2021 թվականի նոյեմբերի 11-ին Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանը այցելեց Նյու Յորքում ՀԲԸՄ կենտրոնական գրասենյակ՝ Կենտրոնական վարչության անդամների հետ հանդիպելու և բաց ֆորումի շրջանակներում Մեծ Նյու Յորքի հայ համայնքի երիտասարդ արհեստավարժների հետ շփվելու համար: Տասնամյակներ շարունակ Միավորված ազգերի կազմակերպությունում զարգացման և անվտանգության ուղղություններով աշխատած հատուկ խորհրդական Դավիթ Հակոբյանի ուղեկցությամբ Բեգլարյանը ժամանել էր ներկայացնելու Արցախի պատմության հաջորդ փուլի ռազմավարությունը:
Բեգլարյանի ուղևորությունը համընկավ հրադադարի տարելիցի հետ, որով վերջ դրվեց 2020-ին Արցախի դեմ սանձազերծված դաժան և անհամաչափ պատերազմին: Քանի որ աշխարհասփյուռ հայությունն անցած տարվա ընթացքում անորոշության և ցնցումների ժամանակներ է վերապրել, նա խոստովանեց, որ եկել է թոթափելու տագնապները, որ առկա են Արցախի բնիկ հայության չափազանց խոցելի դրության առնչությամբ:
Նախքան բաց ֆորումը, Բեգլարյանը և Հակոբյանը հանդիպեցին ՀԲԸՄ Կենտրոնական վարչության անդամներ Արդա Հարաթունյանի, Նազարեթ Ֆեստեկջյանի և Անի Մանուկյանի, ինչպես նաև ՀԲԸՄ Կենտրոնական գրասենյակի անդամների հետ: Անձամբ հանդիսանալով ՀԲԸՄ կրթաթոշակառու՝ Բեգլարյանն իր երախտագիտությունը հայտնեց տարածաշրջանում կրթական, մշակութային, մարդասիրական օգնության և սոցիալ-տնտեսական զարգացման ասպարեզներում ՀԲԸՄ-ի իրականացրած գործունեության համար: Հաշվի առնելով այն փոփոխվող իրողությունները, որոնց այսօր առերեսվում է Արցախը՝ հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց նոր ծրագրերի ընդլայնմանն ու տարածաշրջանում Միության վարչական ներկայությունն ավելացնելուն առնչվող հարցեր:
«ՀԲԸՄ-ն Արցախի զարգացման գործում ներգրավված ամենատևական և վճռորոշ դերակատարներից է եղել», – ասաց պարոն Բեգլարյանը: «ՀԲԸՄ-ի ծրագրերը օրինակ են ծառայել բազմաթիվ այլ կազմակերպությունների համար, հատկապես՝ կարողությունների զարգացման առումով»: Համաձայնություն ձեռք բերվեց, որ այս քննարկումները շարունակական կլինեն՝ միտված նորանոր նախաձեռնությունների մշակմանը, որոնք կօգնեն առերեսվել տարածաշրջանի ներկա իրավիճակին և ծառայել սեփական կյանքը ինքնուրույն վերակառուցող բազմաթիվ արցախցիներին:
Կարդացեք նաև
Երիտասարդ արհեստավարժների հետ ֆորումի ընթացքում Բեգլարյանը պատասխանեց բազում հարցերի: ՀԲԸՄ այցից առաջ նա հարյուրից ավելի հանդիպումներ էր ունեցել ԱՄՆ ողջ տարածքում, և նրա խոսքը լավատեսական էր՝ միաժամանակ ընդունելով այն դժվարությունները, որոնց Արցախը առերեսվում է այսօր, ինչպես նաև մատնանշելով համագործակցության և ներդրումների հնարավորությունները: Հոկտեմբերի 20-ին մեկնարկած իր շրջագայության ընթացքում նա հանդիպել է ավելի քան 1,500 մարդու՝ այցելելով Լոս Անջելես, Ֆրեզնո, Սան Ֆրանցիսկո, Վաշինգտոն (D.C.), Նյու Ջերսի և Նյու Յորք: Կապեր հաստատելով կոնգրեսի անդամների և հայ համայնքի առաջնորդների հետ՝ նրա առաքելությունն էր՝ նոր էջ բացել Արցախի դիվանագիտության մեջ: «Մեր առաջնային նպատակն է՝ ներկայացնել Արցախում տիրող իրավիճակը, մեր ներկա տեսլականները և ապագայի հետ կապված նպատակները, ինչպես նաև լսել, թե ինչ են ասում մեր համայնքները», – պարզաբանեց նա: «Մենք ուզում ենք լսել և իմանալ, թե ինչպես կարող ենք Սփյուռքի ներուժն առավել արդյունավետ ներգրավել և համատեղ ուժերով զարգացնել Արցախը»:
