Aravot.am-ը Սյունիքի մարզի Իշխանասար համայնքում էր։ Գյուղում հաշվառված է 302 բնակիչ, այստեղ են բնակվում նաև Արցախից տեղահանված ընտանիքներ։ Իսկ դպրոցում սովորում է 58 աշակերտ։
Համայնքում սովորական անցուդարձն էր՝ մի խումբ երիտասարդներ հավաքված զրուցում էին, երեխաները դպրոցից տուն էին գնում։ Իսկ ուսուցիչներն էլ մեքենա էին փնտրում, որով կարող են գոնե մոտակա խաչմերուկ հասնել, որտեղից էլ կկարողանային Սիսիան գնացող տրանսպորտ գտնել։ Ուսուցիչներն ասում են, որ առավոտյան տաքսիով են Սիսիանից հասնում Իշխանասար, իսկ դասերի ավարտից հետո փորձում են մեքենա գտնել, որը Սիսիան կտանի։ Չնայած, որ երկու համայնքներն իրարից այդքան էլ հեռու չեն, բայց հանրային տրանսպորտ չի գործում։ Ուսուցիչներն էլ ասում են, որ ամեն մեկը իր գլխի ճարն է տեսնում, եթե բնակիչները մեքենա չունեն, ապա Սիսիան հասնում են տաքսիով։
Բնակիչներն էլ գյուղը աճող են անվանում. «Երիտասարդ գյուղ է, ամեն մի ընտանիք նվազագույնը երկու դպրոցական ունի։ Ունենք 4-5 երեխա ունեցող ընտանիքներ, շուտով էլ այստեղ էլի երեխաներ են ծնվելու։ Մարդիկ իրենց ապագան գյուղի հետ են կապում»։
Իշխանասարի վարչական ղեկավար Մարատ Պետրոսյանը ասում է, որ սահմանային լարվածության պահերին էլ երեխաները դպրոցում են եղել և շարունակել են իրենց դասը. «Այս պատերազմը մեզնից շատ վերև է` 25-30 կմ, չի հասել։ Արկերն անգամ այստեղ չեն ընկել։ Դրանից հետո ժողովուրդը՝ նորմալ, ամեն մեկը իր գործին, մեր հովիվները սարում անասուն են պահում։ Սարը 12 կմ վերև է, հիմա մեր ոչխարն էլ այնտեղ է, գիշերն էլ այնտեղ կմնա»։
Կարդացեք նաև
Նա պատմում է, որ նոյեմբերի 16-ին 13-18-ը ընկած ժամանակահատվածում են համայնքում ձայներ լսվել, սակայն գյուղում որևէ խուճապ չի եղել. «Քանի տարի է այստեղ ենք, առաջին դեպքն էր։ Միջանցք են ուզում, մենք էլ չենք տալու»։
Մարատ Պետրոսյանի խոսքով՝ ամեն պահ պատրաստ են պաշտպանել գյուղը. «1991 թվականին մենք հաղթեցինք, ուրախացանք։ Ես չորս-հինգ տարի մասնակցել եմ պատերազմին։ Այդ տարածքը նորից իրենք վերցրեցին, իհարկե՛, Թուրքիայի օգնությամբ։ Հիմա այդ մարդիկ եկել են, հասել են այստեղ։ Մենք հանել ենք այս նույն տեղերից, որտեղ իրենք նստած են եղել։ Մեր գյուղը թուրքի գյուղ է եղել, այդ թուրքին այստեղից հանել ենք, գնացել է, հիմա եկել ուզում է, մենք չենք տալու, որովհետև մերն է, իրենցը չի եղել։ Ղարաբաղն էլ է մերը, իրենցը չի։ Պատմություն թո՛ղ իմանան»։
Նա ընդգծեց, որ իրենց ապագան պատկերացնում է միայն Իշխանասարում. «Թողե՛ք մնանք, ի՞նչ են ուզում։ Գործարան չկա, ժողովուրդը իրենց անասունն է պահում, իրենց հողով է զբաղվում, չարքաշ ժողովուրդ ենք, ապրում ենք էլի։ Մենք բանակ ունենք, զինվոր ունենք, այստեղ ոչ մի բանից էլ չենք վախենում»։
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