Անհրաժեշտ է գիտակցել, որ այս պահին Հայաստանի Հանրապետությանն ուղղված սպառնալիքները միայն արտաքին չեն, դրանց զուգահեռ ունենք հավասարազոր ներքին սպառնալիքներ, առանց որոնց հաղթահարման չենք կարող պատասխանել արտաքին մարտահրավերներին։
Առաջնային ներքին սպառնալիք է ՀՀ իշխանությունը, որի վարած քաղաքականության հետևանքով․
- Հայաստանի Հանրապետությունն ու Արցախը վերածվել են գերտերությունների շահերի բախման տարածքի,
- անվտանգության երաշխավորման ռազմական բաղադրիչը փոխարինվել է իշխանության կողմից առաջ քաշված «խաղաղության օրակարգով», որը ենթադրում էր Ադրբեջանի և Թուրքիայի հետ հաշտեցման ու բարեկամացման քաղաքականություն,
- չի երաշխավորվում Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը,
- «խաղաղության օրակարգի» շրջանակներում 2020թ. նոյեմբերի 9-ից հետո չեն ձեռնարկվել բանակաշինության և դիրքերի ամրապնդման անհրաժեշտ նվազագույն միջոցներ,
- տապալվել են հանրային կառավարման գրեթե բոլոր ոլորտները։
Ներքին լրջագույն սպառնալիքներ են հասարակությունում և քաղաքական դերակատարների մոտ առկա քաղաքական միֆերը, մասնավորապես այն, որ
- Հայաստանի Հանրապետությունն ու Հայ ժողովուրդը այլևս դերակատարներ չեն և ամեն ինչ կանխորոշված է գերտերությունների կողմից։Իրականում յուրաքանչյուր պետություն և ժողովուրդ, թեկուզ սահմանափակ, սակայն էական և վճռորոշ ազդեցություն կարող է ունենալ իրեն անմիջականորեն առնչվող աշխարհաքաղաքական գործընթացներում։
- Հայաստանի Հանրապետությունը կարող է բերել տարածաշրջանին խաղաղություն:Իրականում այն պետությունը, որը չի կարողանում երաշխավորել նույնիսկ իր անվտանգությունն ու սեփական տարածքային ամբողջականությունը, երբեք չի կարող բերել խաղաղություն աշխարհի ամենախնդրահարույց տարածաշրջաններից մեկին։
- Որևէ այլ քաղաքական ուժ ավելին անել չէր կարող ստեղծված իրավիճակում։
Իրականում հնարավոր է շատ ավելին, եթե իշխանությունն ունի ազգային ինքնություն և դրանից բխող հստակ նպատակներ։
Կարդացեք նաև
Սպառնալիք են նաև բոլոր այն քաղաքական դերակատարները, որոնք Հայաստանի Հանրապետության փրկությունը պայմանավորում են միայն արտաքին դերակատարներով և առաջնորդվում են «հակա»-ի քաղաքականությամբ (հակառուսականություն, հակաարևմտականություն և այլն)։
Հաշվի առնելով նախկին իշխանությունների վերարտադրության անթույլատրելիությունը և քաղաքական դաշտում ինստիտուցիոնալացված կուսակցությունների բացակայությունը, որոնք կարող են ստանձնել այս բարդագույն իրավիճակում քաղաքական կառավարումը, որպես օպտիմալ լուծում կարող է լինել հակաճգնաժամային կառավարության ձևավորումը։
Իշխանությունը նվազագույն հանրային շահի գիտակցման պարագայում պետք է ներկայացնի հրաժարական, միաժամանակ ձևավորելով հակաճգնաժամային կառավարություն, որն էլ իր հերթին կերաշխավորի իշխանության անվտանգ հեռացումը։ Հակաճգնաժամային կառավարության մեջ համակարգային կերպով ներկայացված չեն լինի ներկա և նախկին իշխանությունները, փոխարենը այն կազմված կլինի ոլորտի պրոֆեսիոնալներից։
Իշխանության այս քայլերի չձեռնարկման պարագայում պետք է ձևավորվի հանրային պահանջ և տեղի ունենա հանրային մոբիլիզացիա։
«Ժողովրդավարական համախմբում» կուսակցության խորհուրդ