Աղմկահարույց գործով դեռ դատարանում են Շիրակի մարզի մի խումբ կանայք:
Երեկ վերաքննիչ քրեական դատարանում նշանակված էր Սուսաննա Տոնոյանի եւ մյուսների գործով դատախազի բերած բողոքի քննությունը: Հայաստանի Հանրապետական կուսակցության Արթիկի շրջանային կոմիտեի համակարգող, 2021թ. հունիսի 20-ին նշանակված ՀՀ ազգային ժողովի արտահերթ խորհրդարանական ընտրություններում «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի պատգամավորության թեկնածու Սուսաննա Տոնոյանը մեղադրվել է ընտրություններին մասնակցելու, կուսակցությունների դաշինքի օգտին կողմ քվեարկելու համար մի խումբ անձանց կաշառք տալու համար: Այս գործով մեղադրանք է առաջադրվել նաեւ այդ գումարը ստացողներին, բոլորն էլ կանայք են՝ Շարմաղ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ ստացել է 30 000 ՀՀ դրամ իր, որդու եւ վերջինիս կնոջ համար: Մանուշակ Սեդյանը, Ելենա Սահակյանը ստացել են գումարներ: Անահիտ Մարտիրոսյանը ստացել է 20 000 ՀՀ դրամ իր եւ ամուսնու համար, Մանյակ Ումրոյանը ստացել է 10 000 ՀՀ դրամ գումար իր համար, Կատյա Չաղլյասնը՝ 30 000 ՀՀ դրամ գումար իր եւ տան 2 անդամների համար, Ալվարդ Չանգարյանը՝ստացել է 10 000 ՀՀ դրամ գումար իր համար, Միլենա Մարտիրոսյանը՝ ստացել է 20 000 ՀՀ դրամ գումար իր եւ տան մեկ անդամի համար, Իրինա Վարագյանը ՝ 20 000 ՀՀ դրամ գումար իր եւ տան 1 անդամի համար: Այսինքն, կատարել են արարք, որը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 154.2.-րդ հոդվածի 1-ին մասով:
Ի դեպ, հոկտեմբերի 12-ին՝ հիմք ընդունելով ՀՀ սահմանադրական դատարանի՝ 2018 թվականի հունիսի 26-ի թիվ ՍԴՈ-1421 որոշման պահանջները, քննության էր նշանակվել պատգամավորության թեկնածու Սուսաննա Տոնոյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցի հիմնավորվածության հարցը: Պաշտպանական կողմը վիճարկել էր կալանավորումը, նշելով, որ Ս.Տոնոյանը թոշակառու կին է, այրի է, վատառողջ է, ունենալով մանկավարժի երկարամյա՝ երեսուն տարուց ավելի աշխատանքային փորձ՝ վերջինս դասավանդել է տարբեր ուսումնական հաստատություններում, որտեղ դրսեւորել է իրեն բացառապես դրական կողմերից, ինչի արդյունքում արժանացել է շնորհակալագրերի եւ այլ խրախուսումների, զբաղվել է հասարակական այլ գործունեությամբ: Դատարանը երեք միլիոն գրավ էր կիրառել, եւ փոխել կալանքը: Գործը Վերաքննիչ քրեական դատարանում է հոկտեմբերի 20-ից: Բողոքը բերել է դատախազը՝ մեղադրող Ա. Ժամկոչյանը պահանջում է վերացնել գրավ կիրառելու մասին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի հոկտեմբերի 12-ի որոշումը(դատավոր Ն.Բեգլարյան): Խոսքը այս գործով ներգրավված միակ տղամարդու՝ գյուղատնտես Երջանիկ Գալոյանի խափանման միջոց կալանքը մեկ միլիոն գրավով փոխելու մասին է:
Սյունիքի մարզի երկու կանայք էլ միջնորդավճար էին ստացել կանանց սեռական բնույթի ծառայությունների մեջ ներգրավելու համար:
Կարդացեք նաև
Անուշ Ս-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա նպաստել է պոռնկությամբ զբաղվող Օ. Ս-ի, Ն. Կ-ի կողմից նշված գործունեությունները շարունակելուն: Ըստ դատարանում առկա գործի նյութերի, նա հանդես գալով որպես միջնորդ՝ պայմանավորվածություն է ձեռք բերել իր հետ կապ հաստատած տղամարդկանց հետ եւ կանանց ուղղորդել նրանց մոտ սեռական բնույթի ծառայություններ մատուցելու համար, ինչի դիմաց վերջիններից, իսկ որոշ դեպքերում հաճախորդներից պահանջել եւ ստացել է վճարված գումարի նախապես պայմանավորված միջնորդավճարը՝ 3.000-5000 ՀՀ դրամի չափով:
