Արձագանքելով Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանի այն հայտարարությանը, որ տնտեսական ակտիվության ցուցանիշի նվազում կա եւ կանխատեսված 6,5 տոկոս տնտեսական աճը կլինի մինչեւ 6 տոկոս, էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ասաց. «Ֆինանսների նախարարությունն իր հաշվարկներն անելիս փորձում է լինել հնարավորինս խոհեմ եւ դիտարկել հնարավորինս ռեալիստական եւ մի քիչ էլ հոռետեսական սցենարները: Եկեք սպասենք տարվա վերջին»:
Վահան Քերոբյանը լրագրողների հարցերին պատասխանեց կառավարության նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցում:
Հարցին՝ էկոնոմիկայի նախարարությունը չի՞ փորձում խոհեմ լինել, թե՞ ավելի ռոմանտիկ պատկերացումներ ունի, նախարարն ի պատասխան ասաց. «Ես կասեի՝ լավատես․ ռեալիստ՝ դեպի լավատես»:
Հարցին էլ՝ եթե Տիգրան Խաչատրյանի ասածը ճիշտ լինի, եւ տնտեսական աճը չլինի երկնիշ, Վահան Քերոբյանը հրաժարական կտա՞, նախարարը պատասխանեց, որ տասն անգամ պատասխանել է այդ հարցին:
Կարդացեք նաև
Վահան Քերոբյանը հայտնեց, որ տնտեսական ցուցանիշների անկումը պայմանավորված է գյուղատնտեսության ցուցանիշների անկմամբ. «Առաջին երեք եռամսյակի տվյալներով 1,5 տոկոս անկում ունենք գյուղատնտեսության մեջ»:
Նախարարից հետաքրքրվեցին՝ Սյունիքի մարզում ներդրողները հետաքրքրություն ունե՞ն: Ի պատասխան, պարոն Քերոբյանն ասաց, որ Մեղրիի ազատ տնտեսական գոտում իրանական ընկերության կողմից խոշոր ներդրում է նախատեսվում: Ասաց նաեւ, որ զբոսաշրջության ոլորտում էլ ներդրողները հետաքրքրված են:
Հարցին՝ Կապանում, Որոտանում, Ճակատենում կամ Շուռնուխում ներդրում անել ցանկացողներ կա՞ն, Վահան Քերոբյանը պատասխանեց, որ պատերազմից հետո որոշ հատվածներ հայտնվել են ադրբեջանցիների տիրապետության տակ. «Հեգնական տոնով հարցեր տալը տեղին չէ»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