Եթե մտովի տեղափոխվենք 2050 թվական եւ բացենք հայոց նորագույն պատմության դասագիրքը, ապա 2020-ականները հավանաբար նկարագրված կլինեն, որպես 21-րդ դարի առաջին կեսի վատագույն տարիները, որոնք առաջին հերթին առանձնացել են ահռելի մարդկային կորուստներով՝ Կովիդ-19-ի եւ Արցախյան երկրորդ պատերազմի հետեւանքով։ Վստահաբար կարգված կլինեն մեղավորներ, հավանաբար նաեւ դավաճաններ։ Եվ հաջորդ սերունդները, որերորդ անգամ անուն առ անուն «կճանաչեն» մեր անհաջողությունների ակունքներում կանգնած մարդկանց։
Հեռու գնալ պետք չէ: Բացում ենք հայոց պատմության նորագույն շրջանը նկարագրող դասագրքերից մեկը եւ բառացիորեն կարդում՝ «…թուրք-հայկական պատերազմում Հայաստանի պարտության պատճառներից հիմնականն այն էր, որ բանակը չցուցաբերեց անհրաժեշտ կամք ու մարտունակություն եւ պատշաճ կազմակերպվածություն»։ Եթե շարունակենք ընթերցանությունը, կտեղեկանանք, որ «իրենց բարձրության վրա չեն գտնվել» բանակի հրամանատարները, իր «մեղքի բաժինն է ունեցել» 1920թ. պաշտոնավարող զինվորական նախարարը եւ դե իհարկե՝ դաշնակիցները, որոնք չեն ցուցաբերել անհրաժեշտ օգնություն։ Դեժավյո՞ւ։
Ինչ խոսք, պատմաբանների որդեգրած մոտեցումը հեշտ է, թույլ է տալիս խուսափել խորքային ու քննադատական վերլուծությունից, ընկալելի է ժողովրդի համար եւ հարմար օրվա կոնյուկտուրայի տեսանկյունից։ Դե իհարկե, պայմանավորված օրվա իշխանությունից «մեղավոր» է հերթական դաշնակը, կոմունիստը, հհշականը, հհկականը կամ էլ քպականը, իսկ դավաճան է Վասակը, Եսայանը ու ցանկացած կամայական ընտրված գործիչ։
Միեւնույն ժամանակ, պետք չէ պատմաբան լինել, որպեսզի գնահատել, որ Եղեռնից ընդամենը հինգ տարի անց, սոցիալ-տնտեսական, առողջապահական, կրթական ու կառավարման ճգնաժամում գտնվող եւ երկու տարվա պատմություն ունեցող երկիրը չէր էլ կարող դիմակայել, ըստ Գումիլյովի պասիոնար վերելք ապրող բազմամիլիոնանոց Թուրքիայի քեմալիստական ուժերին։ Ակնհայտ է, որ սովի, բնական ծաղիկի, տիֆի եւ այլ հիվանդությունների ճիրաններում հայտնված հասարակությունից ձեւավորված ու պետական կառավարման մեծ փորձ չունեցող քաղաքական իշխանության կողմից ղեկավարվող բանակը չէր էլ կարող դիմակայել ոսոխին եւ այն իրականում ոչ թե պարտության մեղավորն է, այլ զոհը, ում, արդեն մեր օրերի պատմաբանները կկարգեն դրա պատասխանատու։
Կարդացեք նաև
Իսկ մեր կողմից մշտապես թերագնահատված թշնամին, օգտվելով այս իրավիճակից, ինչպես նաեւ ներքին քաղաքական ուժերի համազգային գոյության պարզագույն գաղափարի շուրջ համախմբվելու եւ կենտրոնամետ քաղաքականություն ցուցաբերելու անընդունակությունից լուծում էր իր առջեւ դրված խնդիրները։ Դեժավյո՞ւ։
Բնական հարց է առաջանում, ինչո՞ւ չի արվում խնդրի բովանդակային վերլուծություն։ Մի գուցե, որովհետեւ տասնամյակներ շարունակ պատմության, հայագիտության, լեզվաբանության, մշակույթի եւ այլ ոլորտների ակադեմիական դպրոցներում նկատվում է քննադատական մտածողության, բազմակողմանի, անկեղծ եւ թափանցիկ քննարկումների պակաս։ Կարող է դրան է նպաստում նաեւ, ինչպես հին ու նոր էլիտաների, այնպես էլ ամբողջ հասարակության կողմից իրատեսական գնահատականների պահանջարկի բացակայությունը, որը գործնականում ստեղծել է այնպիսի իրավիճակ, երբ աճող սերնդի մոտ չի խրախուսվում իրավիճակի բազմակողմանի վերլուծությունը, տարբեր գործոններ փնտրելու եւ հաշվի առնելու, փաստերը ընթերցելու եւ հետեւություններ անելու ու սեփական կարծիք ձեւավորելու ունակությունը։ Առավել հավանական է վերոնշյալ գործոնների համադրությունը, որն ինչպես տեսնում ենք ստեղծել է արդեն հարյուրամյակների տեւողությամբ արատավոր օղակ։
