Հարցազրույց գրող-հրապարակախոս, «Ֆոտո Գալաթասարայ. Պատկերների հյուրասենյակ» ցուցադրության հեղինակ Անահիտ Ղազարյանի հետ
Վերջերս կայացավ գրող-հրապարակախոս Անահիտ Ղազարյանի «Ֆոտո Գալաթասարայ. Պատկերների հյուրասենյակ» ցուցահանդեսը, որը պատմում է Ստամբուլի առաջին կին պրոֆեսիոնալ տաղավարային լուսանկարիչ Մարիամ Շահինյանի մասին։ 1915-ին նա 4 տարեկան աղջնակ էր, երբ նրա ընտանիքը դժվարությամբ Սեբաստիայից տեղափոխվեց Ստամբուլ։ Լուսանկարչուհու ընտանիքը փրկվեց ջարդից Օսմանյան խորհրդարանի պատգամավոր պապի հեղինակության շնորհիվ։ Շուրջ կես դար ստեղծագործած Շահինյանի արխիվն այսօր հասանելի է բոլորին։ Իսկ թե ինչպե՞ս սկսվեց այս պատմությունը, որտեղի՞ց Անահիտ Ղազարյանը գտավ հայուհու մոռացության մատնված լուսանկարները եւ ինչի՞ մասին է պատմում լուսանկարչուհու արխիվը, պատմում է հենց ստամբուլյան հետազոտության հեղինակը։
– Անահիտ նախ շնորհավորում եմ, Ձեր կատարած աշխատանքն արժանի է բարձր գնահատանքի, կպատմեք՝ ինչպե՞ս գտաք Մարիամին։
– Շնորհակալ եմ, 2016-ին Ստամբուլում էի, «Հիշողությունների քայլերթ-զբոսանք» էր, որին մասնակցում էի որպես դիտորդ։ Այստեղ զբոսավարը պատմում էր Բեյօղլու թաղամասի սեռական ու մշակութային փոքրամասնությունների մասին: Ընթացքում լսեցի, որ Իսթիքյալ փողոցի այսինչ շենքում է եղել հայ լուսանկարչուհի Մարիամ Շահինյանի լուսանկարչատունը։ Կարելի է ասել, Մարիամը գտավ ինձ։
Կարդացեք նաև
– Կպատմե՞ք Ձեր գտած լուսանկարների մասին։
– Ստամբուլում կան հիշողությունը պահող օղակներ, որտեղ կարելի է գտնել նախկինում վաճառված տներից դուրս բերված իրեր։ Հնավաճառների մոտ տարբեր արկղեր կային՝ լի խունացած, մաշված ու կեղտոտ լուսանկարներով, ու գտա FotoGalatasaray կնիքով առաջին նկարը` աղջիկներ էին, կողք-կողքի կանգնած։
– Դուք գտել ու գնել եք 27 բնօրինակ լուսանկար, ներկայացրել լուսանկարչուհու կյանքի մասին պատմող գիրք` լի լուսանկարներով, կպատմե՞ք Շահինյանի ստեղծագործական ոճի մասին։
– Մարիամի ոճը մինիմալիստական էր… Եթե այլ լուսանկարչատներ շատ ատրիբուտներ են օգտագործել, ապա իր մոտ ամեն բան նվազագույնի է հասցված եղել: Օրինակ, նա 50 տարի օգտագործել է նույն աթոռը` մաշված, փայտե ձիուկը, հայելին։
– Նրա խցիկի առջեւ կանգնած կերպարներն էլ շատ ինքնատիպ են` տրանս անձինք, ներքնազգեստով կանայք, մերկ, պատանեկան տարիքի աղջիկ, անշուշտ, կան նաեւ ավանդական դեմքեր եւ իրադարձություններ եւս։ Կպատմե՞ք կերպարների մասին, արդյոք ազդե՞լ են նրա նկարած բազմազան կերպարներն իր անձնական նախասիրությունների վրա։
– Ստամբուլյան մշակույթը սեռական առումով շատ բազմազան է եղել։ Այո, եղել են տրանս անձինք, գեյեր։ Հարեմ բառը գիտեք, հարեմ ու հարամ բառերը նույն արմատն ունեն, որովհետեւ հարեմ մտնելը հարամ է եղել…մեկ սուլթանին հասնում էին բազում կանայք, փակ համակարգի պես էր. տղամարդկանց համար կանանց հետ լինելու հնարավորությունը քիչ էր։ Մուսուլմանական մշակույթում դա տարածված էր։ Ինչ վերաբերվում է Մարիամին, նա շատ խստակենցաղ կին է եղել, ընտանիք չի կազմել, ծնողներին է պահել։ Նրան ասում էին մադմուազել, այլ կեցվածք ու արտաքին, հեղինակություն է ունեցել, չնայած որ եղել է քրիստոնյա, կին եւ լուսանկարիչ:
– Մարիամ Շահինյանին գտնելն ի՞նչ տվեց ձեզ։
– Օգնեց մտածել ինքդ քո մասին ուրիշ ձեւով, կարողացա գտնել կին ստեղծագործողի ավանդույթը, որը քեզնից առաջ եղել է, կա ու կլինի։ Պատմությունը միշտ պատմվում է որպես տղամարդու պատմություն։ Լուսանկարչությունն էլ ընկալվում է որպես տղամարդու ոլորտ։ Երբ խոսում էի «Մարմարա» օրաթերթի գլխավոր խմբագիր Ռոբեր Հատտեճյանի հետ, որը նույնպես ժամանակին լուսանկարվել է Մարիամի մոտ, հետաքրքիր բան պատմեց: Ասում է՝ ես առաջին անգամ գնացի ու ինձ կին դիմավորեց, հարցրի՝ իսկ ու՞ր է լուսանկարիչը, ասաց` ես եմ, ես շատ զարմացա։
– Անահիտ, իսկ ի՞նչ ծրագրեր ունեք Մարիամ Շահինյանի՝ ձեր «այլընտրանքային արխիվի» հետ կապված։
– Իմ գտած ֆոտոներով, իմ էսսեներով ալբոմ տպել, թեման հասցնել գիտական աստիճանի ու վավերագրական ֆիլմ նկարել։
Զրույցը
Շուշան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ
«Առավոտ» օրաթերթ
18.11.2021