Լրահոս
Օրվա լրահոսը

Ովքե՞ր են Գյումրու նոր փոխքաղաքապետերը

Նոյեմբեր 18,2021 16:30

Ինչպես տեղեկացրել ենք, այսօր գումարվել էր Գյումրու ավագանու արտահերթ նիստ, որ օրակարգում կար նաև երկու փոխքաղաքապետերի նշանակման հարցը։

«Բալասանյան դաշինք»-ի ու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ստորագրած համաձայնագրով, Գյումրու երկու փոխքաղաքապետերը պետք է լինեին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից։

Արթուր Պապիկյան

 Առաջին փոխքաղաքապետը Արթուր Պապիկյանն է, նա ավագանու անդամ է, նախկին զինվորական։

2002-2021 թվականներին աշխատել է Պաշտպանության նախարարության Գյումրու ռազմական ավիացիայում, պարգևատրվել բազմաթիվ շնորհակալագրերով ու պատվոգրերով, ստացել է «Ծովակալ Իսակով»-ի անվան մեդալ։

2021 թվականից արձակվել է պահեստազոր, դարձել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ։

Նա Պաշտպանության նորանշանակ նախարար Սուրեն Պապիկյանի ազգականն է։

Երկրորդ փոխքաղաքապետը Դավիթ Առուշանյանն (լուսանկարում) է, նա զբոսաշրջային ոլորտի փորձառու մասնագետ է։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ավագանու անդամ Լիլիթ Մուրադյանը նրա գործունեությունը ներկայացնելիս տեղեկացրեց, որ Դավիթ Առուշանյանն իր գործունեությունը սկսել է որպես զբոսաշրջային ընկերության փոխտնօրեն, 2006 թվականից էլ եղել է այդ ընկերության ղեկավարը։ Նա կառավարության կողմից պարգևատրվել է ոսկե մեդալով՝ ներգնա տուրիզմի զարգացման գործում մեծ ավանդ ունենալու համար։

Մասնագիտական գործունեության ընթացքում մի շարք վավերագրական ու փաստագրական ֆիլմերի նկարահանումներ է կազմակերպել Արևմտյան Հայաստանում, նաև բազմաթիվ ուխտագնացություններ՝ պատմական հայրենիք։

Դավիթ Առուշանյանը իր գործունեության ընթացքում մասնակցել է բազմաթիվ միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսների ու միջազգային ասպարեզում գործարար կապեր է ստեղծել ոլորտի առաջատար մասնագետների հետ։

Նա տուրիզմի ֆեդերացիայի անդամ է։

20018 թվականից զբաղվել է ակտիվ քաղաքականությամբ։ ԱԺ ընտրություններում ՔՊ-ի ցուցակով առաջադրվել է որպես պատգամավորի թեկնածու։

Դավիթ Առուշանյանն իր խոսքը սկսեց՝ զոհերի հարազատներին իր ցավակցությունը հայտնելով։

Նա նշեց, որ պատասխանատվությամբ և պատվով է ընդունել հարազատ քաղաքի փոխքաղաքապետ դառնալու առաջարկը։

«Մեր նպատակն է վերականգնել և բազմապատկել Գյումրիի երբեմնի փառքն, ապահովել պատվախնդիր գյումրեցու արժանապատիվ կյանքը և կենցաղը։

Գյումրին եղել է, կա և լինելու է մշակույթի, սպորտի և վարպետների քաղաք, դարձել է զբոսաշրջային գրավիչ ուղղություն։ Ունենալով զբոսաշրջության համար կարևոր ենթակառուցվածքներ, ինչպիսին են օդանավակայանը և երկաթուղային կայարանը՝ մենք հնարավորություն ունենք Գյումրին դարձնել գրավիչ ոչ միայն Հայաստանի, այլ օտարերկրյա զբոսաշրջիկների համար։ Հավատացեք, Գյումրին աշխարհին շատ բան ունի ցույց տալու»,- ասաց Դավիթ Առուշանյանը։

Նա նշեց, որ Գյումրիի՝ երբեմնի արդյունաբերական քաղաք լինելու համբավի մասին ևս չպիտի մոռանալ։ Բանախոսն առանձնացրեց թեթև արդյունաբերությամբ զբաղվողներին, որոնք պահպանում են քաղաքի արդյունաբերական ավանդույթները։

Նա կարևորեց նոր ներդրումները։

«Իմ գործունեության ընթացքում համոզվել եմ, որ յուրաքանչյուր գործում հաջողության հասնելու համար չպիտի առաջնորդվես «ես»-ի սկզբունքով, այլ «մենք»-ի սկզբունքով», -ասաց Դավիթ Առուշանյանը։

Նա կարևորեց ինչպես ավագանու, այնպես էլ ընդդիմության դերը՝ նշելով, որ իշխանության գործունեությունը բարեհաջող կլինի կառուցողական ընդդիմություն ունենալու դեպքում։

Դավիթ Առուշանյանն իր ելույթն ավարտեց ՔՊ-ի կարգախոսով՝ վստահեցնելով, որ Գյումրիում ապագա կա։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930