Ֆորումի վարող Նանա Շախնազարյանը երեկոն բնութագրեց՝ որպես Արցախը տեղաբնակի աչքերով տեսնելու հնարավորություն և լսարանին հորդորեց օգտվել այս բաց ֆորումի մտերմիկ մթնոլորտի ընձեռած հնարավորությունից: «Նախարար Բեգլարյանը մեզ հիշեցնում է, որ մենք նվաճված ժողովուրդ չենք, և որ նա մեզ մոտ եկել է ապագայի տեսլականով և Արցախը միասին շենացնելու կոչով», – ասաց նա:
Ֆորումը սկսվեց ռուս խաղաղապահների և ադրբեջանական ագրեսիայի առնչությամբ նրանց իրավասությունների վերաբերյալ հարցով՝ կապված վերջին օրերին հայ անզեն քաղաքացիական անձանց սպանությունների հետ: «Ռուս խաղաղապահների ներկայությունն Արցախում կայունության աղբյուր է: Քանի որ Ադրբեջանը դժգոհ էր տարածաշրջանում առկա ժողովրդագրական պատկերից՝ ակնկալելով, որ իր ռազմական արշավի հետևանքով մեծ թվով հայեր կարտագաղթեն, ադրբեջանցի զինծառայողները ակտիվորեն խաթարում և վարկաբեկում են ռուսական խաղաղապահ ջանքերը՝ հրահրելով արձագանք վերջիններիս կողմից», – պարզաբանեց Բեգլարյանը: «Մենք կառուցողական հարաբերություններ ունենք ռուս խաղաղապահների հետ, բայց քանի որ նրանք չունեն հրադադարի խախտումների դեպքերով քննություն վարելու պաշտոնական կարգավորումներ և իրավասություն, նրանք հաճախ փակուղում են հայտնվում»:
Նախքան Պետական նախարարի պաշտոնը ստանձնելը Բեգլարյանը ճանաչում էր ձեռք բերել որպես Արցախի Մարդու իրավունքների պաշտպան: Որպես Օմբուդսմեն, նա անդադար արձանագրել է պատերազմի ընթացքում և հրադադարին հաջորդած անկայուն ժամանակներում բնիկ հայերի դեմ գործադրված բազմաթիվ բռնաճնշումները: Շարունակելով մնալ որպես շահերի նվիրյալ պաշտպան՝ նա հստակ պատասխանեց հարցերի՝ կապված միջազգային հարթակներում արդարադատության հասնելու միջոցների և մինչ օրս Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների կարևորագույն խնդրի հետ: «Մենք թղթին ենք հանձնել այդ բռնաճնշումների մանրամասները, սակայն չենք կարողացել քննել կամ արձանագրել ադրբեջանական կողմի կատարած, մեր հաշվարկներով, հազարավոր հանցագործություններ», – նշեց նա:
«Քաղաքական գործիչների և մարդու իրավունքների ակտիվիստների կողմից բազմաթիվ հայտարարություններ են տարածվել, սակայն Ադրբեջանի վարքագծում որևէ փոփոխություն չի նկատվել, և ակնկալում ենք, որ այդ հայտարարությունները կունենան իրենց ներգործությունը»: Բեգլարյանը նաև նկարագրեց, թե Ադրբեջանի բռնապետական հայատյաց քաղաքականությունը ինչպես է ստեղծել մի իրավիճակ, որ անցումային արդարադատության կամ հաշտության որևէ փորձ անհնար է դարձել: Նա լսարանին կոչ արեց գործի դնել իրենց կապերը՝ մարդու իրավունքների շարունակական ոտնահարումների մասին իրազեկելու համար՝ վերահաստատելով, որ թեև այս գործերին ընթացք տալու հարցում Արցախի կառավարությունը մեծապես հենվում է Հայաստանի աջակցության վրա, Սփյուռքի աջակցությունը, ամեն դեպքում, ողջունելի է:
