Վենեսուելացի դաշնակահար Սերխիո Տիեմպոն օրերս առաջին անգամ հանդես եկավ Երեւանում` Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ:
Անվանի դաշնակահարը հնչեցրեց Շոպենի թիվ 1 Դաշնամուրի կոնցերտը, որը, մասնագետների բնորոշմամբ, փայլուն, վիրտուոզ տեխնիկա է պահանջում, բայց միեւնույն ժամանակ պոետիկ է եւ քնարական:
Համերգից անմիջապես հետո երաժիշտը մեզ ժամանակ տրամադրեց հարցազրույցի համար:
Ի դեպ, Սերխիո Տիեմպոյին New York Times, New York Classical եւ այլ հեղինակավոր պարբերականները որակում են որպես աշխարհի «ամենաարագ», սենսացիոն, վիրտուոզ եւ իր սերնդի ամենաինքնատիպ դաշնակահար, ինչում համոզվեց հանդիսատեսը:
– Միստեր Տիեմպո, առաջին անգամ եք Հայաստանում, տպավորիչ, նույնիսկ ճոխ կենսագրություն ունեք: Գիտենք, որ վունդերկինդ երեխա եք եղել, 14 տարեկանում կայացել է ձեր առաջին բեմելը Concertgebouw նվագախմբի ընկերակցությամբ, եւ ինչպես արեւմտյան մամուլն է գրում, այդ ելույթից սկսվել է ձեր սրընթաց վերելքը: Երեխաները սովորաբար սկզբից հաճախում են դպրոց, հետո քոլեջ, կոնսերվատորիա, բայց ձեր ուսուցիչը եղել է ձեր մայրը…
– Օհ, շնորհակալություն կոմպլիմենտի համար: Այո, իմ դաշնամուրի առաջին ուսուցիչը մայրս է եղել՝ Լիլ Տիեմպոն, նա հրաշալի ուսուցիչ է եւ կրթել է հարյուրավոր երեխաների: Իտալական Fondazione per il Pianoforte հիմադրամի շնորհիվ համագործակցել եմ Դմիտրի Բաշկիրովի, Ֆու Ցոնգի, Մյուրեյ Ֆերայայի եւ Դիտրիխ Ֆիշեր-Դիսկաուի հետ: Փոքր հասակից իմ մենթորներն են Մարթա Արգերիխիը եւ Նելսըն Ֆրեերը: Ցավոք Ֆրեերը վերջերս հեռացավ կյանքից եւ դա մեծ կորուստ է ինչպես իմ, այնպես էլ ողջ երաժշտական աշխարհի համար: Նրա մահից հետո առաջին անգամ եմ նվագում Շոպենի այս կոնցերտը եւ կատարումս նվիրում եմ մեծ երաժշտի՝ Նելսըն Ֆրերի հիշատակին:
– Մամուլը հատկապես կարեւորում է ձեր բեմելը Լոնդոնի Queen Elizabeth Hall-ում, ինչո՞վ է այն նշանավոր:
– Գիտեք, անշուշտ, կարեւոր են ելույթները հեղինակավոր համերգասրահներում եւ ես այդ առումով բախտավոր եմ. Նվագել եմ Վիեննայի Konzerthaus-ում, Լոնդոնի Wigmore Hall-ում, Բեռլինի ֆիլհարմոնիայում, բայց ինձ համար ավելի կարեւոր են այն մեծ երաժիշտների հետ շփումն ու միասին ստեղծագործ պրոցեսը եւ ես այդ առումով գնահատում եմ իմ համագործակցությունը Մարթա Արգերիխի, Միշա Մայսկիի, նույն Նելսըն Ֆրեերի ու շատ-շատերի հետ: Նաեւ նվագախմբերի՝ Orchestre Philharmonique de Radio France, Brussels Philharmonic, New York Philharmonic, Boston Symphony Orchestra, Orquestra Nacional do Porto, Singapore Symphony, BBC Symphony, City of Birmingham Symphony եւ այլ, դրանք շատ-շատ են: Լավ երաժիշտները միշտ բարձրացնում են նվագիդ որակը եւ դա է ինձ համար առավել գնահատելի:
Կարդացեք նաև
