի: Արդյունքում պարտության ու ձախողումների համար տարբեր աշխարհաքաղաքական բեւեռների հաշիվ են ներկայացնում, եւ եզրակացությունները տարբեր են: Ընդդիմությունն էլ, մեծ հաշվով, ժամավաճառությամբ է զբաղված եւ տակավին չի գտնում «տեղապտույտից» դուրս գալու ելքեր:
Ահա եւ Հայաստանի ողջ ներքին քաղաքականությունը, որը մեր անկարողության, քաղաքական մտքի սնանկության վկայությունն է: Այնքան սնանկ, որ, ըստ էության, ի զորու չենք ինքնուրույն որեւէ հարց լուծել, անգամ փոքրիշատե տանելի կառավարություն ձեւավորել, որն ունակ լիներ դրսում փնտրել ոչ թե տերեր, այլ գործընկերներ ու դաշնակիցներ:
Հոդվածն ամբողջությամբ՝ Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) «Հայացք Երեւանից» պարբերականում