Գերմանական Deutsche Welle պարբերականը հրապարակել է հոդված «Թուրքիա. Քաղաքական գործիչներն ու մաֆիան ստեղծում են պետություն պետության մեջ» վերտառությամբ, որը թարգմանաբար ներկայացնում ենք ստորև.
Թուրքիայում 2016թ. տեղի ունեցած պետական հեղաշրջման փորձից և դրան հաջորդած զանգվածային ձերբակալություններից հետո երկրի բանտերը լեփ-լեցուն են: Նման պայմաններում կորոնավիրուսով վարակվելու ռիսկը առանձնահատուկ բարձր է: Անցյալ տարի Թուրքիայի կառավարությունն արձագանքեց բարդ իրավիճակին. համաներման մասին օրենքը հնարավորություն տվեց վաղաժամ ազատ արձակել մոտ 90 հազար դատապարտյալների: Այնուհանդերձ, բազմաթիվ լրագրողներ և ընդդիմության ներկայացուցիչներ, ինչպես նաև խրոնիկ հիվանդություններ ունեցող դատապարտյալներ շարունակում են մնալ ճաղերի հետևում այն դեպքում, երբ բազմաթիվ բանտարկյալներ, այդ թվում մաֆիոզ խմբավորման հայտնի պարագլուխ Ալաաթթին Չաքըջին, ազատություն են ստացել: Չաքըջին ազատության մեջ է հայտնվել 2020թ. ապրիլից:
2021թ. հոկտեմբերի վերջին ազատ արձակվեց թուրքական հանցագործ աշխարհի ևս մեկ առաջնորդ՝ Քուրսադ Յըլմըզը: Նա դատապարտվել էր 66 տարվա ազատազրկման հանցավոր խմբավորում ստեղծելու և քաղաքապետի սպանություն հրահրելու և մի շարք այլ մեղադրանքներով: Սակայն գործը վերանայելու միջնորդություն ներկայացնելուց հետո նա անսպասելիորեն ազատ արձակվեց 17 տարվա բանտարկությունից հետո:
Երկու հանցագործներն էլ աջ ծայրահեղական Ülkücü շարժումից են, որը Գերմանիայում հայտնի է «Գորշ գայլեր» անվանումով: Հատկապես նախորդ դարի 70-ականներին նրանք Թուրքիայում հայտնի էին բռնության դաժան գործողություններով, հրկիզումներով և սպանություններով:
Կարդացեք նաև
Մաֆիայի բոսսերի հանդիպումը թուրք ազգայնականների կուսակցության ղեկավարի հետ
Ազատ արձակումից անմիջապես հետո Չաքըջին այցելեց Դևլաթ Բահչելիին՝ ուլտրաաջ Ազգայնական շարժում կուսակցության ղեկավարին, որը նախագահ Էրդողանի ԱԶԿ կուսակցության կրտսեր գործընկերն է Թուրքիայի կառավարությունում և քաղաքականապես մոտ է «Գորշ գայլերին»: Հանդիպումից շատ չանցած Չաքըջին սոցցանցերում մի քանի հրապարակումներ կատարեց ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի վրա, որը քննադատել էր նրա ազատ արձակումը: Հրապարակումներից մեկում նա բացահայտ սպառնում էր ընդդիմության առաջնորդին ցից բարձրացնել:
Յըլմըզը նույնպես ազատ արձակվելուց հետո հանդիպել է Բահչելիի հետ: Ազգայնական շարժում կուսակցության թվիթերյան պաշտոնական էջը հանդիպումից անմիջապես հետո հրապարակեց համատեղ լուսանկար՝ արված Բահչելիի գրասենյակում:
«Պետություն պետության մեջ»-ը կրկի՞ն վերադարձել է
Քաղաքականության և հանցավոր աշխարհի մերձեցումը բազմաթիվ թուրքերի հիշեցնում է երկրի պատմության մութ էջերից մեկի մասին. 1990-ականներին համարվում էր, որ բարձրաստիճան կառավարական պաշտոնյաների և հանցավոր աշխարհի միջև բազմաթիվ կապեր կան: Ենթադրվում էր, որ քաղաքական սպանությունները կամ պարզապես մարդկանց անհետացման դեպքերը կարող էին իրականացվել հանցավոր խմբավորումների կողմից, որոնք, ինչպես «պետություն պետության մեջ», կարող էին անկառավարելի կերպով գործել:
