Լրահոս
Օրվա լրահոսը

Լոռիի ՏԻՄ ընտրություններում առաջադրված նախկին ոստիկանապետի դեմ հաղորդում են ներկայացրել ոստիկանություն. պնդում են՝ 1. 400 հազար դրամ է պարտք, չի տալիս

Նոյեմբեր 18,2021 18:15

Aravot.am-ը տեղեկություն է ստացել, որ երեկ՝ նոյեմբերի 17-ին քաղաքացի Տիգրան Բ.-ն դիմել է ոստիկանություն՝
հաղորդում ներկայացնելով, որ Վազգեն Թորոսյանի հետ պայմանավորվածություն են ունեցել նրան պատկանող՝ Շիրակի խճուղի 30/1 հասցեում գործող, սակայն նրա անվամբ չհաշվառված ազատ տարածքում բիովառելիքի արտադրամաս կառուցել, սակայն Թորոսյանի կողմից պայմանավորվածությունը խախտվել է: Տիգրան Բ.-ն, որն արդեն իսկ ներդրումներ էր արել Թորոսյանին պատկանող տարածքում, որոշել է դուրս գալ նշյալ տարածքից՝ պայմանով, որ Վազգեն Թորոսյանը ամսական նրան մաս-մաս կվերադարձնի ներդրած գումարը՝ 1.000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամի չափով: Ընդհանուր առմամբ խոսքը շինարարության համար ներդրած 1.400.000 դրամի մասին է:

Ինչպես տեղեկացանք, Տիգրան Բ.-ի բողոքից, պայմանավորվածությունը խախտվել է, քանի որ Վ. Թորոսյանը այնտեղ տեղադրել է իրեն պատկանող հաստոցը ու պահանջել դրա գումարը եւս վճարել, ինչի պատճառով օգոստոսի 28-ին Տիգրան Բ.-ն դուրս է եկել այդ տարածքից: Իսկ նախնական պայմանավորվածությամբ, կատարված ծախսերը ստացվող եկամտից մարվելուց հետո դրա 50 տոկոսը պետք է մնար Վ. Թորոսյանին:

Տիգրան Բ.-ն ոստիկաններին պատմել է, որ Վ. Թորոսյանը մինչ օրս, տարբեր պատճառաբանություններով հրաժարվում է վճարել, իսկ պայմանավորվածությունից երեք ամիս անց հայտնել է, որ կարող է գալ ապամոնտաժել շինությունը եւ տեղափոխել:

Տեղեկացանք նաեւ, որ այս գործի վերաբերյալ ոստիկանությունում նախապատրաստվում են նյութեր: Իսկ Թորոսյանին հայտնաբերելու ուղղությամբ էլ, ըստ մեր տեղեկությունների, ձեռնարկվում են միջոցառումներ:

Պարզեցինք, որ Վազգեն Թորոսյանը «Հանրապետություն» կուսակցության ցուցակով առաջադրվել է Լոռու մարզի ՏԻՄ ընտրություններում. ցուցակում առաջին համարն է: Այս պահին չի աշխատում, սակայն նախկինում զբաղեցրել է Բազումի, Տարոնի, Տաշիրի ոստիկանապետի պաշտոնները:

«Տեղյակ չեմ, որ իմ դեմ հաղորդում է ներկայացվել, ինձ որեւէ տեղ չեն հրավիրել: Հեռախոսիս համարները բոլորն էլ ունեն, տեղս էլ՝ գիտեն»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց Վազգեն Թորոսյանը, երբ հարցրինք՝ ինչպե՞ս կմեկնաբանի Տիգրան Բ.-ի՝ նրա դեմ տված հաղորդումը:

Վազգեն Թորոսյանի խոսքով, ինքն ավելի շատ վնաս է կրել, քան Տիգրան Բ.-ն, քանի որ երկուսով գումար են դրել գործի մեջ եւ Տիգրան Բ.ն-ն թողել՝ հեռացել է:

«Ես իրենից շատ գումար եմ ներդրել՝ 2 միլիոն դրամ, ինքն՝ ավելի քիչ, նույն հաջողությամբ կարող եմ ասել, որ ես ավելի շատ տուժած եմ: Ինքը մտածել է, որ այդ գործով ավելի մեծ գումարներ կարող է աշխատել եւ փորձել է իր գումարները գործից հանել՝ գնալ ուրիշ տեղ նույն գործը, մենակ անել, բայց դա իմ միտքն է եղել: Գողացել է իմ միտքը, արտադրությունը վերցրել՝ տեղափոխել է ուրիշ տեղ ու հիմա գումար է աշխատում, ես էլ վնասների մեջ եմ մնացել: Ես չեմ կարողանում աշխատել, քանի որ հիմանական հաստոցները նրա գումարով էինք առել, այդ մարդը մեր պայմանավորվածությունը «պրավալ» է տվել: Եթե ուզում եք ճիշտն իմանաք՝ ես ավելի մեծ վնասներ եմ կրել»,-ասաց Վազգեն Թորոսյանը:

Նրա խոսքով, ինքը մետաղական կոնստրուկցիաներ է գնել, որով կառուցվել է շարժական շինություն, իսկ Տիգրան Բ.ն՝ հաստոցները, տանիքի շինանյութը. «Բայց ինքը հաստոցները տարել է, շիֆերները՝ թողել, որովհետեւ չի կարա տանի, հիմա շիֆերների փողն է ուզում, շիֆերների տակը տախտակներ են դրվել, դրա փողն էլ է ուզում: Իր պատճառով ամբողջը լցվել է ջուրը»:

Ինչ վերաբերում է ոստիկանությունում նախապատրաստվող նյութերին, պարոն Թորոսյանն ասաց՝ այդտեղ հանցագործություն չկա, հարցը քաղաքացիաիրավական տիրույթում է՝ երկուսով գումար են ներդրել, որ բիզնես անեն:

Բայց, նախկին ոստիկանապետը, ինչպես ինքն ասաց, ենթադրում է, որ այս ամենը ավելի շատ կապված է իր թեկնածություն դնելու հետ եւ այն որակեց «ցածր մակարդակի քաղաքական պատվեր»:

Ասաց նաեւ, որ այս տարվա հունիսից անցել է կենսաթոշակի եւ որոշել էր զբաղվել բիզնեսով, բայց Տիգրան Բ.-ի հեռանալուց հետո էլ չի կարող այդ գործն անել:

Նախկին ոստիկանապետը պատմեց՝ ինչու է որոշել մտնել քաղաքականություն. «Այս պատերազմի մասնակից եմ, վիրավոր եմ եւ գտնում եմ, որ պիտի օգնենք մեր հայրենիքին: Մենակ կռվելով չի, կռվելու ժամանակ պետք է կռվենք, խաղաղ ժամանակ էլ՝ ինչով կարող ենք պիտի օգնեն մեր հայրենիքին»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Լուսանկարը՝ Վազգեն Թորոսյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930