Այսօր կառավարության նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցում, երբ լրագրողները հետաքրքրվեցին Սյունիքում ներդրումներով եւ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին հարց ուղղեցին՝ ինչո՞ւ է համարում, որ ադրբեջանցիների կողմից փակած ճանապարհները հայկական չեն, ի պատասխան ասաց. «Ըստ քարտեզների այդ ճանապարհները գտնվում են սահմանից այն կողմ: Այդ ճանապարհները, ըստ սահմանների գտնվում են Ադրբեջանի տարածքում»:
Դիտարկմանը՝ դեռևս սահմանազատում տեղի չի ունեցել, որը կհստակեցներ, թե այդ ճանապարհն ում տարածքում է, Վահան Քերոբյանը պատասխանեց, որ երեկ վարչապետը շատ մանրամասն պատասխանել է այդ հարցին:
«Ուղիղ մեկ տարի առաջ ես գտնվում էի Հադրութի շրջանի Տումի գյուղի մոտակայքում եւ դուք հիմա փորձում եք ինձ ասել, որ իմ հայրենասիրությունը կասկածելի՞ է»,-ի պատասխան լրագրողի հարցն՝ թե հայրենասեր հայը կարո՞ղ է ասել, որ հայկական ճանապարհները պատկանում են Ադրբեջանին, ասաց Վահան Քերոբյանը:
Նրա խոսքով. «Գոյություն ունեն քարտեզներ, դրանցում գոյություն ունեն սահմաններ, եւ առաջիկա դելիմիտացիան ու դեմարկացիան տեղի են ունենալու այն քարտեզների հիման վրա, որոնք գործել են, օրինակ, 1988-ին»։
Կարդացեք նաև
Հարցին՝ այդ քարտեզներով չկա՞ Ադրբեջանի տարածք, որը մեզ է պատկանում, եւ մենք էլ կարող ենք գնալ եւ նստել իրենց ճանապարհներին, փակել դրանք, նախարարը պատասխանեց, որ դրանք հարցեր են, որոնք մասնագետները կլուծեն սահմանազատման ընթացքում։
Նախարարից նաեւ հետաքրքրվեցին, թե ադրբեջանցիներն ինչո՞ւ են մինչեւ սահմանազատումը փակում մեր ճանապարհները, մենք՝ ոչ, Վահան Քերոբյանն արձագանքեց․ «Երեւի վերսկսենք պատերա՞զմ: Ես գիտեմ, թե ինչ կանեմ, եթե լինի պատերազմ, իսկ դուք գիտե՞ք, թե ինչ կանեք: Ես կգնամ պատերազմելու, իսկ դուք կգնա՞ք»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