Հիմա, գնալով ավելի հաճախակի, ենթադրություններ են առաջ գալիս առ այն, որ մաֆիան օգնում է կառավարությանն ամրապնդել իր իշխանությունը «կիսառազմական միջոցներով»: Ի վերջո, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը գնալով կորցնում է բնակչության աջակցությունը, ինչը խարխլում է նրա իշխանության հիմքերը: «Ներկա կառավարությունը նոր մեթոդ է կիրառում՝ իշխանությունը պահելու համար,- ասում է ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցության նախկին անդամ և կազմակերպված հանցավորության գծով փորձագետ Ֆիքրի Սաղլարը:- Դա ընտրական գործընթացում ներգրավված մարդկանց ահաբեկելու մեթոդն է»:
Վերահսկողություն գորշ դրամական հոսքերի վրա
Լրագրող և կազմակերպված հանցավորության հարցերով փորձագետ Թողլա Սարդանը կարծում է, որ մաֆիայի վերադարձը պայմանավորված է գորշ դրամական հոսքերի հետ: Չաքըջին և Յըլմըզն «այս պահին փորձեր են ձեռնարկում վերահսկողության տակ վերցնել անհայտ ծագման միջոցների մի մասի վրա, որոնք շրջանառվում են, մասնավորապես Ստամբուլում»,- ասել է Սարդանը: Միաժամանակ նա համարում է, որ մաֆիան՝ որպես ռազմականացված ուժ, կարող է վերահսկել իրավիճակը փողոցներում:
2019թ. ընտրություններում Էրդողանի իշխող Արդարություն և զարգացում կուսակցությունը պարտվեց ընդդիմությանը մի քանի խոշոր քաղաքներում, այդ թվում Ստամբուլում, և կորցրեց հասանելիությունը քաղաքի ֆինանսների նկատմամբ: «Ըստ գնահատականների՝ Ստամբուլում տարեկան շրջանառվում են տասնյակ միլիարդավոր դոլարներ»,- ասում է Սարդանը: Փողեր, որոնք շտապ անհրաժեշտ են նախագահին՝ իր ԽԾԲ համակարգին կերակրելու համար: «Այդ դրամական միջոցները, բնականաբար, գրավում են նաև զինված կազմակերպված հանցավորությանը»,- կարծում է Սարդանը:
Ինսայդերը պատմում է մաֆիայի և կառավարության կապերի մասին
Նախկինում կառավարության հետ սերտ կապեր էին վերագրում մաֆիայի կնքահայր Սեդաթ Փեքերին, որը հայտնի է իր ծայրահեղ աջ հայացքներով: Ձերբակալությունից խուսափելու համար Փեքերը փախել է Դուբայ: Այնտեղից նա արդեն մի քանի ամիս հանգիստ չի տալիս Թուրքիայի կառավարությանը՝ YouTube-ում և Twitter-ում անընդհատ հրապարակելով նոր բացահայտումներ:
Փեքերը հաստատում է, որ կառավարությանը և կազմակերպված հանցավոր խմբավորումներին միավորում է այսպես կոչված «դիփ սթեյթին» ուղղված ջանքերը: Ընդ որում, ուշադրության կենտրոնում հաճախ հայտնվում էր Փեքերի նախկին աջակից, ուլտրաազգայնական ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն: Երբ Փեքերի դեմ քննություն սկսվեց, նախարարը նրան զգուշացրեց: Իր հերթին մաֆիոզը պահպանում էր Սոյլուի կարիերան պետական ծառայությունում:
Եթե հավատանք Փեքերի հայտարարություններին, քաղաքական գործիչներն ու թուրքական մաֆիան գործում են համատեղ ոչ միայն Չաքըջիի և Յըլմըզի ազատ արձակման պահից: Ներքին գործերի նախարարից բացի՝ Փեքերը տվել է նաև այլ հայտնի կառավարական չինովնիկների և կառավարությանը մոտ կանգնած մարդկանց անուններ, որոնք, ինչպես պնդում են, մասնակից են հանցավոր գործունեությանը:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