Լրահոս
Օրվա լրահոսը

Ռաֆայել Մանուկյանը վերականգնում է թալանված քանդակը

Նոյեմբեր 19,2021 12:30

Երիտասարդ քանդակագործը վստահեցնում է, որ պահպանում է Դավիթ Բեջանյանի ձեռագիրն ու ոճը:

Քանդակագործ Դավիթ Բեջանյանի «Անվերջության ժապավեն» մոնումենտալ քանդակի վերականգնումը Բեջանյանի ժառանգների համաձայնությամբ եւ ցանկությամբ իրականացնում է երիտասարդ քանդակագործ Ռաֆայել Մանուկյանը: 2019-ին պետությունը որոշեց վերականգնել այն, նախագծերի մրցույթ հայտարարվեց: Երեւան-Սեւան մայրուղում գտնվող ինքնատիպ քանդակը վանդալիզմի զոհ էր դարձել: «Առավոտի» հետ զրույցում Ռաֆայել Մանուկյանը նշեց, որ վերականգնման աշխատանքի ընթացքում ինչ-ինչ խնդիրներ եղել են, բայց այժմ միակ խնդիրը եղանակն է. «Հույս ունենք, որ առաջիկա երկու-երեք շաբաթներին լավ եղանակներ կլինեն, ու կկարողանանք ավարտին հասցնել: Ցավոք, վերականգնման ընթացքում քանդակը եւս մեկ անգամ վանդալիզմի ենթարկվեց, վերականգնումը չավարտած՝ կրկին թալանեցին: Մնացածը սովորական աշխատանքային խնդիրներ են, որոնք լուծվում են»:

Մեր հարցին՝ հեղինակը ողջ չէ, ու ինքը վերականգնում է նրա աշխատանքը, աշխատելիս ի՞նչ է զգում, կհավանե՞ր արդյոք իր կատարած աշխատանքը Դավիթ Բեջանյանը, Ռաֆայել Մանուկյանը հետեւյալ կերպ պատասխանեց. «Բարդությունն իրականում սարսափելի է, որքանով տեղյակ եմ, Հայաստանում նման փորձ չի եղել՝ վերականգնել այդ մասշտաբի աշխատանք: Ընդհանուր առմամբ, կարելի է ասել, որ զրոյից քանդակ է արվել՝ հնարավորինս փորձելով չափերը պահել այնպիսին, ինչպես եղել է: Ի դեպ, ժամանակին չափագրում էլ չի եղել: Ինձ թվում է քանդակելու ընթացքում ես փորձել եմ մտածել այնպես, ինչպես ժամանակին մտածել է Դավիթ Բեջանյանը, այսինքն՝ հնարավորինս հարազատ մնալ իր ֆորմաներին: Ամբողջ քանդակի վերականգնումը արվել է, այսպես ասած, Բեջանյանի մտքով, պահվել են իր ձեռագիրն ու ոճը»:

Մեր դիտարկմանը՝ Հայաստանում արձանամոլության միտում կա, մի տեսակ մահարձանային ուղղությունն է շեշտադրված, ինչպե՞ս է քանդակագործը նայում այս ամենին, Ռաֆայել Մանուկյանն այսպես արձագանքեց. «Ես ցանկացած հնարավորության դեպքում թե պետական մարմիններին, թե տարբեր բարերարների միշտ առաջարկում եմ՝ սկսեք մտածել, որ այստեղ պետք է սկսեն դրվել ժամանակակից քանդակներ, թե չէ Հայաստանում իրականում շատ տխուր վիճակ է այդ առումով, ամենուրեք մահարձաններ են տեղադրված, հուշարձաններ: Ինչ վերաբերում է «Անվերջության ժապավենին», այն իր ժամանակի համար բավականին մոդեռն աշխատանք էր՝ թեեւ եւ սոցիալիստական մոտեցումներ կան, բայց նաեւ ժապավենի լուծումը եւ մնացած դետալները մոդեռն էին ժամանակի համար: Հուսանք, որ վերջապես քայլեր կձեռնարկվեն, որպեսզի այսուհետ ժամանակակից արվեստ լինի Հայաստանում, մանավանդ մենք ունենք այնպիսի հեղինակներ, որոնց գործերը կարելի է տեղադրել այստեղ, հատկապես որ դրանք արտասահմանյան հեղինակավոր ցուցասրահներում են ցուցադրվում, հեղինակավոր ցուցահանդեսների մասնակցում»:

Մեր զրույցի ժամանակ անդրադարձ եղավ Արտո Չաքմաքչյանի «Քայլող մարդը» քանդակի՝ Հյուսիսային պողոտայում տեղադրվելուն: Մեր զրուցակցի ձեւակերպմամբ, դա հեղինակի լավագույն գործերից է, եւ շատ լավ է, որ արդեն մեր քաղաքում է. «Լավ կլիներ, որ հեղինակը տեսներ այդ ամենը, այժմ այն ընտանիքի համաձայնությամբ իրականացրել է Մկրտիչ Մազմանյանը»: Չաքմաքչյանի քանդակը տեղադրելու առաջարկին Երեւանի ավագանին հավանություն էր տվել դեռեւս 2019 թվականի դեկտեմբերին:

«Առավոտի» հարցին՝ երիտասարդ քանդակագործներին այսօր ավելի շատ ինչ է պետք, քանդակագործը հակիրճ պատասխանեց. «Ինձ միայն ժամանակ է պետք ու ստեղծագործել, ինչն իմ ապրելակերպն է»: Նաեւ հավելեց, որ հույս ունի Երեւանում ժամանակակից հեղինակների ավելի շատ գործեր տեսնել. «Աշխարհում կան օրինակներ, որ հուշարձանը մահարձան չէ, ինչպես Նելսոն Մանդելայի կամ ասենք Կաֆկայի կամ Վան Գոգի դեպքում է, մեզ մոտ այդ մտածելակերպից դեռ չեն ձերբազատվել, բայց դա ավելի խորը խնդիր է, նախ եւ առաջ՝ հասարակության ընկալման խնդիր է… Ստեղծագործողին պետք է ավելի շատ ազատություն տալ ու սկսել մի քիչ էլ հուշարձանի կոնցեպտը փոխել»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարները՝ Ռաֆայել Մանուկյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930