– Մեր ընթերցողին տեղեկացնենք, որ հանդես եք եկել այնպիսի անվանի դիրիժորների հետ, ինչպիսիք են, Կլաուդիո Աբբադուն, Կուրտ Մազուրը, Մյունգ-Վուն Չունը, Թայրրեի Ֆիշերը եւ մյուսները: Հետաքրքիր է, մինչ Հայաստան այցելելը գուցե խաչվե՞լ են ձեր ուղիները արտերկրում Էդուարդ Թոփչյանի հետ:
– Ցավոք ոչ, բայց երջանիկ եմ, որ ունեցա այս հնարավորությունը նվագել մաեստրո Էդուարդոյի եւ այս հրաշալի նվագախմբի հետ: Մեր կապն անմիջապես կայացավ, հենց առաջին նոտայից, մենք հրաշալի զգում ենք միմյանց, ես ուղղակի բախտավոր եմ:
– Գիտենք նաեւ, որ ձեր քույրը նույնպես ճանաչված դաշնակահար է: Նրա հետ ձայնագրել եք երկու դաշնամուրի եւ նվագախմբի համար գրված մեկ ստեղծագործություն… Մի փոքր ներկայացրեք, խնդրեմ ձեր համատեղ աշխատանքը: Կարծում ենք, որ չի բացառվում հաջորդ անգամ հայ հանդիսատեսին ներկայանաք ձեր քրոջ հետ:
– Իմ քույրը՝ Կարին Լեհները, հրաշալի դաշնակահար է: Նա է եղել առաջին անձնավորությունը ով ներկայացրել է ինձ հանդիսատեսին: Տասներկու տարեկան էի, երբ միասին համերգ ունեցանք երկու դաշնամուրով: Միասին ձայնագրել ենք արգենտինացի կոմպոզիտոր Ֆեդերիկո Լուսիդիի նոր ստեղծագործությունը երկու դաշնամուրի եւ նվագախմբի համար, որը գրվել էր RSI Lugano հեռուստառադիոյի պատվերով, ինչպես նաեւ Avanti Classics ֆիրմայում ձայնագրել ենք ֆրանսիացի կոմպոզիտորների ստեղծագործություններ: Մինչ այժմ նա ինձ համար այն երաժիշտն է, ում հետ նվագելն ամենահաճելի բանն է ինձ համար:
– Հայ կոմպոզիտորներին երբեւէ անդրադարձե՞լ եք, ունե՞ք հայազգի երաժիշտ ընկերներ:
– Դեռեւս հայ կոմպոզիտորների չեմ անդրադարձել, բայց շատ կուզեմ մի օր նվագել: Ես սիրում եմ իմ երկացանկում ընդգրկել ամենատարբեր կոմպոզիտորների ստեղծագործություններ: Հայ երաժիշտ ընկերներ շատ ունեմ եւ այստեղ եմ իմ սիրելի ընկերոջ, հրաշալի թավջութակահար Սեւակ Ավանեսյանի միջնորդությամբ:
Հայաստան գալով՝ էլ ավելի սիրեցի հայ ժողովրդին, այնքան ջերմություն, սեր կա ձեր մեջ, այնքան շատ երաժշտություն կա:
– Հատուկ ձեզ համար ստեղծագործություններ են գրում կոմպոզիտորները, օրինակ՝ Նյու Յորքի ֆիլհարմոնիկի հետ առաջին անգամ հնչեցրել եք Բենսեկրիի դաշնամուրի կոնցերտը: Ինչպե՞ս է պատահում նման համագործակցությունը, դուք եք պատվիրու՞մ, թե՞ իրենք են ձեզ գտնում:
– Սովորաբար կոմպոզիտորն ինքն է գտնում իր կատարողին եւ իմ դեպքում դա բացառություն չէ: Ես մեծ հաճույքով եմ կատարում ժամանակակից ստեղծագործությունները: Նախ Բենսեկրիի կոնցերտն ուղղակի հրաշալի ստեղծագործություն է, հետո սիրում եմ աշխատել կոմպոզիտորի հետ իր գործի վրա, որը ժամանակակիցների պարագայում հնարավոր է:
Զրուցեց Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆԸ
Լուսանկարներն արվել են գլխավոր փորձի ժամանակ