Այսօր Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում տեղի ունեցավ հանդիպում ըմբշամարտի 2021թ․ աշխարհի առաջնության չեմպիոն, բուհի 3–րդ կուրսի ուսանող Մալխաս Ամոյանի հետ։
Մալխաս Ամոյանին «Հայկական սպորտի զարգացման և սպորտային ձեռքբերման միջոցով Հայաստանի Հանրապետության հանրահռչակման գործում ունեցած ավանդի համար» շնորհակալագիրը հանձնեց ռեկտոր Դավիթ Խիթարյանը։ ՀՖԿՍՊԻ ուսանող մարզիկին դրամական պարգև հանձնեց ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի նախագահ, «Մուրադյան և ընկերներ» հիմնադրամի նախագահ Ռոման Մուրադյանի հայրը, իսկ բուհի գործընկեր Իջևանի գինու–կոնյակի գործարանի կողմից Մալխաս Ամոյանն արժանացավ նվերների։
«Մալխաս Ամոյանը ոչ միայն լավ մարզիկ է, այլ նաև կարգապահ ուսանող, ինչը ոչ պակաս գնահատելի է մեզ համար, քանի որ մեր բուհի հիմնական առաքելությունը հենց գիտական հենքով սպորտի լավ մասնագետներ պատրաստելն է։ Հպարտանում ենք մեր ուսանողով և մաղթում նրան մարզական նոր ձեռքբերումներ»,– ասել է ռեկտոր Խիթարյանը։
Հանդիպմանը ներկա էին Մալխաս Ամոյանի հորեղբայր՝ անվանի ըմբիշ Ռոման Ամոյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը, ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը, ՀՀ ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Խաչատրյանը, պաշտոնական այլ հյուրեր, մարզաձևի ներկայացուցիչներ, բուհի ղեկավար և պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ։
Կարդացեք նաև
Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի
պետական ինստիտուտ