Լրահոս
Օրվա լրահոսը

«Անբարո հայտարարություն է: Ուզում եմ վարչապետին հիշեցնել, որ ամեն զինվորի համար պատասխանատու է անձամբ ինքը». Ժաննա Ալեքսանյան

Նոյեմբեր 18,2021 15:54

«Սա անմարդկային մոտեցում է: Ուզում եմ վարչապետին հիշեցնել, որ ամեն զինվորի համար պատասխանատու է անձամբ ինքը: Պետությունը պատասխանատվություն է կրում զինվորի կյանքի, առողջության և ամեն ինչի համար: Ուղղակի այս երկրում ոչ մեկը չի կրել պատասխանատվություն»,- «Մեդիա կենտրոնում» «Ինչու՞ են գերեվարվում մեր զինվորները. կատարու՞մ է պետությունն իր պարտավորությունները զինվորների հանդեպ» թեմայով քննարկման ժամանակ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին՝ կարծիք հայտնեց իրավապաշտպան, «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ նախագահ Ժաննա Ալեքսանյանը:

Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը ՀՀ ԱԺ ամբիոնից հայտարարեց՝ «Ժամանակն է, որ գերեվարման ամեն դեպքը պատշաճ հետաքննենք, որովհետեւ ամեն ծառայող ունի պարտականություններ եւ պետք է բոլոր դեպքերով հստակ․․․գուցե սխալ ենք վարվել զգացմունքային ֆոնի վրա։ Պետք է քննվի, թե ինչ է նշանակում գերի ընկնել, ի՞նչ հանգամանքներում»:

Ժաննա Ալեքսանյանը վրդովվեց. «Վարչապետը քննության մեխանիզմներին երևի տիրապետում է: Կարծում եմ՝ վարչապետը շատ բան ուներ պատասխանելու հանրությանը և ասելու, թե ինչ էր կատարվել այդ դիրքերում, ինչու են հանձնել, ինչո՞ւ են ադրբեջանցիները հարձակվել: Բայց դրա փոխարեն՝ փաստորեն նա սկսեց խոսել գերիների քննության մասին: Կարծում եմ՝ վարչապետը դիտավորյալ, մտածված նման հայտարարություն արեց՝ դրանով կոտրելով այն ընտանիքներին, որոնք իրենց բողոքի ձայնը պիտի բարձրացնեին: Սա սովետական մտածողություն է: Մեր իրավապահ մարմիններն էլ են այդպես մտածում: Զինվորի վրա սպանության փոխարեն՝ ինքնասպանության հոդված են դնում և ընտանիքին կոտրում»:

Ժաննա Ալեքսանյանը Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը անբարո համարեց ու նշեց՝ չէր էլ պատկերացնի, որ իշխանության ղեկավարը կարող էր նման հայտարարություն անել. «Ադրբեջանում խոշտանգում, սպանում են մեր գերիներին, ամենադաժան ձևով վարվում, փաստորեն դեռ պետք է գան, այստեղ էլ քննության ենթարկվեն ու պատասխանատվության կանչվեն»:

Նա հայտնեց՝ այցելել են զոհվածների, գերիների, վիրավորների 150 ընտանիքներ և տարբեր պատմություններ լսել, թե ինչ է կատարվել պատերազմում, ինչպես են հայտնվել գերության մեջ: Նա պատմեց. «Եղել ենք Մեծամորում բնակվող Արմեն Ստեփանյանի ընտանիքում: Նա գերի է ընկել պատերազմի հենց առաջին օրը, նա պայմանագրային զինծառայող է, նրանց տարել են սխալ ճանապարհով: Նրանք մոլորվել են և հայտնվել գերության մեջ, և ոչ միայն ինքը: Նա ութ ամիս եղել է գերության մեջ, ի՞նչ է արել պետությունը: Ուղղակի 72 ժամ հետո կտրել է նրա աշխատավարձը և ընտանիքը՝ երեք մանկահասակ երեխաներ, ծեր ծնողներ հայտնվել են անպաշտպան իրողության մեջ: Ութ ամիս մարդը, որը ենթարկվել է ամենատարբեր խոշտանգումների, նաև ընտանիքին եկել ու հայտնաբերել է այդ վիճակում: Զորամասի հրամանատարն ասել է՝ ՊՆ հրամանն է, ինչ ասել են, դա եմ արել: Սա է վերաբերմունքը գերիների նկատմամբ»:

Ժաննա Ալեքսանյանը նաև պատմեց՝ իրենց հետ հանդիպումների ժամանակ զինծառայողների հարազատները պատմել են նաև, որ 73 հոգու տարել են Հադրութ, երբ այն գրավված էր. 73-ին էլ այնտեղ գնդակահարել են, սպանել: Ավարտելով խոսքը Ժաննա Ալեքսանյանը վրդովվեց. «Ո՞վ է պատասխանատվություն կրել: Մի ծնող մեզ պատմել է՝ ինչպես էին զինվորներին տարել, թողել Շուշիի ճանապարհի վրա, և ինչպես էր իր տղան զանգում, ասում՝ հայրիկ, զանգել եմ, որ աղոթես ինձ համար. մահանում եմ: Հրամանատարները լքել էին այս զինվորներին: Այդ անձինք պետք է ենթարկվեն պատասխանատվության: Թե չէ ի՞նչ են նշանակում այն հայտարարությունները՝ ինչպե՞ս են հայտնվել գերության մեջ, ի՞նչ քննության մասին կարող է խոսք լինել»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա» կենտրոնի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930