Նոյեմբերի 11-ից Ադրբեջանը, ինչպես ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարն էր հայտարարել, սահմանային-մաքսային անցակետեր է տեղադրել Գորիս-Կապան միջպետական ճանապարհին։ Ավելի ուշ Արմեն Գրիգորյանն ասաց, որ հայ վարորդները կարող են վճարի դիմաց անցնել այդ հատվածով։ Միաժամանակ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հերթական անգամ բարձրաձայնեց, որ ադրբեջանական զինված ծառայողների, իրավապահ մարմինների ներկայությունն ու առավելեւս նրանց արարքները ՀՀ ճանապարհներին անօրինական են ի սկզբանե. «Պետք է ոչ թե հայտարարություններով լեգիտիմացնել նրանց ներկայությունն ու արարքները, այլ աշխատանքներ տանել նրանց հեռացնելու ուղղությամբ»։ Թեմայի շուրջ «Առավոտ»-ը զրուցել է «Կովկասի ինստիտուտ» գիտահետազոտական կենտրոնի գիտաշխատող, տնտեսագետ, քաղաքագետ Հրանտ Միքայելյանի հետ։
– Պարոն Միքայելյան, ձեր դիտարկմամբ՝ ՀՀ միջպետական ճանապարհին ադրբեջանական անցակետերի տեղադրումն ի՞նչ սպառնալիքներ է ենթադրում՝ տնտեսական, անվտանգային եւ այլ տեսանկյունից։
– Այսպես ՀՀ-Իրան միջպետական ճանապարհը նախեւառաջ դառնում է ոչ անվտանգ։ Անվտանգության հարցը մի քանի բաղադրիչ ունի: Ստացվում է, որ մի քանի գյուղեր կտրվում են ՀՀ այլ տարածքներից։ Սյունիքի բնակիչները կկորցնեն անվտանգության զգացողությունը։ Բացի այդ, ռազմական նշանակության բեռները չենք կարողանալու մեր տարածքով փոխադրել։ ՀՀ-ին ճնշելով՝ հարցեր են լուծվում։ Նորից ՀՀ-ի հաշվին են լուծվում հարցերը, եւ ներպետական ճանապարհին դրվում է մաքսակետ։ Դա, այնուամենայնիվ, լուրջ խորհրդանշական իրողություն է։ Ով էլ խոսի, թե դա Ադրբեջանի տարածք է(նկատի ունի Նիկոլ Փաշինյանի ասածը, թե մաքսակետերը տեղադրվել են ադրբեջանական համարվող հատվածում.-հեղ.)… Դա Ադրբեջանի տարածք չէ, դա խորհրդային Ադրբեջանի տարածք է՝ ըստ 1976թ.-ի քարտեզի։ Բացի այդ, մենք ցանկացած բեռ տեղափոխելով ՀՀ-ի տարածքով՝ պետք է վճարենք Ադրբեջանին։ Սա բարդացնելու է, խոչընդոտ է ստեղծելու միջպետական եւ ներպետական առեւտրի հարցում։ Պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ նշյալ հանապարհահատվածը, որտեղ տեղադրվել են ադրբեջանական մաքսակետերը, Ադրբեջանի համար որեւէ կարեւորություն չունի, սակայն կարեւոր է ՀՀ-ի համար. հենց այդ պատճառով է Ադրբեջանը դրանով զբաղվում։ Այսինքն, հաշվի առնելով ՀՀ-ի համար այդ ճանապարհի կարեւորությունը՝ Ադրբեջանը փորձում է այն օգտագործելով ճնշել Հայաստանին։
Կարդացեք նաև
– Եթե վերջին մեկ տարվա վերլուծություն կատարեք, ապա պատերազմից հետո ո՞ր գործոնները հանգեցրին այս իրավիճակին։
– Գլխավորն այն է, որ ոչ նոյեմբերի իննի հայտարարությունը բանակցվեց ադեկվատ, ոչ էլ դեկտեմբերին տեղի ունեցած պայմանավորվածությունը։ Այդպիսով, մենք այն տարածքներից դուրս եկանք, որոնք մեր վերահսկողության տակ էին։ Բանակցություններ չեղան, եւ փաստացի սահմանազատումը տեղի ունեցավ ապօրինի։ Որեւէ համաձայնություն չկար դրա վերաբերյալ։ Նոյեմբերի իննի հայտարարությամբ հայկական կողմը դուրս եկավ Քարվաճառից։ Մենք դա կատարեցինք, մինչդեռ դրա դիմաց չպահանջեցինք, որ մեր գերիներին վերադարձնեն։ Այսինքն, Շահումյանի շրջանից դուրս եկանք անվերապահորեն։ Մենք դրա տակ հասկանում ենք Սոտքի հանքից այս կողմ, իսկ ադրբեջանցիները՝ այն կողմ, ու սահմանազատումը տեղի է ունենում իրենց ասածով, իրենց հասկացածով։ Սա խնդիր է։ Այսինքն, սահմանային շատ հարցերի շուրջ բանակցություններ չեղան, եւ այստեղ շատ լուրջ պատասխանատվություն, ավելի շուտ՝ մեղավորություն ունի գործող իշխանությունը։
– Վերջին շրջանում Թուրքիայից այդ թվում նախագահի մակարդակով ասվում է՝ պատրաստ են ՀՀ-ի հետ հարաբերությունների կարգավորմանը, եթե վերջինս խնդիրները լուծի Ադրբեջանի հետ։ Սա որքանո՞վ է հիմք տալիս փաստելու, որ Թուրքիան նոր նախապայման ունի՝ ի դեմս Ադրբեջանի։
-Թուրքիայի եւ Ադրբեջանի երկկողմանի խաղում Թուրքիան ասում է, որ պաշտպանում է Ադրբեջանի շահը, իսկ Ադրբեջանից ակնկալում է ակտիվ հակահայկական դիրքի զբաղեցում։ Այսպիսով Թուրքիան հնարավորություն ունի ավելի կառուցողական երեւալու, իսկ Ադրբեջանը՝ շատ ավելի կոպիտ, որովհետեւ Թուրքիան Արեւմուտքի հետ պետք է աշխատի։ Խնդիրը հետեւյալն է՝ Թուրքիայի խոսքերին չպետք է հավատալ։ Կա պարզ ճշմարտություն՝ գործին պետք է հավատալ, ոչ թե խոսքին։ Եթե Թուրքիան խաղաղություն է ուզում, ինչո՞ւ նախորդ տարի խառնեց ու սկսեց պատերազմը, կամ, ինչո՞ւ սահմանները չի բացում, եթե իսկապես խաղաղություն է ուզում։
ԼուիզաԱ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
18.11.2021