Որպես հետեւանք, արդեն երեսուն տարի է, այդպիսի կեղծ գիտելիքներով մենք մտնում ենք կյանք, զբաղեցնում պաշտոններ, ընտրում եւ ընտրվում, կայացնում որոշումներ ու ամենեւին պատահական չէ, որ հենց հիմա Հայաստանը հայտնվեց այս իրավիճակում, քանի որ ըստ պրոֆեսոր Աուզանի, հասարակության մշակութային ու արժեքային փոփոխությունների համար անհրաժեշտ ժամանակը կազմում 30-40 տարի, ճիշտ այնքան որքան Մովսեսը շրջեց հրեաների հետ անապատում՝ ստրկության մասին հիշողությունները ջնջելու նպատակով։ Հենց այդքան էլ պահանջվեց թշնամուն հայության մասին ընդհանրապես եւ Արցախի մասին մասնավորապես, իրենց ընկալումները փոխելու համար, որի հետեւանքներին արդեն առերեսվում ենք։
Հիմա մենք կանգնած ենք հաջորդ 30-40 տարի տեւողությամբ նոր շրջափուլի առջեւ, որի ընթացքում հավանաբար որոշվելու է հայության որպես ժողովրդի եւ անկախ Հայաստանի, որպես միջազգային գործոնի գոյության հարցը։
Այս համատեքստում պետք է որոշենք, մենք լինելու ենք գործընթացի պասիվ դիտորդ, թե ակտիվ դերակատար, ով ոչ թե հերթական մեղավորներին ու դավաճաններին է փնտրելու, այլ պատրաստ է փոխվելու եւ փոխելու իր միջավայրը՝ ձեւավորելով քննադատական-վերլուծական մտածողությամբ օժտված պահանջատեր, կազմակերպված, կարգապահ քաղաքացիներից բաղկացած արդյունավետ հասարակություն, որը հարգում է անհատի իրավունքներն ու ազատությունները եւ ցանկանում է ապահովել յուրաքանչյուրի արժանապատիվ ու բարեկեցիկ կյանքը, իսկ անհրաժեշտության դեպքում պատրաստ է զենքը ձեռքին պաշտպանել այդ արժեքները թշնամիների ոտնձգություններից։
Նման փոփոխությունները չեն կարող առաջանալ ինքնաբուխ, առավել եւս Ֆեյսբուքյան գրառումների, կոչերի եւ հորդորների արդյունքում, դրանք որպես կանոն լինում են պետական հետեւողական քաղաքականության արդյունք, որն իրագործվում է երկու զուգահեռաբար կիրառվող գործիքների միջոցով՝ օրենքների եւ դրանց իրագործման համար հատկացվող ֆինանսավորման։
Գործող Սահմանադրության 86-րդ հոդվածը սահմանում է պետության քաղաքականության հիմնական նպատակները, որտեղ կրթության ոլորտին առնչվող նպատակներից է անվճար բարձրագույն եւ այլ մասնագիտական կրթության զարգացումը, իսկ զարգացումը ինչպես՞ պետք է արվի, ինչպիսի՞ արդյունքներ եւ արժեքներ ստեղծի, Սահմանադրությունը չի մանրամասնում։
Ժողովրդի քվեն ստացած քաղաքական ուժի նախընտրական խոստումներից էր Սահմանադրության բարեփոխումները, որը լավ առիթ է ամբողջությամբ վերանայել եւ վերաիմաստավորել հայության, Հայաստանի եւ հայկական հասարակության առջեւ կանգնած խնդիրները, ցույց տալ արժեքները, որոնց ձգտելու ենք, սահմանել նպատակներ, դրանց հասնելու մեխանիզմներ, գնահատման ուղենիշներ, ինչպես նաեւ ինստիտուտներ, որոնք պատասխանատու կլինեն դրա համար եւ պատասխանատվություն կկրեն հակառակի դեպքում։
Իսկ որպեսզի մայր օրենքի նոր տարբերակը չլինի հերթական անդեմ, իրավաբանական տերմիններով ողողված, սոցիալական, մշակութային եւ վարքագծային արժեք չստեղծող եւ անձանց նեղ շրջանակի համար գրված փաստաթուղթ, անհրաժեշտ է Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով ստեղծելիս չսահմանափակել իրավաբանների եւ քաղաքական ուժերի ներկայացուցիչներով, այլ ներառել մտավորականների տարբեր ոլորտներից, մի գուցե նաեւ Սփյուռքից, որոնք ոգի եւ շունչ կտան հիմնական փաստաթղթին։ Որպես օրինակ կարելի է դիտարկել ԱՄՆ Սահմանադրությունը, որն ավելի շատ գաղափարների, արժեքների եւ ժողովրդավարական հավատքների հավաքածու է, քան իրավական ձեւակերպումների ժողովածու եւ գրվել է բազմաթիվ մարդկանց կողմից՝ մարդկանց համար։
Դավիթ ՄԵԼԻՔ-ՆՈՒԲԱՐՅԱՆ
ԵՊԲՀ ավագ դասախոս, բ.գ.թ.
«Առավոտ» օրաթերթ
18.11.2021