«Վարչապետի հայտարարությունը կամ դիրքորոշումը, որը ներկայացվել է ԱԺ-ում, աննախադեպ էր անպատասխանատվության առումով»,- «Մեդիա կենտրոնում» «Ինչո՞ւ են գերեվարվում մեր զինվորները. կատարո՞ւմ է պետությունն իր պարտավորությունները զինվորների հանդեպ» թեմայով քննարկման ընթացքում կարծիք հայտնեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին:
Ըստ նրա՝ սա պատասխանատվությունը, մեղքը զինվորների վրա գցելու ակնհայտ դրսևորում է: Սա նաև պատասխանատվությունից խուսափելու վարքագիծ է:
Արթուր Սաքունցը վստահ է՝ դրանք այն խոսքերը չեն, որոնք պետք է հնչեն ամենաբարձր մակարդակում մարդկանց հանդեպ, որոնք գտնվում են այնպիսի իրավիճակում, նկատի ունի գերության մեջ, երբ ամեն վայրկյան նրանց կյանքը, ֆիզիկական անձեռնմխելիությունը ոտնահարվում է. «Դա այն մոտեցումը չէ, որը պետք է ստանան գերության մեջ գտնվողների հարազատները, որոնք որևէ տեղեկություն այս պահին չունեն, թե որտեղ են գտնվում իրենց հարազատները, ինչ պայմաններում»:
Կարդացեք նաև
Արթուր Սաքունցի փաստմամբ՝ պետք է խոսքը գնար ավելի շուտ պետության կողմից ջանքերի ու քայլերի մասին այդ մարդկանց գերությունից վայրկյան առաջ ազատելու համար: Այսինքն՝ պետք է իշխանությունն ամենաբարձր մակարդակով հենց այդ պատասխանատվության գիտակցումով հանդես գա, ոչ թե մեղավորներ փնտրելու:
Արթուր Սաքունցի կարծիքով՝ դա անգամ անմարդկային վերաբերմունք էր: Որպես օրինակ նա բերեց, թե ինչպես են վերաբերվում մարդկանց հետ անգամ ՔԿՀ-ներում. «Նույնիսկ քրեակատարողական հիմնարկում, որին բավական ծանոթ է Նիկոլ Փաշինյանը, անկախ նրանից, թե մարդն ինչ հիմքով, մեղադրանքով է գտնվում, նրա նկատմամբ կա պատասխանատու վերաբերմունք: Ոչ թե պետք է կրկնակի պատժի ենթարկի մարդուն, այլ ապահովի նրա արժանապատվությունը»:
Ըստ Արթուր Սաքունցի՝ նման հայտարարություններն անմարդկային վերաբերմունք են ոչ միայն գերության մեջ գտնվողների, այլև նրանց հարազատների նկատմամբ: Այս առնչությամբ ասաց. «Էդ ի՞նչ բան է գերի չհանձնվողները հերոսներ են: Բառացիորեն մի քանի ամիս առաջ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր՝ մեր բոլոր գերիները հերոսներ են. մի քանի ամիս էլ կդիմանան: Հիմա ի՞նչ է փոխվել: Մարդկանց կյանքի, արյան վրա հերոսացումն ամենահակամարդկային մոտեցումն է: Զինվորական հրամանատարությանը պետք է կանչել ուղղակի, ուսադիրները պոկել: Նման բան չեմ հիշում արցախյան առաջին պատերազմի ժամանակ: Տարրական ապրումակցումը չկա, սա ձեռքերը լվալու միտում ունի, եթե պաշտոնատար անձի մոտեցման հիմքում ապրումակցումն ու պատասխանատվությունը չկա: Սա բարենպաստ ազդեցություն չի կարող ունենալ արդեն ծառայողների և ծառայության գնացողների վրա: Սա պատասխանատվության չկատարումն է, մարդուն՝ որպես զոհ դիտարկելու միտումն է, որը անթույլատրելի է»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