Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Մարդ լինելը» պետություն ունենալու նախապայմանն է

Նոյեմբեր 19,2021 10:00

Մի քանի օր առաջ առեւանգվել էր երիտասարդ ռեժիսոր Հովհաննես Իշխանյանը: 10-15 սեւ հագնված, առանց համազգեստի անձինք նրան տարան ոստիկանություն: «Պաշտոնական» պատճառը Հովհաննեսի ֆեյսբուքյան գրառումն էր, որով նա իբր ուզում էր «զավթել իշխանությունը» (այդպիսի հայտարարություններ Փաշինյանը, ընդդիմադիրի կարգավիճակով, ամեն օր էր անում): Ոչ պաշտոնական պատճառը նրա հեղինակած եւ վերջերս ցուցադրված «Մարդ էղի» ֆիլմն է:

Այնպես չէ, որ ինձ դուր են գալիս ռեժիսորի բոլոր գրառումներն ու տեսակետները, բայց դա, իհարկե, այս պարագայում կարեւոր չէ: Տվյալ դեպքում չեմ ուզում խոսել նաեւ իշխանություն բռնաճնշումների մասին, որոնք կիրառվում են «պաշտոնական» կարծիքին ընդդիմացողների դեմ՝ 30 տարում դրանով Հայաստանում ոչ մեկի չես զարմացնի: Խոսքս իմ համերկրացիների լուրջ հիվանդության մասին է, որը, ցավոք, դրսեւորվում է այդ նույն տասնամյակների ընթացքում մեր ազգաբնակչության մեծամասնության կողմից: Այդ հիվանդությունը էմպատիայի, ուրիշի ցավը վերապրելու ունակության բացակայությունն է:

Հովհաննեսի առեւանգման լուրի տակ մի քանի տասնյակ մեկնաբանությունները պարզապես ապշեցուցիչ են: Դրանք առեւանգման փաստի եւ բռնաճնշումների մասին չեն: Դրանք «պիցցայի», «թալանի», «կազինոների», «դղյակների» եւ «միլիոնների» մասին են: Ես չեմ հավատում, որ դա իշխանության «մեդիատեռորն է». մարդիկ ձեւավորել են իրենց առասպելաբանության շրջանակները եւ դրանից դուրս որեւէ բան չեն ցանկանում տեսնել: Նրանք չեն ուզում տեսնել կորուստներն ու զոհերը: Նրանք չեն նկատում փախստականներին (հա, մոռացա՝ այդ փախստականները «ղարաբաղցիներ են»՝ նրանց պետք չէ կարեկցել): Նրանք չեն նկատում, որ այժմ էլ ենք տարածքներ կորցնում, եւ Սյունիքի մի քանի շրջափակված գյուղերի բնակիչները հիմա ծանրագույն վիճակի մեջ են: Հիմա էլ, երբ նրանց պաշտամունքի առարկան ասել է, որ գերիների մի մասը ի՛նքն է մեղավոր, որ գերի է ընկել, նրանք կսկսեն առանց կարեկցանքի խոսել նաեւ գերիների ու նրանց հարազատների մասին:

Մինչեւ որ մենք իրար նկատմամբ վստահությամբ եւ սրտացավությամբ չլցվենք, մենք պետություն չենք ունենա՝ անգամ եթե իշխանական աթոռներին հրեշտակներ նստեն: Մենք ունեցել ենք «իրար թիկունքը զգալու», համերաշխության պահեր 1988-90 թվականներին: Բայց դա, ըստ երեւույթին, մեր առաստաղն էր, որին գլուխներս խփելով, մենք կրկին իջանք ներքեւ: Մեծ հաշվով, այդ «իջնելը» ինքնությունը չվերագտնելու գործընթաց է:

…«Ախր, մեր ազգը, որ խեղճ ա մնացել, թրի, կրակի եսիր, բոլորի պատճառն էս ա, որ մեզ մեկ ասող չի ըլում, թե մենք ով ենք, մեր հավատն ինչ ա, ինչի համար ենք եկել աշխարհ», – ասում է Խաչատուր Աբովյանի «Վերք Հայաստանի» վեպի անանուն հերոսներից մեկը:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Լավատես says:

    Երբ մեծ պետությունները իրենց ներսի փոքրիկ պետությունների հոգսն էին տանում, այդ փոքրիկները վայելում էին իրենց անհոգ ու երջանիկ կյանքը, բայց գալիս է դաժան իրականությունը, երբ մեծերն այլեւս ի վիճակի չեն պաշտպանելու եւ խելոք մեծերը այդ անհոգ մանուկ ժանակներն օգտագործում էին երեխաներին դաստիարակելով ու կրթելով մեծական կյանքին, երբ նրանք դառնան մեծ եւ պաշտպանեն ու դաստիարակեն իրենց փոքրիկներին: Խաղաղությունը’ դա երեխական երջանիկ ժամանակներն են, մեծական կյանքը’ դա պատերազմական ժամանակներն են, որին քեզ երեխա տարիքում քո ծնողները պետք է պատրաստեին, որ երբ մեծանաս, հաղթես մեծական պատերազմներում: Այն ազգերը, որոնք ուզում են միշտ մնալ երեխա եւ չեն լսում իրենց ծնողներին, նրանք հայտնվելով մեծերի բնական կռվում, սկսում են իրենց երեխայական սովորության համաձայն դիմել մեծերին թե մենք փոքր ենք եւ դուք որպես մեծ պարտավոր եք մեզ պաշտպանել ու չնայած մեծերը հա հասկացնել են տալիս’ տղա ջան, դու արդեն մեծ ես, դու ժամանակն է ոչ միայն ինքդ քեզ կարողանաս պաշտպանել, այլեւ բարի եղիր քո պարտասխանատվության տակ վերցնել փոքրիկ ազգերին, նրանց համար կռիվ տալ մեծերի պատերազմներում եւ քո օրինակով դաստիարակի այդ փոքրիկներին, որ երբ նրանք մեծահասակ դառնան, պատրաստ լինեն հաղթանակների: Բնության օրենքն է, փոթորիկները ծառեր են արմատախիլ անում, ուժեղ քամիները խելոք ծառերի համար ազդանշան են, որ արմատները հաստացնի ու խորացնի, իսկ ախմախ ծառերը մտածում են, դե ուժեղ քամուն դիմացան, հիմա ժամանակն է վայելել կյանքը կաֆեներում: Բա ո՞ւր են ծնողները, եթե մտածում եք ձեր երեխեքի ապագայի մասին, մտածեք նաեւ ապագա փոթորիկների մասին, երբ արդեն նրա՛նք պետք է ձեզ եւ ձեր թոռներին պաշտպանեն: Թող մեր հաղթանակած հերոսները միանան եւ ողջ ջահելությանը’ մեծից փոքր, տղա աղջիկ, ներսից թե դրսից, ՈՄԱ ի նման կամ հենց նրա հիմքի վրա հավաքագրեն ու պատրաստեն մեծական կյանքին, պատերազմները նույնքան բնական անհրաժեշտություն է բնության մեջ, ինչ քամիներն ու փոթորիկները, եկեք պատրաստենք փոքրերին ապագա փոթորիկներին, թող ուժեղացնեն եւ խորացնեն իրենց ազգային արմատները եւ պատրաստ լինեն պաշտպանեն ու դաստիարակեն փոքր ազգերին: Եկեք վերջ տանք մեր խաղաղասիրական վարդագույն երեխայական երազանքներին, պատրաստվենք պատերազմներին եւ թող հաղթեն պատրաստվածները:

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930