Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարությունը նախարարության առջև խնդիր է դրել ջանքեր գործադրել ՀՀ-ում տեխնոլոգիաների վրա հիմնված տնտեսություն ձևավորելու, զարգացնելու և առաջ մղելու ուղղությամբ. Վահագն Խաչատուրյանն ընդունել է Չի-Ֆուն Չանին

Նոյեմբեր 18,2021 17:40

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանն ընդունել է ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի դափնեկիր, «Սինոփսիս» ընկերության նախագահ և գլխավոր գործադիր համատնօրեն դր. Չի-Ֆուն Չանին։

Նախարարը ողջունել է անվանի գիտնականի այցը Հայաստան, շնորհակալություն հայտնել նախաձեռնության հեղինակներին այս կարևոր միջոցառումը Հայաստանում կազմակերպելու և անցկացնելու համար, նշել, որ Հայաստանի համար մեծ պատիվ է ընդունել տեխնոլոգիական ոլորտի հանրահայտ մարդկանց, որոնք իրենց ազդեցությունն են թողել աշխարհում տեխնոլոգիաների զարգացման գործում։

Վահագն Խաչատուրյանը Չի-Ֆուն Չանին ներկայացրել է ՀՀ տեխնոլոգիական ոլորտի զարգացումը՝ խորհրդային տարիներից մինչև ներկա ժամանակաշրջանը։ Նախարարը խոսել է Հայաստանի տնտեսության զարգացմանն ուղղված քաղաքականության, դրանում տեխնոլոգիաների կիրառման հնարավորությունների մասին, շեշտել, որ ՀՀ կառավարությունը ԲՏԱ նախարարության առջև խնդիր է դրել ջանքեր գործադրել Հայաստանում տեխնոլոգիաների վրա հիմնված տնտեսություն ձևավորելու, զարգացնելու և առաջ մղելու ուղղությամբ։ Վահագն Խաչատուրյանն անդրադարձել է նաև նախարարության կողմից իրականացվող տեխնոլոգիական ծրագրերին, նշել, որ նպատակային աշխատանքներ են իրականացվում, որպեսզի Հայաստանում այնպիսի միջավայր ստեղծվի, որտեղ բիզնեսով զբաղվելը, գիտելիքները կիրառելը շատ ավելի  նպաստավոր և շահեկան լինի։

«Երբ երկիրն ազատ է, երբ մարդիկ ազատ են մտածում, ազատ գործելու հնարավորություն ունեն, տնտեսության օրենքները թափանցիկ են, քաղաքական ճնշում չկա՝ մեծ է երկիրը զարգացնելու ներուժը։ Այսօր Հայաստանն այդ փոխակերպման փուլում է, և այդտեղ մեծ է բարձր տեխնոլոգիաների զարգացման հնարավորությունը»,-նշել է նախարարը։

Չի-Ֆուն Չանը խոսել է Հայաստանի մասին ունեցած իր տպավորություններից, նշել, որ  առաջին անգամ Հայաստան է եկել 17 տարի  առաջ:

«Շատերն ինձ հարցնում էին՝ ինչո՞ւ Հայաստան, որտե՞ղ է այն, և ես ստիպված բացում էի քարտեզը: Ես շատ բան չգիտեի Հայաստանի մասին. որոշ տեղեկություն ունեի, որ առաջին քրիստոնյա երկիրն է։ Շատ տպավորված էի երկրի պատմությամբ, բայց ինձ ամենից շատ տպավորեց այն հանգամանքը, որ մարդիկ գնահատում և արժևորում են կրթությունը և շատ ընտանիքակենտրոն են»:

Չինացի գիտնականը, նշել է, որ Հայաստանում ՏՏ ոլորտի շատ տաղանդներ կան, որոնց պետք է հնարավորություն տալ դրսևորվելու արտաքին շուկաներում, առավելագույնս օգտագործել իրենց գիտելիքն ու ներուժը։

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել երկու երկրների պատմության, տեխնոլոգիաների միջոցով տնտեսության զարգացման, փիլիսոփայության ու քաղաքականության, մարդկանց միջև փոխհարաբերությունների, մի շարք այլ թեմաների վերաբերյալ։ Վահագն Խաչատուրյանն ու Չի-Ֆուն Չանը համոզմունք են հայտնել, որ տեխնոլոգիաները չպետք է փոխարինեն մարդկային շփումներին, որ տեղեկատվական տեխնոլոգիաներն ուղղակի գործիք են, որոնք բարելավում են մարդկանց կյանքն ու կենսակերպը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ

ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ                                          

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930