«Սահմանազատումն ու սահմանագծումն արված է Գորիսից մինչեւ Իրանի սահման, այդ արձանագրությունը, որը 2020 թվականի դեկտեմբերի 18-ին ստորագրել է Վաղարշակ Հարությունյանը, մենք արդեն ճանաչել ենք Գորիս-Կապան, Կապան- Շվանիձոր սահմանը, որտեղ Ադրբեջանը սահմանի կեսը վերցրել է մեզանից»,-այս մասին այսօր «Հայելի» ակումբում ասաց ՀՀ նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը։
Նրա խոսքով․ «Թույլ եմ տալիս ինձ ասել, որ դա չի համապատասխանում իրականությանը եւ այդ ճանապարհը՝ Գորիսից Կապան, Կապանից Ճակատեն, հարյուր տոկոս եղել է Հայաստանի հանրապետության տարածքում։ Թույլ եմ տալիս պնդել՝ այդ ճանապարհը կառուցվել է Կարեն Դեմիրճյանի եւ Քոչինյանի օրոք։ Տրանսպորտի ինստիտուտում կան հողահատկացումների մասին տվյալներ։ Այդ հողահատկացումներն արված են Հայաստանի ԽՍՀՄ նախարարների խորհրդի կողմից, որին համաձայնություն տվել է Ադրբեջանը, եւ համաձայնություն է տվել ոչ թե նրա համար, որ դա Ադրբեջանի հող է, այլ նրա համար, որ ճանապարհից ձախ սկսվում էր Ադրբեջանը եւ պետք է համաձայնություն տար։ Եվ այս մարդը (նկատի ունի Նիկոլ Փաշինյանին․Ն․Բ․) ստորագրել է փաստաթուղթ, ըստ որի՝ ճանապարհի աջը Ադրբեջանն է, ճանապարհի ձախն էլ է Ադրբեջան»։
Բագրատյանը պնդում է՝ այսօր Իրանի հետ բեռնափոխադրումները դադարեցված են։ Անդրադառնալով նոր ճանապարհին, Բագրատյանն ասաց՝ կառավարությունը ճանապարհ է կառուցել՝ Գորիս -Հալիձոր-Տաթեւ-Աղավնի-Կապան, բայց այդ ճանապարհով միայն մարդատար ավտոմեքենաները կարող են անցնել․ «Ծանր բեռնատարները, հատկապես կցորդով, բացարձակապես չեն կարող անցնել, որքան էլ բարելավեն ճանապարհը, չեն կարող անցնել։ Այդտեղ ոլոր-մոլոր է, տեղ-տեղ բարձրանում է սարի գագաթ, իջնում։ Այսինքն, Իրանի հետ մենք չենք ունենա լուրջ առեւտրատնտեսական կապեր, բեռնափոխադրումներ մինչեւ այն ժամանակ, երբ կկառուցեն Սիսիան-Բարգուշատ-Քաջարան-Լիճք ճանապարհը, որտեղ պետք է լինի 9 հատ թունել, 18 հատ կամուրջ»։
Նախկին վարչապետի պատմելով՝ 2015-ին այս ճանապարհը կառուցելու մասին առաջարկ են արել չինացիները, արժեքը 1 միլիարդ 479 միլիոն դոլար։
Կարդացեք նաև
«Չինացիներն ասացին՝ էս մի միլիարդ դոլարը դրել եք Հյուսիս-հարավի Գյումրիի հատվածն եք կառուցում, որ ի՞նչ։ Ստեղ նորմալ ճանապարհ ունեիք։ Ասիական բանկի մի միլիարդ դոլարը վարի տվեցին։ Ընդ որում, ոչ միայն Սերժ Սարգսյանի օրոք սկսվեց վարի տալ․․․սա էլ եկավ իշխանության ու շարունակեց ծախսել մնացած 400 միլիոնը։ Թող տաներ դներ էնտեղի ճանապարհի վրա»։
Բագրատյանի խոսքով՝ չինական այս նախագիծը մերժվել է Սերժ Սարգսյանի եւ Կարեն Կարապետյանի ժամանակ․ «Հետո եկավ Նիկոլը, ինձ զանգեց 2018-ի մայիսի վերջն էր, ես Ուկրաինայում էի։ Ես խնդրում եմ այնպես արա, որ չինացիներին ձեռներիցս բաց չթողնենք»։
Հետո, ըստ Բագրատյանի, մի քանի անգամ չինական պատվիրակություն է այցելել Հայաստան, սակայն ճանապարհաշինական ծրագիրը կառավարությունը ձախողել է․ «Հայտնվեց Տիգրան Ավինյանը․․․իրեն (Նիկոլ Փաշինյանի, Ն․Բ․) ասացի՝ էդ տղան ամեն ինչ ձախողում է։ Սկզբից վրդովվում էր, հետո ինքն էլ անցավ էդ կողմը»։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