Հարցին, թե Սփյուռքը ինչպես կարող է լավագույնս օգնել Արցախին, նա նշեց, թե ազգաստեղծ գործունեության մեջ որքան կարևոր է կարողությունների զարգացումը, և թե ինչպես յուրաքանչյուր ոք կարող է ներդնել իր յուրօրինակ մասնագիտական փորձը՝ գիտելիքները տարածելու հնարավորություններ ընձեռելու գործում: «Ապրելով մեկուսացման մեջ և անվտանգային բնույթի շարունակական սպառնալիքների պայմաններում, դժվար է բաց մտածողություն դրսևորել և օգտվել ամենատարբեր հեռանկարներից», – ասաց նա: «Իրավիճակի հետ հաշվի նստելու մշակույթ ձևավորելու համար սփյուռքահայերը կարող են ներկայացնել իրենց տեսլականն ու աշխարհայացքը»: Նա առաջարկեց, որ Արցախում ցանկացած ոլորտ կարող է օգտվել դրանից, և որ կարողությունների զարգացումը առաջնահերթություն է երկրի համար, քանի որ այն կարող է անորոշությամբ լի տարածաշրջանին բերել կայուն զարգացում:
Ի լրումն ազատ առևտրի, տնտեսական հեռանկարների և բիզնեսի զարգացման վրա անվտանգային անցակետերի ազդեցության վերաբերյալ խնդրի, ինչպես նաև նրա, թե ինչ է արվում Արցախի պաշտպանության և անվտանգության համակարգերի ամրապնդման ուղղությամբ, Բեգլարյանը նաև պատասխանեց հարցերի՝ կապված Արցախ այցելության համար սահմանված անցագրային պահանջներին: Ներկայումս օտարերկրյա քաղաքացիները պետք է անձամբ հայտ ներկայացնեն Երևանում Արցախի դեսպանատուն, և, կարծեք թե, քչերին է հաջողվել առաջին փորձից ստանալ անցագիրը: Նա բացատրեց, որ շուտով կգործարկվի ավելի պարզ առցանց գործընթաց, որը ավելի մեծ հնարավորություններ կընձեռի Սփյուռքի այն ներկայացուցիչների համար, որոնք ցանկանում են այցելել տարածաշրջան և ներդրումներ կատարել:
Լսարանի հետ աշխույժ շփումների ժամանակ, որոնց ընթացքում անդրադարձ արվեց մեծ թվով հարցերի, սկսած արտագաղթից մինչև հակամարտության լրատվական լուսաբանում, Բեգլարյանը ներկայացրեց իր պատկերացմամբ Արցախի ապագայի հինգ հենասյուները. անվտանգություն, կայուն տնտեսական զարգացում, աճող ժողովրդագրական պատկեր, կրթություն և լավ կառավարում: «Մենք կարճաժամկետ լուծումներ չունենք», – վերահաստատեց նա: «Այդ հինգ հենասյուները կարող են ամուր հիմք ունենալ՝ հինգ հավասարապես կուռ մոտեցումների պայմաններում. ինքնավերլուծում, միասնություն, համառություն, ռազմավարական մտածողություն և ծառայելու պատրաստակամություն»:
Վերջին կետի հետ կապված նա պարզաբանեց հետևյալ կերպ. «Մենք պետք է հասկանանք, որ ցանկացած ազգ, և հատկապես մեր հայ ազգը, ունի մարդկությանը ծառայելու իր առաքելությունը: Մենք միայնակ չենք աշխարհում: Մենք արդեն իսկ շատ բան ենք տվել մարդկությանը, սակայն դեռ շատ բան կա, որ ոչ միայն պետք է ստանանք, այլև տանք: Մենք պետք է ձևավորենք այնպիսի ազգ, որը բոլորին հայտնի կլինի աշխարհին մատուցած ծառայություններով»:
Գլխավոր լուսանկարում՝ Վարող Նանա Շախնազարյանը, Մեծ Նյու Յորքի հայ համայնքի ՀԲԸՄ Երիտասարդ արհեստավարժների հետ անցկացվող բաց ֆորումի ժամանակ Նախարար Արտակ Բեգլարյանի հետ քննարկում է Արցախի ապագան:
Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ) սփյուռքի հնագույն, համաժողովրդական և համահայկական կազմակերպությունն է: Հիմնված լինելով 1906 թվականին՝ ՀԲԸՄ-ի գլխամասային գրասենյակը գտնվում է Նյու Յորքում: ՀԲԸՄ-ը կրթական, մշակութային և մարդասիրական ծրագրերի միջոցով պահպանում և զարգացնում է հայկական ինքնությունն ու ժառանգությունը՝ յուրաքանչյուր տարի ազդեցություն ունենալով աշխարհով մեկ սփռված շուրջ 500,000 հայերի կյանքի վրա:
ՀԲԸՄ-ի և իր աշխարհասփյուռ ծրագրերի մասին հավելյալ տեղեկություն ստանալու համար կարող եք այցելել՝ www.agbu.org:
ՀԲԸՄ