Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրեն Պապիկյանի ազգականը` Գյումրու փոխքաղաքապետ․ նա խուսափեց լրագրողների հետ շփումից

Նոյեմբեր 18,2021 15:35

Այսօր Գյումրու ավագանու արտահերթ նիստի օրակարգային կարևոր հարցերից էր համայնքապետի երկու տեղակալների նշանակումը։

Ինչպես հայտնի է՝ «Բալասանյան դաշինք»-ի և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունների ստորագրած համաձայնագրով, Գյումրու երկու փոխքաղաքապետերը պետք է լինեն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից։

ՔՊ-ն առաջադրել էր երկու թեկնածուի, մեկն Արթուր Պապիկյանն է՝ ավագանու անդամ, իսկ մյուսը ՔՊ-ական Դավիթ Առուշանյանն է, որն ավագանու անդամ չէ, ըստ օրենքի՝ պարտադիր չէ լինի ավագանու կազմում։

Aravot.am-ը դեռ 10 օր առաջ գրել էր, որ ՔՊ-ն որոշել է այս երկու անձանց նշանակել՝ հղում տալով մեր աղբյուրներին։

Այսօր արդեն մեր մատնանշած անձինք հանդես եկան ավագանու անդամների առջև՝ ներկայացնելով իրենց ծրագրերը։

Արթուր Պապիկյան

Թեկնածուներից մեկը Արթուր Պապիկյանն է, ինչպես տեղեկացրել ենք՝ նա Պաշտպանության նորանշանակ նախարար Սուրեն Պապիկյանի ազգականն է։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ավագանու անդամ Լիլիթ Մուրադյանը Արթուր Պապիկյանին ներկայացնելիս տեղեկացրեց, որ նա 2002-2021 թվականներին աշխատել է Պաշտպանության նախարարության Գյումրու ռազմական ավիացիայում, եղել է բարեխիղճ աշխատող, պարգևատրվել բազմաթիվ շնորհակալագրերով, պատվոգրերով, ստացել է «Ծովակալ Իսակով»-ի անվան մեդալ։

2021 թվականից արձակվել է պահեստազոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է։

Արթուր Պապիկյանն իր խոսքում մեծ պատիվ համարեց լինել իր հարազատ քաղաքի առաջին փոխքաղաքապետը։

«Գաղտնիք չէ՝ նախորդ երեք տարվա ընթացքում կառավարության գործուն աջակցությամբ Գյումրիում տեղի են ունեցել լրջագույն վերափոխումներ, մասնավորապես Գյումրու ենթակառուցվածքների վերականգման գործում։ Դրա շնորհիվ Գյումրին դարձել է Հայաստանի զբոսաշրջային այցեքարտերից մեկը, որն էլ իր հերթին նպաստել է տնտեսական գործունեության տեսակների կտրուկ աճի։

Սակայն Գյումրու զարգացման պոտենցիալը միայն զբոսաշրջության ոլորտում չի սահմանափակվում, կառավարությունը ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ հիմա պատրաստակամ է էական ներդրումեր կատարել Գյումրու սոցիալական, տնտեսական, ենթակառուցվածքների բարելավման ուղղությամբ», -ասաց Արթուր Պապիկյանը։

Նա խոսեց Գյումրու «Բարեկամության» այգում, Սլաբոդկա թաղամասում կատարվող ներդրումների, քաղաքի սանիտարահիգիենիկ վիճակի հսկողության, տրանսպորտի աշխատանքի բարելավման, քաղաքաշինական նորմերի պահպանման, կանաչ տարածքների ավելացման մասին։

Բանախոսը որպես Գյումրու առաջնային խնդիր՝ մատնանշեց բնակիչների՝ ժամանակավոր կացարաններում դեռ բնակվելը, տասնյակ տարիներ անմխիթար վիճակում գտնվող երկրորդական փողոցները։

Նա վստահություն հայտնեց, որ միասնական աշխատանքի արդյունքում ու առաջնահերթությունների ճիշտ թիրախավորման դեպքում կունենան բնակիչներ կյանքի որակի բարելավում։

Ավագանու անդամներից մեկը հետաքրքրվեց, թե ի՞նչ կառավարման փորձ ունի, որ փոխքաղաքապետ են առաջադրում, վերջինս կարճ կապեց՝ ասելով, որ ինքը զինծառայող է եղել և չի կարող ներկայացնել։ Արթուր Պապիկյանը խոսելիս կաշկանդվեց, նրան օգնության հասավ քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը՝ հուշելով, որ մասնագիտական գաղտնիությունից ելնելով՝ չի կարող ներկայացնել իր կառավարման փորձի մասին։

Ավագանին ձայների մեծամասնությամբ հաստատեց նրան փոխքաղաքապետի պաշտոնում։ Դեմ քվեարկեցին «Զարթոնք»-ի ավագանու թեկնածուները, ՀՀԿ-ն ձեռնպահ մնաց։

Ի դեպ, ավագանու նիստից հետո լրատվամիջոցների մի քանի ներկայացուցիչներ ցանկություն հայտնեցին հարցազրույց վերցնել Արթուր Պապիկյանից։ Մենք մոտեցանք փոխքաղաքապետին․ վերջինս, սակայն դեռ պաշտոնյա չդարձած՝ կտրուկ մերժեց՝ ասելով․ «Հարգելիս, շատ զբաղված եմ, մյուս անգամ»։

Գյումրեցի լրագրողներից մեկը՝ ի պատասխան արագ հեռացող փոխքաղաքապետի՝ բացականչեց, որ շատ վատ է նման պատճառաբանությամբ առաջին օրով մամուլի հետ չշփվելը։

Ի դեպ, նկատենք, որ այս առումով հաճելիորեն զարմացնում է Գյումրու նորընտիր քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը, չկա այդպիսի ավագանու նիստ, որի ավարտից հետո քաղաքապետը չմոտենա լրատվամիջոցներին ու չհետաքրքրվի՝ ինձ հարցեր չունե՞ք։

 Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930