Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ինչպես է Փաշինյանի հայտարարությունը վնասելու մեր գերիներին ու նրանց ընտանիքներին. Սիրանուշ Սահակյանը անթույլատրելի է համարում Փաշինյանի արածը

Նոյեմբեր 18,2021 17:15

«Ժամանակն է, որ մենք գերեվարման յուրաքանչյուր դեպք պատշաճ հետաքննենք։ ՀՀ զինված ուժերում ծառայության անցնող յուրաքանչյուր անձ ունի պարտականություններ։ Գուցե այստեղ ընդհանրապես սխալ ենք վարվել, նաև՝ էմոցիոնալ ֆոնի վրա։ Պետք է քննվի՝ ինչ է նշանակում գերի ընկնել, ինչ հանգամանքներում»,- երեկ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այս խոսքերը լայն քննարկումների տեղիք են տվել:

Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում հարցադրում էր արել. «Որևէ մեկը դե՞մ է, որ ՀՀ յուրաքանչյուր զինծառայողի, յուրաքանչյուր քաղաքացիական անձի գերեվարման դեպք պետք է դառնա քննության առարկա: Ինչո՞ւ պետք է քննության առարկա դարձնելը նույնացվի գերիներից «ձեռք քաշելու», գերիներին թշնամի հռչակելու հետ: Սա ի՞նչ պրիմիտիվիզմ ու մանիպուլյացիա է»: Նա հայտնել է, որ հիմա արցախյան պատերազմին առնչվող քրեական գործեր կան քննվող՝ ՀՀ զինծառայողների գերեվարման հանգամանքների պարզման վերաբերյալ, որոնցով կոնկրետ անձանց նաեւ մեղադրանքներ են առաջադրվել. «Ինչ է՝ չքննե՞նք՝ ելնելով նրանից, որ հանկարծ դա կարող է մեկնաբանվել որպես գերիների դեմ ուղղված բան»:

Այս առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում փաստաբան, Եվրադատարանում հայ գերիների շահերի պաշտպան Սիրանուշ Սահակյանն ասաց, որ գործեր հարուցելն ու քննության առարկա դարձնելը բնականաբար իրավաչափ է, որովհետեւ Քրեական օրենսգրքում կա նախատեսված, թե կամովին գերի ընկնելու համար ինչ պատիժ է սահմանվում. «Այն ռազմական հանցագործություն է ու բնականաբար նույնքան հանրային վտանգավորություն ունի, ինչպես օրինակ դասալքությունն է, հրամանը չկատարելը եւ այլն: Իսկապես, բոլոր հայրենադարձված գերիներն էլ հարցաքննվել են գերեվարման հանգամանքների շուրջ, բայց մենք չգիտենք դեպք, որ գերուն մեղադրանք է առաջադրվել կամովին գերի ընկնելու համար: Այս տեսանկյունից քննությունը նախկինում էլ է եղել, ներկայումս էլ ընթանում է ու կարծում եմ, ապագա բոլոր դեպքերի հետ կապված իրականացվելու է: Այլ հարց է, թե այս փուլում հանրային ընկալումների տեսանկյունից որքան արդարացված էր նման հայտարարություն անելը՝ հատկապես, երբ նախկինում քննված գործերը նման հատկանիշներ չեն հաստատել: Մենք չենք բացառում նման հանցագործության առկայությունը, բայց ցանկալի կլիներ, որ դրա մասին խոսեին, երբ քննությունն ունենար բավարար ժամանակ բոլոր հանգամանքները հետաքննելու եւ եթե ապացույցներով միջադեպը կհաստատվեր, նոր այն կհրապարակայնացվեր: Այս պարագայում անգամ ադրբեջանական կողմը կարող է չարաշահումներ թույլ տալ: Օրինակ, իրենք նախկինում գերիներին տեղեկություններ են տվել, թե ձեր պետությունը հետաքրքրված չէ ձեզանով, ջանքեր չի գործադրում ձեզ ընդունելու, հայրենադարձնելու համար: Եվ հիմա պատկերացրեք, թե վարչապետի այդ հայտարարությունը ինչպես կարող է օգտագործվել եւ կարող են սպառնալ անգամ գերիներին, որ հրաժարվեն Հայաստան վերադառնալուց, քանի որ նրանց սպասելու է քրեական հետապնդում: Դրա համար նպատակահարմար չեմ համարում այս փուլում նման հայտարարությամբ հանդես գալը: Այդ հայտարարությունը նաեւ վնասում է գերիների ընտանիքներին եւ նրանց հարազատներին: Այլ հարց է, որ իրավաչափ եմ համարում, որ իրավապահ մարմինները հետաքննեն եւ պարզեն՝ արդյոք կամովին գերի ընկնելու հատկանիշներ առկա չե՞ն»:

Ճշտեցինք՝ այսինքն, եթե սուսուփուս քրեական գործ հարուցեին, հետաքննեին, բացահայտեին ու դրա մասին հաղորդագրություն տարածեին, հայտարարեին, դա ուրիշ հարց է, բայց այս փուլում վարչապետի կողմից նման տոնայնությամբ հայտարարությունը կարող է վնասել՝ Սիրանուշ Սահակյանը պատասխանեց. «Այո, դա անթույլատրելի է, հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ առ այսօր նրանք որեւէ մեղադրանք չեն առաջադրել այդ հատկանիշներով, այսինքն, չունեն ապացուցված դեպք: Նոյեմբերի 16-ի դեպքերից ընդամենը մի քանի օր է անցել եւ քննությունը չէր կարող բոլոր հարցերի պատասխանն ունենալ: Եթե այդ վարկածը դեռեւս ամբողջովին ստուգված եւ հաստատված չէ, որեւէ արդարացում չկա դրա մասին հրապարակայնացնելը եւ ընտանիքի անդամների մոտ հավելյալ անհանգստություն եւ տառապանք առաջացնելը»:

Սահակյանն ասաց, որ գերիների հարազատները, ծնողները շատ զգայուն են վերաբերվում նմանատիպ հայտարարություններին. «Ընտանիքի անդամները, որոնք այդ տանջալից ուղին են անցնում, նաեւ ենթարկվում են սպառնալիքների, կամ նրանց կերպարը հասարակության աչքերում նսեմացվում է: Դա անելու համար պետք է լուրջ հիմքեր եւ քննության արդյունքներ լինեն: Առանց նման արդյունքների բարձր մակարդակով նման հայտարարությունները անթույլատրելի եմ համարում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930