Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմը ահռելի վնաս է հասցրել և մեծացրել ականների և պայթուցիկ այլ նյութերի մաքրման անհրաժեշտությունը

Նոյեմբեր 18,2021 19:45

ՀՀ պատվիրակությունը դիտորդի կարգավիճակով մասնակցել է Հակահետևակային ականների օգտագործման, կուտակման, արտադրման և փոխադրման արգելքի և դրանց ոչնչացման մասին կոնվենցիային անդամակցող պետությունների տասնիններորդ հանդիպմանը

Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը դիտորդի կարգավիճակով մասնակցել է նոյեմբերի 15-ից 19-ը Հաագայում ընթացող Հակահետևակային ականների օգտագործման, կուտակման, արտադրման և փոխադրման արգելքի և դրանց ոչնչացման մասին կոնվենցիային անդամակցող պետությունների 19-րդ հանդիպմանը, որի ընթացքում պատվիրակության անդամ Վիվիանա Քալաեջյանը հանդես է եկել ելույթով՝ անդրադառնալով 1990-ական թվականներից ի վեր Հայաստանի և Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած միմյանց հաջորդող պատերազմներում ականների և պայթուցիկ այլ նյութերի կիրառման ծանր հետևանքներին, 2020թ․ Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված ագրեսիայի հետևանքով առաջ եկած նոր մարտահրավերներին և խնդրի առնչությամբ հայկական կողմի մոտեցումներին։

«Ձերդ գերազանցություննե՛ր,

Հարգելի՛ գործընկերներ,

Թույլ տվեք նախ շնորհակալություն հայտնել այս արդիական խնդրի վերաբերյալ ելույթով հանդես գալու հնարավորության համար։ Հայաստանն իր անկախությունից ի վեր այն երկրների թվում է, որոնք մեծապես տուժել են ականների կիրառումից, քանի որ Ադրբեջանը 1990-ական թվականներից սկսած Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծած, միմյանց հաջորդող պատերազմներում լայնորեն կիրառել է ականներ և պայթուցիկ այլ նյութեր։ Այս մարտահրավերը հատկապես ծանր է եղել Լեռնային Ղարաբաղի համար։ ՄԱԶԾ տվյալներով ականների պայթյուններից քաղաքացիական բնակչության հարյուրավոր հայ ներկայացուցիչներ են զոհվել, հարյուրավորն էլ վիրավորվել։

Տասնամյակներ շարունակ Հայաստանը լրջորեն աջակցել է Լեռնային Ղարաբաղն ականներից մաքրելուն ուղղված միջազգային ջանքերին։ Գրեթե 30 տարի շարունակ Ադրբեջանը հետևողականորեն խոչընդոտել է ականազերծման գործողությունները Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում, որակելով դրանք որպես անօրինական։ Անգամ ԵԱՀԿ երևանյան գրասենյակը փակվեց ականազերծման աշխատանքներին վերջինիս ներգրավվածության վերաբերյալ Ադրբեջանի անհիմն պնդումներից հետո։

Ձերդ գերազանցություննե՛ր,

Ականների և պայթուցիկ այլ նյութերի մնացորդների խնդիրը, բնականաբար, վատթարացել է ԼՂ վերջին պատերազմի հետևանքով։ Ադրբեջանական զինուժի կողմից իրականացված ուժգին ռմբակոծությունը Լեռնային Ղարաբաղի տարածքը ողողել է դեռևս չպայթած բազմաթիվ զինատեսակներով։ «Human Rights Watch» և «Amnesty International» կազմակերպությունները մասնավորապես հաստատել են Ադրբեջանի կողմից կասետային զինատեսակների կիրառումը։

«Human Rights Watch»-ը, մասնավորապես, եզրակացրել է /մեջբերում եմ/․ «Ադրբեջանը լայնամասշտաբ ազդեցության զինամթերք է կիրառել, այդ թվում՝ սկզբունքորեն ոչ ճշգրիտ հրետանային հրթիռներ, որոնց հարվածները կարող են լինել անխտրական և, հետևաբար՝ անօրինական»: «Human Rights Watch»-ը չի գտել ռազմական տեխնիկա կամ ռազմաբազա այն տարածքներում, որոնց նկատմամբ հարձակումներ են տեղի ունեցել:

Ըստ «HALO Trust» կազմակերպության՝ «հրթիռներն ու կասետային զինատեսակները հայտնաբերվել են քաղաքացիական բնակավայրերում, իսկ սովորաբար մաքուր և խաղաղ փողոցները լի են ռումբերի խառնարաններով, այրված մեքենաներով և գնդակոծված շենքերով։

«Washington Post»-ը հայտնել է, որ Լեռնային Ղարաբաղի հայաբնակ գյուղերից մեկի միայն մեկ տան տարածքից առավել քան 30 չպայթած M095 մարտագլխիկներ են հայտնաբերվել։

Տիկնա՛յք և պարոնայ՛ք,

Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմը ահռելի վնաս է հասցրել և մեծացրել ականների և պայթուցիկ այլ նյութերի մաքրման անհրաժեշտությունը։ Օգտվելով այս հնարավորությունից, ցանկանում ենք մեր երախտագիտությունը հայտնել ռուսական խաղաղապահ զորախմբին, Լեռնային Ղարաբաղի տարածքում իրականացվող ականազերծմանն արժեքավոր ներդրման համար, որտեղ առայժմ չեզոքացվել են առավել քան 26 000 պայթուցիկներ և մաքրվել գրեթե 2․6 հեկտար տարածք։ Այս թվերը վկայում են աղտոտման մեծ ծավալի մասին։

Լիովին գիտակցելով ականների և այլ պայթուցիկ նյութերի մնացորդների հետևանքով առաջացող մարտահրավերները` Հայաստանը, որպես բարի կամքի դրսևորում, Ադրբեջանին է տրամադրել ականապատ տարածքների քարտեզներ՝ առանց որևէ իրավական պարտավորություն ունենալու։ Ավելին՝ սեպտեմբերի 27-ին ԵԽԽՎ ընդունած բանաձևին, որը կոչ էր անում Հայաստանին՝ տրամադրել ականապատ տարածքների բոլոր քարտեզները, հայկական պատվիրակությունը միաձայն կողմ է քվեարկել, մինչդեռ Ադրբեջանի պատվիրակությունը դեմ է քվեարկել, հավանաբար այն պատճառով, որ վերջինս պարունակում էր նաև հատվածներ, որոնք քննադատում էին Ադրբեջանին՝ Լեռնային Ղարաբաղի պատերազմի ընթացքում և դրանից հետո հայերի նկատմամբ գործած մարդու իրավունքների ոտնահարումների համար։

Հայաստանը բարեխղճորեն է մոտենում այս խնդրին՝ տարածաշրջանի բնակիչների անվտանգությունն ու բարեկեցությունը խթանելու նպատակով։

Շնորհակալություն»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930