Այս գործով երկրորդ մեղադրյալը՝ նախկինում դատված Աղավնի Ս-ն նույնպես նպաստել էր պոռնկությամբ զբաղվող Օ. Ս-ի, Գ. Ս-ի եւ Ն. Կ-ի կողմից նշված գործունեությունը շարունակելուն: Մեղադրական եզրակացության համաձայն, նա հանդես գալով որպես միջնորդ՝ պայմանավորվածություն է ձեռք բերել իր հետ կապ հաստատած տղամարդկանց հետ եւ վերը նշված կանանց ուղղորդել նրանց մոտ սեռական բնույթի ծառայություններ մատուցելու համար, ինչի դիմաց ստացել է հիմնականում 5000 ՀՀ դրամի չափով գումար, երբեմն տրամադրել էր իր բնակարանը՝ դրա դիմաց նույնպես ստանալով որոշակի գումար: Այս կանանց համար ընտրվել էր խափանման միջոց՝ ստորագրություն չհեռանալու մասին: Աղավնիին դատարանը երեքուկես տարվա ժամկետով ազատազրկման էր դատապարտել, իսկ Անուշին երեք տարվա, սակայն, պայմանականորեն դատավճիռը չի կիրառվել՝ կիրառվելով առաջինի դեպքում հինգ տարով փորձաշրջան, երկրորդի դեպքում՝ երեք տարվա փորձաշրջան: Այս գործով էլ բողոք է բերել դատախազը:
Կոտայքի մարզում ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոց էր ընտրվել Նարինե Սիրեկանյանի նկատմամբ:
Նարինեն Արամուս գյուղի բնակչուհի Կարինե Հ-ին ներկայանալով որպես «Արտեմ Ադամյան» տվյալներով անձ, համացանցի «Համադասարանցիներ» ինտերնետային կայքի միջոցով «Արտեմ Ադամյան» տվյալներով ստեղծված կայքէջով հաղորդագրություններ, «ՍՄՍ»-ներ էր ուղարկել, երբեմն էլ մաս-մաս ստացել է տարբեր չափերի գումարներ, ըստ գործի նյութերի՝ մոտ 7.000.000 ՀՀ դրամ գումարի չափով: Տուժողը հայտնել էր, երեք անգամ խոսել է ինչ-որ անձի հետ եւ իրեն թվացել է, որ դա նույն «Արտեմ Ադամյանն» է, չնայած այն հանգամանքին, որ բոլոր երեք դեպքերում իր հետ խոսացող անձի ձայնը տարբեր է եղել։ Նշված հանգամանքին այդ ժամանակ ուշադրություն չի դարձրել՝ կարծելով. «Արտեմը գտնվում է ալկոհոլի ազդեցության տակ»։ «Արտեմ Ադամյան» ներկայացած անձը նրան ասել էր, որ գտնվում է արտերկրում եւ իր հետ ամուսնանալու նպատակով շուտով պետք է վերադառնա Հայաստան: Նույնիսկ շփման ընթացքում քննարկել են իրենց ամուսնության, միասին Գերմանիայի Դաշնություն մեկնելու հարցերը եւ «Արտեմը» տուժողին ասել է, որ զբաղվում է իր մեկնելու համար անհրաժեշտ փաստաթղթեր դասավորելով։
Դատարանը «Արտեմին» մեղավոր էր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործության կատարման մեջ եւ նրա նկատմամբ պատիժ նշանակել ազատազրկման ձեւով` 4 տարի ժամկետով՝ առանց գույքի բռնագրավման: Ապա «Էրեբունի-Երեւանի հիմնադրման 2800-ամյակի եւ Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիման վրա ազատել սույն դատավճռով նշանակված պատժի կրումից: Տուժողին տրվել է քաղհայց ներկայացնելու իրավունք, բացի այդ նա բողոք է բերել դատարան, պահանջելով նոր քննություն:
Մի շատ «ժամանակակից» հանցագործության կատարման մեջ երեք տղամարդկանց հետ ներգրավված է Արմինե Մ-ն:
Նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, 38-267.1-ին հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով, 35-267.1-ին հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով: Արմինեին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա եւս երկուսի հետ կազմակերպել է առանձնապես խոշոր չափերով «Ափիոն» տեսակի թմրամիջոցի մաքսանենգություն, ձեռք է բերել, պահել եւ փոխադրել է հիշյալ թմրամիջոցը, նախապատրաստել է մաքսանենգությամբ Հայաստանի պետական սահմանով տեղափոխել Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Նա կալանավորվել էր: Քրեական գործի մինչդատական վարույթի ընթացքում նրա կալանքը փոփոխելու վերացնելու կամ անփոփոխ թողնելու հարցը քննության էր առնվել սեպտեմբերի 23-ին կայացած դատական նիստի ընթացքում: Դատարանը որոշում էր կայացրել Արմինե Մ-ի նկատմամբ կիրառված կալանավորման ձեւով խափանման միջոցը փոխել եւ կիրառվել է գրավ՝ 2.000.000 ՀՀ դրամի չափով:
Վերջերս աճել են բուժաշխատող կանանց նկատմամբ հարուցված քրեական վարույթները, հիմնականում ծննդկանների մահվան եւ պատվաստանյութերի ներարկման-չներարկման գործերով:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
18.11.2021