Լրահոս
Օրվա լրահոսը

«Բիզնեսի հերն էլ անիծած, խաղաղություն լինի, վե՛րջ». Սիսիանցի

Նոյեմբեր 18,2021 19:35

Վաչագան Խոսրովյանը Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում ծաղկի սրահ ունի, որտեղ էլ նրան հանդիպեցինք։

Նա պատմում է, որ նոյեմբերի 16-ին սահմանի կրակոցները լսվել են քաղաքում և մոտակա գյուղերում. «Դե ի՞նչ անենք, կրակոցներ են։ Սիսիանում խուճապ չկար, բայց լարվածություն կար, որովհետև ձայները լսվում էին. գիտենք՝ որտեղ է, մեր սահմանն է»։

Պարոն Վաչագանը կարծում է, որ սահմանազատման և սահմանագծման գործընթացները կարող են շուտ ավարտել, և երկու երկրների ժողովուրդը կարողանան խաղաղ ապրել. «Բայց չեն անում, ու չենք հասկանում, թե ի՞նչ են ուզում, ու ո՞ւմ խաղերն են։ Իրենք Հայաստանին պատերազմ չեն հայտարարել ու չեն էլ հարձակվում մտնեն, բայց չեն անում։ Ինչո՞ւ, ի՞նչ են ուզում անել, վախեցնե՞լ։ Մենք Ադրբեջանի ծրագրերը ու նպատակները չգիտենք»։

Հարցին, իսկ պատրա՞ստ են կողք-կողքի ապրել ադրբեջանցիների հետ, պարոն Վաչագանը պատասխանեց՝ ո՛չ. «Դա կարող էր լինել մինչև այս պատերազմը։ Նախկին կռվից 30 տարի անցել էր, խաղաղվել էին, վրեժը գրեթե մոռացվել էր։ Հիմա թարմացրել են, ու իրար հետ չենք կարող ապրել, անհնար է դա»։

Միջանցքը բացելու դեպքում էլ նա կարծում է, որ պետք է տեղի բնակիչների համար անհրաժեշտ անվտանգությունը ապահովել. «60 տարի ապրել ենք, ինչ ունենք այստեղ ենք ստեղծել, ո՞ւր թողնենք, թուրքին տա՞նք, գնանք։ Չենք թողնի։ Ո՞ւմ տամ խանութը, տունը իմ ամբողջ կյանքի աշխատանքն է, ու իմ նման շատ մարդիկ։ Ու ով ոչինչ չունի, երևի ինքն էլ չի գնա, միայն անվտանգությունը պետք է երաշխավորված լինի, որ մարդիկ համոզված լինեն, որ կարող են այստեղ մնալ անվտանգ աշխատել, արարել, ստեղծել։ Իսկ եթե այսպես անսպասելի հարձակումները շարունակական լինեն հաստատ հնարավոր է այստեղ հայաթափվի. բոլորն էլ ուզում են ապրել»։

Պարոն Վաչագանը ասում է, որ հոգեպես շատ ծանր է ծաղկի սրահ ունենալը. «Այստեղ Երևանը չէ։ Այստեղ բոլորը ճանաչում են իրար։ Մենք գիտենք՝ մտել է խանութ, զոհվածի մայր է։ Անխտիր զեղչեր ենք արել, որ պիտի աշխատեիր 100 դրամ, չես աշխատում։ Ոչի՛նչ, չենք բողոքում։ Հիմա նորից վերքերը թարմացան, 70-ից ավել զոհեր։ Մեր ամբողջ օրը տխուր է անցնում՝ որպես ծաղկի խանութ տխուր մարդիկ են մտնում, սգի տեր, մտնում են, գնան գերեզմաններ։ Ի՞նչ անես, այդ մարդկանց ո՞նց ճանապարհես։ Պատահում է՝ մտնում են լացում են։ Բոլորի հետ կիսում ենք իրենց վիշտը։ Ի՞նչ անես, ասե՞ս՝ մի՛ լացի։ Բա զոհվածի մայր է, քույր է՝ մի բան հիշում է, մի բան ասում է և աչքերը լցվում են։ Եվ այդպես տխուր անցնում են օրերս։ Ուրախանում ենք, երբ մի մարդ հանկարծ ծնունդի նվեր է տանում։ Այստեղ բոլորին ճանաչում ենք, 70-ից ավել թաղման եմ մասնակցել, երևի կեսից քչին չեմ իմացել, թե ով է։ Բա, մեր քաղաքի տղա է, ո՞նց չգնաս։ Մեր բնագավառն էլ դա է»։

Վերջում հավելում է. «Բիզնեսի հերն էլ անիծած, խաղաղություն լինի, վե՛րջ։ Մենք խաղաղություն ենք ուզում, ո՛չ թուրքի հող ենք ուզում, ոչ մի բան չենք ուզում։ Թողնեն խաղաղ ստեղծենք ապրենք, մի քիչ էլ թո՛ղ պակաս ապրենք, համաձայն եմ, միայն խաղաղություն լինի»։

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930